• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
11.05.2018 | 17:34

Լիբանանի խորհրդարանը լցված է «Հեզբոլլաhի» բարեկամներով. Ֆրանսահայ լրագրող

Մայիսի 6-ին Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ նրա արդյունքները շարունակվում են քննարկման նյութ մնալ: Լիբանանում վերջին անգամ խորհրդարանական ընտրություն է տեղի ունեցել ինը տարի առաջ՝ 2009-ին եւ երկար դադարից հետո անցկացված ընտրություններում երկրում քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել: Լիբանանի քաղաքական ուժերը, ընտրությունից առաջ երկար քննարկումների արդյունքում կարողացել են համաձայնության գալ ընտրական նոր օրինագծի շուրջ, որն այս ընտրություններին գործարկվել է առաջին անգամ: «Հայ Ձայն»-ի հետ զրույցում «Ֆրանս-24» միջազգային հեռուստակայանի աշխատակից Վան Մկրտիչյանը Լիբանանի նոր ընտրական օրենսգիրքը համարեց ժողովրդավարական, բայց նշեց, որ կային ուժեր, որոնք կարողացան շրջանցել օրենսգիրքը եւ ընտրություններին ստանալ իրենց ուզած արդյունքները: Քաղաքական իրադարձություններին հետեւող ֆրանսիական հեռուստակայանի աշխատակիցը «Հայ Ձայն»-ի հետ զրույցում նաեւ այլ տեսակետները հայտնեց.

 

 

-Ի՞նչ նկատառումներ կարող եք անել Լիբանանի ընտրություններից հետո, որի արդյունքում Խորհրդարան անցան նաեւ վեց հայ պատգամավորներ:

-Մոտավորապես տասը տարի հետո անցկացված այս ընտրություններին առաջինը նկատելի էր այն, որ երբ երկրում երկար ժամանակ ընտրություն չի լինում, այնքան ժողովուրդը կորցնում է հետաքրքրությունն այդ գործընթացի հանդեպ, պակաս կապ է ունենում ընտրության գաղափարի հետ: Մինչդեռ, որեւէ երկրի ժողովրդավարության ցուցանիշներից մեկը երկրում ընտրություններ անցկացնելն է: Նկատելի էր, որ ժողովուրդը հեռացել էր ընտրությունից, ավելի քիչ տրամադրվածություն ուներ մասնակցելու, եւ այդ էր պատճառը, որ ընտրողների թիվը 2009 թվականի համեմատ շատ ավելի քիչ էր:

 

-Ի՞նչ կարող եք ասել անկախ թեկնածուների հաջողության մասին: Այս անգամ նկատելի էր, որ մարդիկ հավատ ունեին ոչ միայն կուսակցականների, այլեւ՝ անկախ թեկնածուների հանդեպ:

-Ակնհայտ է, որ Լիբանանի կուսակցություններն անցնող տարիների ընթացքում սկսեցին կորցնել իրենց ընտրազանգվածը, դա դրսեւորվեց այս ընտրություններում, երբ նկատվեց անկախ թեկնածուների հանդեպ հետաքրքրությունը: Մարդիկ ավելի շատ նրանց էին նախընտրում, քան՝ կուսակցական գործիչներին: Հայազգի լրագրող Փոլա Յակուբյանն, օրինակ, ընտրվեց, իբրեւ անկախ թեկնածու: Դժվար է, իհարկե, որ Լիբանանում անկախ թեկնածուն հեշտությամբ ընտրվի, բայց, փաստորեն, ընտրվեց:

 

-Լիբանանցիներն ընտրության գնացին նոր ընտրական օրենսգրքով: Ի՞նչ տվեց նոր օրենսգիրքը:

-Անցյալ տարի ընդունված ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական դրույթներով օրենսգիրք է: Նոր ընտրական օրենքը թույլ տվեց, որ տարբեր շրջաններում բոլոր կուսակցությունները կարողանան իրենց ձայնը ինչ-որ ձեւով հասցնել: Առաջ, օրինակ, կարող էր որեւէ մեկ կուսակցություն որեւէ շրջանում բոլոր աթոռները վերցնել, բայց այս անգամ այդպես չեղավ, հնարավոր եղավ բաժանել աթոռները տարբեր կուսակցությունների միջեւ: Այդպես եղավ Մեթնում, Քեսըրվանում… սրանք հայտնի ու մեծ շրջաններն են, որտեղ աթոռները տարբեր կուսակցությունների միջեւ բաժանվեցին: Սակայն նաեւ եղան վայրեր, որտեղ օրենսգիրքը դեր չխաղաց: Այն շրջանները, որտեղ «Հեզբոլլահը» եւ «Ամալ» շարժումը իրենց մարդիկն ունեն, այդ շրջաններում նոր օրենքը շատ հարց չլուծեց, ականատես եղանք, որ նորից նրանք բոլոր աթոռները գրավեցին: «Հեզբոլլահը» թույլ չտվեց, որ իրենց շրջաններում ուրիշ թեկնածուներ ընտրվեն: Սրա պատճառը իհարկե ինքը՝ «Հեզբոլլալ» շարժումն է եւ նրանց կողմից որդեգրված այն ընտրական մշակույթի համակարգը, որը ստիպում է իրենց շրջանների ժողովրդին՝ կողմ քվեարկել իրենց. այնպես որ ով նրանց դեմ թեկնածու լինի, ընտրվելու շատ հույս չի ունենա եւ վտանգի կենթարկվի: Եվ այդ շրջաններում Սաադ Հարիրին եւ «Թայար Մուստաքբալը» աթոռներ կորցրին եւ «Հեզբոլլահին» հարող կուսակցությունները կարողացան այդ աթոռները վերցնել եւ միացնել իրենց: Սա «Հեզբոլլահին» մեծ ուժ տվեց: 2009-ին, եթե «14 Մարտի» կոալիցան ուներ 70-72 աթոռ, այս անգամվա ընտրությունների արդյունքները ճիշտ հակառակը եղան: Մոտավորապես այսօր «Հեզբոլլահն» ունի 70 աթոռ, որոնք չբաժանեցին այլ կուսակցությունների միջեւ: Այսօրվա Լիբանանի Խորհրդարանը լցված է «Հեզբոլլաhի» բարեկամներով եւ կուսակցություններով, որոնք հարում են նրան: Հարիրին խոստովանեց, որ իրենք թերացումներ են ունեցել եւ պետք է աշխատեն դրանք շտկելու ուղղությամբ: Հարիրին կարծում է, որ նախագահ Աունի կուսակցությունը դեպի իրենց մոտեցնելով «Հեզբոլլահի» քաղաքականությանը կարող է դեմ կանգնել: Նա կարծես թե այսպիսի նպատակ է որդեգրել, բայց չգիտեմ՝ կարո՞ղ է հաջողության հասնել իր այս նպատակում, թե՞ չէ:

Շատ տարօրինակ բաներ եղան Լիբանանի ընտրության օրը: Ընտրության գիշերը, օրինակ, «Հեզբոլլահ» կուսակցությունը, նրան հետեւող երիտասարդությունը հաղթանակից հետո հազարներով փողոցներ դուրս եկան, դրոշներով, մոտոցիկլետներով, աղմկեցին, գոռացին, գոչեցին, հայտարարելով, թե Բեյրութն Իրան եղավ, «շիա-կանացավ»: Սա մտահոգիչ հանգամանք է, ինչը արժանացավ շատերի քննադատությանը: Ինչո՞ւ նման բան արեցին, չգիտեմ, չէ՞ որ «Հեզբոլլահը» ուժեղ էր առանց այս ամենը անելու: Թերեւս ցանկացան այդ կերպ ցույց տալ, թե Լիբանանը «Հեզբոլլահի» տիրապետության տակ է գտնվում եւ երկրորդը՝ իմ կարծիքով արեցին, քանի որ «Հեզբոլլահն» այսօր զգում է, որ գեոպոլիտիկ առումով տարածաշրջանն իր դեմ է եւ դրա համար Լիբանանի չորս կողմը իրենց ուժը փորձեցին ցույց տալ:

Ընտրություններից ընդամենը մի քանի օր է անցել եւ առաջիկայում կտեսնենք, թե արդյո՞ք Սաադ Հարիրին ընդունելո՞ւ է այս ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, եւ նա արդյո՞ք պիտի վերադառնա եւ նորից վարչապետ լինի: Սպասենք զարգացումներին:

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /