• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.05.2018 | 12:02

Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով

Մայիսի 22-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում սկսվեց ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցաբար կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներից, տարբեր գիտական, կրթական հաստատություններից:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնության խոսքը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Այս տարին ազգային և հայրենական մեր կյանքում նշանավորված է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակով: Պատմական այդ իրադարձություններին կարևոր անդրադարձ է «Հայաստանի առաջին Հանրապետության և Հայ Եկեղեցու ու հոգևորականության դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով սույն գիտաժողովը, որ կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ու Սփյուռքի նախարարության համատեղ ջանքերով: Գոհունակ սրտով ողջունում ենք մասնակցությունը գիտաժողովին Սփյուռքի նախարար տիար Մխիթար Հայրապետյանի՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ:

Մենք գնահատում ենք, որ գիտաժողովում կարևորվում է մեր Սուբ Եկեղեցու ծառայությունը հայրենի պետականության վերականգնման ու ամրապնդման նվիրական առաքելության մեջ: Մեր Եկեղեցին պետականության բացակայության երկարաձիգ դարերում անթիվ փորձությունների մեջ առաջնորդել է իր բանավոր հոտը՝ միշտ ջահակիրն ու կենսագործողը լինելով հայրենյաց անկախության վերահաստատման գաղափարի և աղոթելով, որ Աստված մեր ժողովրդին ազատություն պարգևի՝ խաղաղ ու ապահով իր կյանքը կերտելու և հավատքով ու քրիստոնեական արժեքներով ապրելու:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա նշանակալի հոբելյանը մեր կյանքում բարձրացնում է վերհուշը նախորդ դարի բարդ ու դժվարին մի ժամանակաշրջանի, երբ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց իր գոյության և ազատ ու անկախ կյանքի իրավունքը ու մեծ զոհողությունների գնով վերականգնեց անկախ պետականությունը: Մայիսյան մարտերը հաղթական վկայությունը եղան հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի սիրո, համախմբվածության ու միասնականության՝ այդ ոգին մեր ժողովրդի մեջ ապրեցնելով իբրև զորություն պետականության կերտման ու հետագա տասնամյակներում ծառացած ահռելի դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Եվ ինչպես մայիսյան հերոսամարտերում, այնպես և Արցախի ազատագրության և հայրենիքի պաշտպանության նորօրյա մաքառումներում մեր Սուրբ Եկեղեցին օրհնում է արդար պայքարը մեր ժողովրդի և զինվորների կողքին կանգնած հոգևորականներով կրթում ու ոգեշնչում հավատքով հայրենյաց սահմանների պաշտպաններին: Այսօր էլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները մեր եկեղեցիներում Աստծո օրհնությանն ու շնորհներին արժանանալով, հոգևոր սպասավորների քարոզչությամբ ու քաջալերությամբ զորանում են նաև հայրենասիրության ու ազգանվիրումի մեջ, ամրապնդում իրենց պատրաստակամությունը՝ աստվածահաճո գործերով, յուրաքանչյուրն իր ծառայությամբ ու հանձնառությամբ նպաստ բերելու մեր պետականության պայծառությանը, հայրենի երկրի բարգավաճմանն ու բարեշինությանը: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանը հրավեր է աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ ամենայն նախանձախնդրությամբ հոգալու հայրենի մեր երկրի առաջընթացի ու զարթոնքի և համայն ազգային մեր կյանքի բարօրության ու առաջադիմության համար` հանուն հայրենյաց հզորության, մեր ներկայի ու լուսավոր գալիքի:

Մաղթում ենք, որ արդյունավոր ընթացք ունենա գիտաժողովը և կարևոր ավանդ բերի վերջին հարյուրամյակի մեր պատմության գնահատման ու լուսաբանման գործում և ոգեշնչի մեր ժողովրդի զավակներին նոր արարումների՝ ի շինություն հայրենի մեր երկրի:

Աղոթքով առ Բարձրյալն Աստված հայցում ենք, որ խաղաղ երկնքի ներքո պահի մեր հայրենիքը, Իր Սուրբ Աջի խնամքի ներքո պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և առաջնորդի միշտ դեպի ապահով ու բարօր և ուրախաբեր հանգրվաններ»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով նախ Սփյուռքի կառույցների ու կազմակերպությունների, հայկական համայնքների, անհատ գործիչների հետ նախարարության կողմից տարվելիք ամենօրյա հետևողական և հեռանկարային աշխատանքին: Խոսելով հայրենապահպանության և հայրենադարձության գործում Մայր Աթոռի և Սփյուռքի հետ տարվող համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին` պրն. Հայրապետյանն ի մասնավորի նշեց. «Համահայկական այս տարողության հարցերում իր կարևոր դերակատարությունն ունի հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը բազմադարյա իր գործունեության ընթացքում ոչ միայն ապավեն է եղել հայ ժողովրդին, այլ հայոց պետականության բացակայության պայմաններում սատար է կանգնել օտար տիրապետությունների ներքո մաքառող հայ ժողովրդին: Այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է իր ազգապահպան գործունեությունը՝ թե՛ Մայր Հայրենիքում և թե՛ Սփյուռքում, որի առանցքում անառարկելի հրամայականներն են հզոր Հայաստան, ապահով Արցախ և կազմակերպված Սփյուռք ունենալու տեսլականը:

Այս անվիճելի արժեքներն են, որոնք դրված են յուրաքանչյուրիս գործունեության հիմքում, և ազգային այս վեհ նպատակներին հասնելու համար հայ ժողովուրդն ի զորու է դրսևորել իր լավագույն որակներն ու արժանիքները», - ասաց ՀՀ Սփյուռքի նախարարը:

Բացման արարողությունից հետո գիտաժողովը շարունակեց իր աշխատանքը :

Գիտաժողովի շրջանակներում, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվեց թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով:

Հանրության ուշադրությանը ներկայացվեցին 1918-1920 թթ. Ս. Էջմիածնում (Վաղարշապատում) տպագրված գրքերը և նշյալ թվականներին վերաբերող ուսումնասիրություններն ու արխիվային ժողովածուները:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /