• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
25.05.2018 | 13:01

Որտե՞ղ փնտրել սաբոտաժի ակունքները

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտ ներգործեցին ոչ միայն թարմ ուժեր, այլև նոր բառեր և արտահայտություններ։ Վարչապետ Փաշինյանի թեթև ձեռքով հայաստանցիներից շատերի բառապաշարը հարստացրեցին, օրինակ,  «վենդետան» ու «սաբոտաժը»։ Այդ բառերն ամենատարբեր առիթներով արտաբերում են քաղաքական նախկին և ներկա գործիչները, իսկ սոցիալական ցանցերում ծավալվող թեժ քննարկումներում նշված իտալա-ֆրանսիական ծագումնաբանություն ունեցող բառային զույգը, թերևս, այս օրերին մրցակիցներ չունի։

Փառք Աստծո, տաքարյուն կորսիկացիների կողմից «արտոնագրված» արյան վրեժը Հայաստանին չի սպառնում՝ այլ են մեր ազգային նկարագիրն ու մարդկային որակները։ Նույնը, սակայն, չի կարելի ասել սաբոտաժի մասին։ Ի դեպ, սաբոտաժը կարող է լինել բացահայտ և քողարկված և երկու դեպքերն էլ ակնհայտորեն նկատվում են հայաստանյան առօրյայում։ «Փայտյա կոշիկների շրխկոցի ձայնը» պարզորոշ գալիս էր, ասենք քաղաքապետարանի մատույցներից կամ հանքարդյունաբերության ոլորտին առնչվող բողոքի տարբեր միջոցառումներից։ Այստեղ առանձնապես զարմանալի բան չկար բոլորի համար հասկանալի է, որ հանրապետական կուսակցության վերջին լրջագույն բաստիոններից մեկը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, վաղ թե ուշ պետք է գրավվի, և սաբոտաժ հիշեցնող բողոքի գործողությունների հիմնական նպատակը դա է։ Գաղտնիք չէ նաև այն, որ Հայաստանում միշտ էլ ուժեղ է եղել էկոլոգիական շարժումը, և մեր օրերին իրականացվող հերթական գործողությունների մեջ դժվար է թաքնված իմաստ գտնել։ Այլ բան է խուլ հակամարտությունը, որը մեծավ մասամբ անտեսանելի է ու ցուցաբերեում է միայն սառցաժայռի փոքր՝ վերին հատվածը, ինչը շատ դեպքերում կարող է պարզապես տեսիլք լինել։

Ինչևէ, նույնիսկ խիստ քաղաքականացված իրադարձությունները շատ դեպքերում համեմված են հայկական կոլորիտով, երբ, ասենք, բողոքի ակցիան ավարտվում է նրա մասնակիցների և երկրի նախագահի՝ հայկական քոչարիի համատեղ կատարմամբ։ Հիրավի, մերն ուրիշ է, և կարծում եմ՝ մենք արդեն բավականին ասելիք ունենք համաշխարհային զանազան արտոնագրեր տրամադրող կազմակերպություններին։

Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Ե՛վ թավշյա հեղափոխության օրերն, և՛ արդեն իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում էին, որ իրենց գործողությունները լինելու են թափանցիկ և պարզ, ու կարծեք թե, մինչ օրս, հիմնականում այդպես էլ կա։ Ավելին, նույնիսկ նոր նշանակումները, որոնք շատ դեպքերում դժվարությամբ էին ընկալվում հանրության կողմից, անցան անցնցում, նաև  մինչ օրս չեն եղել գործնական «կուլակաթափության» դեպքեր, չնայած բարձրաստիճան իրավասու պաշտոնյաների շուրթերով հնչեցրած մի շարք կարևոր նախազգուշական ակնարկներին և հայտարարություններին։

Այս պարագայում ո՞ւմ էին ուղղված վարչապետի մեղադրանքները՝ սաբոտաժ իրականացնելու վերաբերյալ, և ինչո՞ւ նա գերադասեց առայժմ հստակ չնշել հասցեատերերին։ Ո՞վ է այսօր Հայաստանում շահագրգռված կառավարության գործունեության տապալման մեջ։

Հասկանալի է, որ հասցեատերերին պետք է առաջին հերթին փնտրել մեր երկրի քաղաքական (արդյո՞ք միայն քաղաքական) ուժերի մեջ։ Ամենատրամաբանականն է սլաքը միանգամից ուղղել Հանրապետական կուսակցության կողմը, սակայն ես չէի շտապի այդպես վարվել։ Գործադիրի լուրջ ձախողման պարագայում անխուսափելի իրողություն կդառնան նոր խորհրդարանական ընտրությունները։ Եկեք անկեղծ լինենք նույնիսկ հանրապետականին աջակցող ամենամեծ լավատեսները չեն հավատում, որ այս կուսակցությունը մոտ ապագայում, այսինքն՝ արտահերթ ընտրությունների դեպքում կհաղթահարի ընտրական շեմը, էլ չեմ ասում խորհրդարանում մեծամասնություն կազմելու մասին, ինչն այսօր, փաստացի առկա է։ Եվ նույնիսկ անխուսափելի տրոհումները մոտ ապագյում հանրապետականներին չեն խանգարի իրենց վստահ զգալ գործադիր և օրենսդիր իշխանությունների փաստացի տարանջատման պայմաններում։

Դժվար է նաև պատկերացնել, որ գործադիրի ձախողումը դիվիդենդներ կարող է բերել կառավարությունում լայնորեն ներկայացված ԲՀԿ-ին և ավելի նվազ քանակությամբ, սակայն տարիներ շարունակ ձևավորված իր փաստացի հնարավորությունների շրջանակներում մասնակցող Դաշնակցությանը։ Ի դեպ, իր գործունեության ամբողջ շրջանում ԲՀԿ-ն փայլուն կերպով ապացուցում է, որ կարողանում է սպասել։ Հավատացեք, սա մեծ արժանիք է։ Չեմ կարծում նաև, որ հնարավոր արտահերթ ընտրությունները կարձանագրեն այսօր ոչ այնքան ազդեցիկ կուսակցությունների վարկանիշի կտրուկ աճ, որը նրանցից շատերին հնարավորություն կտա հաղթանակած մտնել Ազգային ժողով։ Բացառությամբ, թերևս․․․ սակայն ոչ, եկեք չշտապենք։ Շատ մշուշոտ են արշալույսները Հայաստանի քաղաքական կյանքում ու  միակ բանը, որն ակնհայտ է այսօր՝ Փաշինյանը նախազգուշացնում է ինչ-որ ուժերի և հասկացնում, որ դեռևս անուններ տալու մտադրություն չունի։ Դեռևս․․․

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /