• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
23.05.2018 | 13:35

Հավատացնում եմ, ժամանակավրեպ չէ հորդորս․․․

Մինչ օրս գերմանական լեզվաբաններն ու պատմաբանները չեն կարողանում ընդհանուր կարծիքի գալ, թե ո՞վ և ե՞րբ է առաջինը օգտագործել այն հանրահայտ արտահայտությունը, որի համահեղինակներ են համարվում Գյոթեն, Բիսմարկը, Թոմաս Մաննը և այլ հայտնիներ։ Տարիներ առաջ բուհերում մարքս-լենինյան փիլիսոփայություն ուսանած իմ սերնդակիցների մեծ մասը համոզված է, որ այդ խոսքերը պատկանում են համայնավար-փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախին և հասցեագրված են եղել իր գործընկեր և գաղափարական թշնամի Հեգելին՝ ընդգծելու համար նրա փիլիսոփայության իդեալիստական բնույթը։ Ոմանք էլ այն կարծիքին են, որ գերմաներեն «Das Kind mit dem Bade ausschutten» արտահայտությունը պատկանում է 15-16 դարերի գերմանացի կրոնական բարեփոխիչ, Աստվածաշնչի գերմաներենով առաջին թարգմանիչ, բողոքականության հիմնադիր Մարտին Լյութերին (խնդրում եմ չշփոթել 20-րդ դարի ԱՄՆ քաղաքական գործիչ, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, դավադրաբար սպանված Մարտին Լյութեր Քինգի հետ)։ Եվ վերջապես, կա ևս մեկ վարկած, ըստ որի պարզվում է, որ այս արտահայտության ամենահավանական հեղինակը 16-րդ դարի գերմանացի գրող Թոմաս Մուրներն է, իսկ մյուսներն արդեն ուղղակի կրկնել են նրան։ «Das kindt mit dem bad v? schitten»՝ այդպես էր կոչվում  Մուրների  երգիծական չափածո վեպերից մեկի (անվանումը չեմ հիշատակի՝ թյուրըմբռնումից խուսափելու համար) 81-րդ գլուխը։ Իսկ վեպի հիմնական իմաստն այն էր, որ մարդիկ, ձգտելով ազատվել իրենց շրջապատող բացասականից, ձեռքի հետ ոչնչացրին այն ամենն, ինչ ունեին։

Բնականաբար, խոսքը  «երեխային կեղտաջրի հետ միասին դեն նետելու» մասին է։ Այս արտահայտությունը ևս մեկ անգամ վերհիշեցի վերջին օրերին նախկին և ներկա պաշտոնյաների կողմից նախաձեռնած և հանրային լայն շրջանականերում ծավալված ազգ-բանակ գաղափարի շուրջ հանրային քննարկումների առնչությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ որոշ շրջանակների կողմից կազմակերպվող արշավի, հայի տեսակին ոչ այնքան հարիր գաղափարներ կրող խմբերի լուրջ ակտիվացման և մի շարք այլ, իմ կարծիքով վտանգավոր երևույթների հետ կապված։ Սակայն, մինչ դրանց անցնելը, ցանկանում եմ ավելի հետ գնալ։

Խորհրդային միության և սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո առաջացած նորանկախ պետություններում տարիներ առաջ սկսվեց մի գործընթաց, որը շարունակվում է մինչ օրս և չի շրջանցել նաև Հայաստանը։ Ինքնամաքրման մոլուցքով տարված՝ մարդիկ սկսեցին հիմնահատակ քար ու քանդ անել նաև տասնամյակների ընթացքում ստեղծած նյութական և բարոյական արժեքները։ Օրինակնե՞ր։ Ինչքան կուզեք։

Դեռևս անկախության առաջին տարիներին ոգևորված քանդեցինք պլանային տնտեսությունը՝ համարելով դա տիպիկ համայնավարական երևույթ, իսկ այսօր այն հաջողությամբ օգտագործում են ոչ միայն կիսահամայնավարական Չինաստանը, այլ նաև աշխարհում լավագույն տնտեսություններից մեկն ունեցող Ճապոնիան և հարավարևելյան մի շարք այլ հաջողակ պետություններ։ Մենք հիմնահատակ ավերեցինք կրթական համակարգը, առաջին հերթին՝ հանրակրթությունը, որն իրավացիորեն աշխարհում լավագույններից էր համարվում, իսկ այսօր ակնածանքով բերում ենք Ֆինլանդիայի օրինակը, որը գրեթե կրկնում է այն, ինչ ունեինք ժամանակին մենք։ Մենք հանկարծ որոշեցինք, որ մեզ պետք չեն գործարաններ և բռունցքներս վեր բարձրացրած ջախջախեցինք խոշոր արդյունաբերությունը, իսկ տարիներ անց զարմանքով պարզեցինք, որ միայն հանքանյութի արտահանմամբ, տոմատի մածուկով և «Ջերմուկով» տնտեսություն չես զարգացնի։ Ինչևէ, այս շարքը կարելի է շարունակել և շարունակել։

Հիմա մեկ կարևոր դիտողություն ես ասում եմ ՄԵՆՔ, որովհետև սա արեցինք բոլորս միասին ոգևորության, անսահման հավատի ալիքի վրա, առավել ևս, որ առաջին պլանում Արցախի անկախության համար մղվող ծանր պայքարն էր, որը բոլորիս ջանքերով պսակվեց հաջողությամբ։ Եվ այդ բարդ ու որոշիչ տարիներին, մեղմ ասած,  այնքան էլ շատ չէին մարդիկ, որոնք քննադատում էին այն ժամանակաշրջանի իշխանություններին, քննադատում էին ոչ թե շահադիտական մղումներից ելնելով, այլ որովհետև նրանցից ոչ պակաս էին սիրում իրենց երկիրը։ Իսկ այդ քչերին, որոնց մի մասին դրդեցին ընդմիշտ լքել Հայրենիքը, անվանում էին խորհրդային վերապրուկներ և դավաճաններ։ Սա՝ իմիջիայլոց։ Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին։

Այսօր մարդկությունն ընդհանրապես, և մենք՝ հայերս, մասնավորապես, ապրում ենք մի հետաքրքիր, բայց բարդ դարաշրջանում, որի հիմնական կարգախոսներից մեկն է, անկախ նրանից, այն մեր սրտով է, թե ոչ, «կեցցե՛ գլոբալիզացիան»։ Պարունակելով բավականաչափ դրական տարրեր՝ այս երևույթն իր մեջ կրում է նաև բազմաթիվ վտանգներ, հատկապես՝ համաշխարհային չափանիշներով փոքր պետությունների և ոչ մեծաքանակ ազգերի համար։ Սա մի բարդ ու ծավալուն թեմա է, որին առիթ կգտնեմ անդրադառնալ առաջիկայում։ Իսկ հիմա պարզապես նշեմ, որ ցանկացած բարեփոխում նախաձեռնելիս մեր փոքրիկ, բայց հավակնոտ ու հպարտ Հայաստանի ներկա և ապագա իշխանությունները չպետք է կրկնեն նախկինների սխալները և  չառաջնորդվեն միայն «նոր ավելը նոր ձևով է ավլում» կարգախոսով։

Բոլորս էլ երկու ձեռքով կողմ ենք կաշառակերությունը արմատախիլ անելուն և բոլոր խոշոր և մանր թալանչիներին պատժելուն, մարդկանց բարեկեցությունը բարձրացնելուն, երկրում բարոյական մթնոլորտը բարելավելուն, արդարության վերականգնմանը։ Բայց եկեք դրա հետ մեկտեղ չքանդենք այն հիմքերը, որոնք հազարամյակներ շարունակ հային հայ են պահել՝ քրիստոնեական հավատը, ընտանեկան արժեքները, հայրենասիրության պաշտամունքը։ Հավատացնում եմ, ժամանակավրեպ չէ հորդորս․․․

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /