• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը, Հայաստան
27.05.2018 | 13:01

Այսօր կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

«Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից․․․»

Արմեն Ջիգարխանյան

 

 

Իր դարի «կենսագիրը» համարվող Ֆրունզե Դովլաթանը ծնվել է 1927թ․-ի մայիսի 27-ին Գավառ քաղաքում՝ Վաղինակ Դովլաթյանի ընտանիքում, ով այդ շրջանում քրոջ հետ միասին սիրողական ներկայացումներ էր բեմադրում Գավառի թատրոնում։ Շուտով, սակայն, Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, իսկ Ֆրունզեն ընդունվեց Մ․Գորկու անվան դպրոց։ Դեռ դպրոցն էլ չավարտած տարիքից՝ 14 տարեկանից ապագա անվանի կինոռեժիսոր Դովլաթյանը նկարահանվում էր Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան․․․ Այսպես շուրջ 11 տարի։ Այս ընթացքում, մասնավորապես 1947 թ․-ին ավարտեց Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան, իսկ 1943թ․-ից նրան արդեն հնարավոր էր տեսնել էկրաններին։ Ապա Դովլաթյանը ընդունվեց Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որն ավարտեց 1959թ․-ին։

 

Միայն մասնագիտական կրթությունը ստանալուց հետո Դովլաթյանը համարձակվեց հանդես գալ որպես ռեժիսոր, մասնավորպես առաջին քայլերն այդ ոլորտում սկսվեցին 1959-1964 թվականներին, երբ նա սկսեց աշխատել Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, Մ․ Գորկու անվան ստուդիայում ու «Մոսֆիլմում»։ Այդ տարինեին տվյալ կազմակերպություններում կատարած աշխատանքի ընթացքում էկրան են բարձրացել «Ով է մեղավոր», «Դիմա Գորինի կարիերան», «Առավոտյան գնացքներ» ֆիլմերը։

 

«…Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով․․․»

Հենրիկ Մալյան

 

Ֆրունզե Դովլաթյանը շուրջ երկու տարի՝ 1967-1969 թթ․-ներին աշխատել է որպես ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար, իսկ արդեն մի փոքր ավելի ուշ՝ 1986 թ․-ից աշխատել է որպես «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ Դովլաթյանը նաև կիսվել է իր մասնագիտական գիտելիքներով՝ ՛ուրջ 16 տարի դասավանդելով ՀՊՄԻ-ում։ Այս շրջանում՝ 1994-1997թթ․-ին եղել է «Թեքեյան մշակութային միության» նախագահը։ Զբաղվել է նաև քաղաքական կյանքով, մասնավորապես 1989-1991թթ.-ին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր:

 

Կինոռեժիսորը կյանքից հեռացել է 1997 թ․-ի օգոստոսի 31-ին Երևանում և թաղվել Թոխմախի գերեզմանոցում։ Նրա վերջին ֆիլմերն են «Մենավոր ընկուզենի»-ին և «Կարոտը»։

 

Դովլաթյանը պատմական տվյալ ժամանակաշրջանում բավականաչափ գնահատվել է պետական մակարդակով, մասնավորապես 1950թ.-ին արժանացել է ԽՍՀՄ ստալինյան 2-րդ կարգի մեդալի, 1967թ.-ին և 1971թ.-ին` ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1966թ.-ին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ արդեն 1983թ.-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Արտասահմանում ևս նրա կատարած աշխատանքը անարձագանք չի մնացել․ Դովլաթյանը 1979թ.-ին արժանացավ Լեհաստանի արվեստների վաստակավոր գործչի կոչմանը:

 

ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ 2007 թ․-ը հայտարարվել է դովլաթյանական տարի և հոբելյանը նշանավորվել է նրա անունով փողոցի անվանակոչմամբ, «Ֆրունզե Դովլաթյան» մենագրության հրատարակմամբ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Դովլաթյանական արվեստին անդրադարձով և այլ բազմաթիվ միջոցառումներով:

Այնուամենայիվ, անդրադառնանք նրա ֆիլմերից մի քանիսին․․․1968 թ․-ին նկարահանված «Սարոյան եղբայրները» ֆիլմը՝ հիմքում ունենալով Գ․ Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսը, մինչև օրս իր կրթադաստիարակչական մեծ ավանդն է ներդնում հայ հասարակության մեծ գաղափարական այլակերպության ու բարեկամ-հարազատ հարաբերությունների կառուցակարգերում։ Ֆիլմում Դովլաթանը գեղարվեստական ղեկավարն էր, միևնույն ժամանակ գլխավոր դերակատարներից մեկը։ Արդեն «Երկունքը» ֆիլմը հիմնականում պատմում էր Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիների մասին՝ ինչու՞, ինչպես՞ և այլն․․․Այստեղ ևս իրադարձությունների կենտրոնում է մի անհատ, այս անգամ՝ իրական կերպար՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, որն իր ուսերին է վերցնում պատմության ծանր բեռը։ Ինչ վերաբերում է «Կարոտ» ֆիլմին, ապա այն նկարահանվել է Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա և իր սյուժետային բովանդակությամբբավականին ծանր ֆիլմ է․ այն պատմում է իր հայրենի օդն ու ջուրը կարոտած հայ Առաքելի մասին, ով խախտում է Թուրքիայի հետ սահմանը՝ հարազատ վայրերում արևածագը դիմավորելու համար և այնուհետև ձերբակալվում ու անասելի դաժանությունների ենթարկվում։

Դովլաթյանի մուտքը դեպի կինոաշխարհ նշանավորվեց «Բարև, Ես եմ» ֆիլմով, որը իր սյուժետային բովանդակությամբ մասամբ հիմնված է հայ մեծ ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։ Այս ֆիլմով Դովլաթյանը 1966թ․-ին մասնակցել է հայտնի Կաննի փառատոնին։ Ի դեպ, արդեն 1966թ․-ին ֆիլմն ուներ 10 մլն հանդիսատես։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /