• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
18.05.2018 | 16:03

Արդար Հայաստան կառուցելու ճանապարհին․․․

Տասն օր է անցել, ինչ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր վարչապետ։ Ըստ էության, հիմնականում կազմավորվել է կառավարությունը, սակայն գործադիր իշխանության վերջնական ձևավորումը դեռևս առջևում է։ Բավականին կարճ ժամանակահատված է ինչ-որ լուրջ դատողություններ անելու համար, և ես միանգամայն համաձայն եմ մեր հասարակության այն հատվածի հետ, որը պահանջում է ժամանակ տալ նոր կառավարությանը կյանքի կոչելու իր ծրագրերն ու մտահղացումները, առավել ևս, որ բուն ծրագրին մենք հնարավորություն կունենանք ծանոթանալու տառացիորեն մի քանի օրից։

Բնականաբար, յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից հայ մարդու, առավել ևս  Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և հայրենիքը լքելու մտադրություն չունեցող /սա անհրաժեշտ եմ համարում հատուկ ընդգծել/ միակ ցանկությունն է կառավարության աշխատանքը հաջողված տեսնել։ Այս առումով ցանկացած հիմնավորված առաջարկություն կամ կառուցողական քննադատություն չպետք է ընկալվի որպես խոչընդոտ, առավել ևս վերջին օրերին մոդայիկ դարձած սաբոտաժ։ Կառավարության կայանալու ճանապարհին լինելու են բազմաթիվ խոչընդոտներ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ հոգեբանական առումով սա անհրաժեշտ է գիտակցել և պատրաստ լինել դիմակայելու խնդիրներին։

Այսօր չէի ցանկանա մանրամասն անդրադառնալ նորանշանակ կառավարության անդամներին, չնայած, անկեղծ ասած, դրանց մի մասի նկատմամբ ունեմ շատ լուրջ վերապահումներ։ Ուղղակի հպանցիկ մի կարևոր միտք արտահայտեմ, որը միգուցե  դժվարությամբ ընկալվի մեր հասարակության մեծ մասի կողմից։ Տարիներ շարունակ մարդկանց մոտ ձևավորվել և կարծրացել են ուրույն և մեղմ ասած ոչ այնքան դրական պատկերացումներ պետական պաշտոնյայի մասին, որոնց, ցավոք սրտի, շատ բանով նպաստել են նախկին իշխանությունները՝ ի դեմս իրենց շրջապատի որոշ կարկառուն դեմքերի։

Իրականում պաշտոնյա լինելը, հատկապես գործադիր իշխանության միջին և ցածր օղակներում, որտեղ էլ մշակվում են ոլորտային պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ամենօրյա ծանր և պատասխանատու աշխատանք է, շատ դեպքերում չնորմավորված աշխատանքային ռեժիմով։  Այն պահանջում է ոչ միայն համապատասխան գիտելիքներ, այլև մեծ նվիրում և սեփական աշխատանքի կարևորության գիտակցում ու պատասխանատվության զգացում։ Ցանկացած լուրջ ոլորտային առաջարկություն, որը հավակնում է հետագայում դառնալ կառավարության որոշում, պետք է անցնի շատ լուրջ փորձագիտական բոլոր շահագրգիռ կառույցների, իսկ որոշ դեպքերում նաև հասարակության լայն շերտերի միջով։ Միայն այդ դեպքում մենք ապահովագրված կլինենք այնպիսի թյուրիմացություններից, որոնցից էր, օրինակ, նախորդ կառավարության՝ առողջապահության ոլորտում մեծ աղմուկ հանած վերջին որոշումը։

Ինչու՞ եմ այդ մասին հիմա խոսում։ Ես ամենևին այն կարծիքին չեմ, թե տեղի է ունեցել ամբողջական իշխանափոխություն։ Իրականում մենք գործ ունենք ընդամենը օրենսդիր և գործադիր իշխանությունների գաղափարական և կոնցեպտուալ տարանջատման հետ։ Այս հանգամանքը, մի կողմից լինելով շատ ողջունելի, միևնույն ժամանակ լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ։ Նախ, քանի որ Ազգային ժողովում մեծամասնությունը պահպանող հանրապետականները կարող են խնդիրներ ստեղծել գործադիրի նախաձեռնությունների համար։ Ի դեպ, նախկինների մի մասը դա չի էլ թաքցնում։

Մյուս վտանգը, որին կարծեք թե պատշաճ ուշադրություն չի դարձվում հետևյալն է այնպիսի տպավորություն է, որ կառավարության գործունեության համար հիմնական պատասխանատվությունը կրելու են Ելքը և Քաղաքացիական պայմանագիրը, և սա պայմանավորված է ոչ միայն ստացած պորտֆելների քանակով։ Եվ հատկապես այդ քաղաքական միավորումների կազմում են հիմնականում պետական կառավարման ոլորտի փորձ չունեցող երիտասարդները։ Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման գիտակցի սա և թույլ չտա նախկինների սխալները յուրաքանչյուր մտահղացում պետք է լինի լավ մտածված և կշռադատված, ակամա սխալներից, ինչպես նաև  «պոդստավկաներից» խուսափելու համար։

Եվ երրորդը վաղ առավոտյան հոդվածը նախապատրաստելիս համացանցում ծանոթանում էի վերջին իրադարձություններին և հանդիպեցի այսպիսի մի գլուխգործոցի՝ ֆեյսբուքյան գրառման տեսքով

«Եթե Նիկոլ Փաշինյանը Ձեզ համար տուն չի գնել, չի մարել Ձեր բոլոր վարկերն ու կոմունալները, չի գնել նոր սառնարան ու Smart TV, Ձեզ չի ուղարկել Եվրոպա հանգստանալու, չի բացել Ձեր պատուհանները, որ տունը հով լինի, ու չի քշել Ձեր տան ճանճերին, դա դեռ չի նշանակում, որ նա վատ վարչապետ է, ու ամեն բան զուր էր»:

Վարչապետի նման «պաշտպանները», կարծում եմ, ավելի շատ վնաս են հասցնում Նիկոլ Փաշինյանին այսօր նա վայելում է ժողովրդի գրեթե լիակատար վստահությունը և ընկալվում որպես պետական գործիչ, որը լծվել է առաջին հերթին երկրում արդարությունը վերականգնելու ծանր և պատասխանատու գործին։ Պետք է գիտակցել նաև, որ մեր ժողովուրդը իմաստուն է և լավ է հասկանում, որ բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի ու ամենևին կարիք չունի նման արհամարհական տոնով բացատրություններ ստանալու։  Իսկ վստահությունը պահպանելու համար անհրաժեշտ է թեկուզ և դանդաղ, բայց անշեղորեն իրականացնել հանրության համար տեսանելի փոփոխություններ՝ արդար Հայաստան կառուցելու ճանապարհին։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /