• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.05.2018 | 15:35

Մելքոնյան վարժարանի սաները տոնեցին շրջանավարտության 50-ամյակը (Լուսանկարներ)

Հայկական սփյուռքի ամենանշանավոր կրթօջախներից Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը թեև այժմ չի գործում, սակայն նրա համբավը մինչև օրս շարունակում է տարածվել հայության շրջանում շնորհիվ հաստատության սաների, որոնք իրենց կյանքի ընթացքում միշտ վառ են պահել հարազատ կրթօճախի մասին հուշերն ու տպավորությունները:

Մելքոնյան կրթական հաստատությունը պաշտոնապես բացվել է 1926թ.-ին Կիպրոսում, Գրիգոր և Կարապետ Մելքոնյան եղբայրների իշխանական նվիրատվության շնորհիվ: Եղբայրները ցանկացել են դպրոց հիմնել, որպեսզի կարողանան աշխարհի 4 կողմերից՝ սկզբնական շրջանում հայ որբերին կրթություն տալ:

Ցավոք, իր հիմնադրման 80-ամյակի շեմին Մելքոնյան կրթական հաստատությունը ինչ-ինչ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը:

Վարժարանի 1968թ.-ի շրջանավարտները նախօրեին Երևանում էին, իսկ մայր հայրենիքում մեկտեղվելու գլխավոր պատճառը իրենց շրջանավարտության 50-ամյակը տոնելն էր: Աշխարհի տարբեր կետերից Երևան ժամանած մելքոնյանցիները տոնակատարություն էին կազմակերպել՝ նշանավորելու համար իրենց 50-ամյա բարեկամությունը, հիշելու, վերապրելու ուսանողական տարիները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց 1968թ.-ի Մելքոնյանի շրջանավարտներից Գևորգ Մարաշլյանը, վարժարանի այդ տարվա շրջանավարտներն այժմ իրենց նվիրատվությունն են հատկացնում Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան 2-րդ հիմնական դպրոցին, ժամանակին Մելքոնյան վարժարանին նվիրատվություն կատարելու փոխարեն:

«Այցելեցինք Մասիս քաղաքի դպրոց: Այցելության ընթացքում աշակերտները (դպրոցը ունի 900 աշակերտ) մելքոնյանցիներիս համար կատարեցին Մելքոնյան վարժարանի քայլերգը, ինչը, անշուշտ, շատ հուզեց բոլորիս:  Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ՝ քննարկելու Մելքոնյան կրթական համալիրի հարցը»:

Մելքոնյանի մասին ունեցած տպավորություններով մեզ հետ կիսվեց նաև վարժարանի երբեմնի սան (1953-59թթ.), հետագայում այնտեղ ուսուցչական գործունեություն ծավալած (1966-75թթ.) Վարդան Թաշչյանը:

«Մելքոնյանը բարձր կրթական մակարդակ ուներ, ուսանողները առանց լուրջ դժվարությունների կարողանում էին իրենց ուսումը շարունակել աշխարհի նշանավոր համալսարաններում»,- նշում է Մելքոնյանի նախկին ուսուցիչը:

Վարժարանը, ըստ պարոն Թաշչյանի, միայն ուսումնական կենտրոն չէր, այլև մշակութային օջախ, ուսանողների կյանքը լեցուն էր նաև գրական-գեղարվեստական, երաժշտական, թատերական միջոցառումներով: Գործում էին թատերախումբ, նվագախումբ, երգչախումբ, որոնք ճոխացնում էին վարժարանի ներքին կյանքը: Կազմակերպվող ներկայացումներին, միջոցառումներին անհամբերությամբ էին սպասում նաև կիպրահայ գաղութի ներկայացուցիչները. Մելքոնյանը ճոխացնում էր գաղութի կյանքը ևս:

«1968թ.-ի շրջանավատները այսօր կազմակերպել են այս հավաքույթը՝ տոնելու համար իրենց շրջանավարտության 50-ամյակը: Սա պատմական հանդիպում է… Մելքոնյանի նախկին սաները իրենց մեջ պահպանել են սերը, հարգանքը, հավատարմությունը, մանավանդ Մելքոնյան եղբայրների հանդեպ, որոնց շնորհիվ 100-ավոր հայ երիտասարդներ հնարավորություն ստացան հայեցի կրթություն ստանալ և հետագայում հարյուրապատիկով վերադարձնել այն բարիքը, որը ստացել են Մելքոնյան կրթական հաստատությունում»,- ընդգծում է Վարդան Թաշչյանը:   

Խոսելով կրթօջախի գործունեության դադարեցման մասին՝ մեր զրուցակիցը ցավով նշեց. «Ամեն օր անցնում են վարժարանի մոտով և տեսնում այն փակ վիճակում. դա ինձ համար իսկապես շատ ցավալի է: Կիպրոսում անգամ հույներն են զարմանում ու ցավ ապրում, թե ինչպես կարելի է նման հաստատությունը փակել: Հույները ևս Մելքոնյանը ընկալում էին որպես Կիպրոսի մշակութային հարստություն…»:

Մելքոնյանի վարժարանի նախկին սաններից և այնտեղ 8 տարի պաշտոնավարած հրապարակախոս Վարդգես Գուրույանն էլ նշում է. «Մելքոնյանը արևմտահայերենի ամենակարևոր ամրոցն էր, որը, դժբախտաբար, փակվեց: Մելքոնյանի աշակերտները դպրոց չէին գալիս միայն ուսում առնելու, այն գիշերօթիկ էր, ինչի արդյունքում աշակերտները եղբայրանում էին միմյանց հետ: Վարժարանում հայագիտական առարկաների, հայկական մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն կար: Այդ պատճառով է, որ Մելքոնյանի շրջանավարտները հայությամբ լեցուն էին ավարտում այն»:

Գուրույանը մեծ ցավով է խոսում դպրոցի փակվելու հանգամանքի մասին՝ նշելով, որ այդպիսով ինչ-որ կերպ վերջ տրվեց արևմտահայերենին, արևմտահայերենը ուժեղ հարված ստացավ: Մելքոնյանի ոգին այլ դպրոցներ չեն կարողանում փոխանցել:

«Մենք մեզ ինչ-որ կերպ որբ ենք զգում, քանի որ այժմ մեր դպրոցը չկա, չի գործում»:

Մելքոնյան վարժարանի շրջանավարտների հոբելյանական հավաքույթը մեկնարկեց Մելքոնյան կրթական հաստատության քայլերգի հոտնկայս կատարմամբ, որին հաջորդեց հավաքույթի կազմակերպիչներից Արա Գուլյանի բացման խոսքը, ով Հայաստան էր ժամանել Կանադայից: Վերջինս ողջույնի իր խոսքը հղեց իր դասընկերներին:

Հավաքույթի ընթացքում ելույթ ունեցան նաև շրջանավարտներից մի քանիսը՝ ներկաների հետ կիսվելով իրենց հիշողություններով, ուսանողական կյանքի մասին հետաքրքիր ու հիշարժան պատմություններով, հայրենի կրթօճախի մասին իրենց շնորհակալական խոսքով: Բյուզանդ Աքբաշյանը, օրինակ, իր ելույթը համեմեց արևմտահայ պոեզիայի գագաթներից Սիամանթոյի, Վարուժանի, Մեծարենցի, Դուրյանի և այլոց ստեղծագործություններից հատվածներ ասմունքելով:

Երեկոյի ընթացքում պատվեցին Մելքոնյանի ուսուցիչներից Վարդան Թաշչյանին՝ վարժարանի պատմության մեջ ունեցած ուրույն դերի և մանկավարժական վաստակի համար, ինչպես նաև սաներից Երանուհի Ղազարյանին, ով ապահովում է մամուլի և իր դասընկերների կապը՝ նրանց տրամադրելով իրենց կրթօջախի մասին մամուլում առկա հրապարակումները: Վերջիններիս հանձնվեցին խորհրդանշական պարգևներ:   

Միջոցառման ավարտին փոքրիկ տեսաֆիլմ ներկայացվեց, որի հեղինակը Արա Գուլյանն էր: Ֆիլմը լուսանկարների միջոցով ներկայացնում էր իրենց դասարանի առօրյան Մելքոնյան վարժարանում՝ ներկաների սրտերում վերակենդանացնելով անցյալի պայծառ օրերի հիշողությունները:

 

 

 

 

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /