• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
28.05.2018 | 14:15

Հարյուր տարի առաջ այս օրը վերածնվեց հայոց պետականությունը. Արա Բաբլոյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ:

 

Հարյուր տարի առաջ այս օրը վեց դարերի ընդհատումից հետո վերածնվեց հայոց պետականությունը: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, իր պատմական հայրենիքից մնացած վերջին հատվածի վրա միավորելով բոլոր ուժերը, շրջեց պատմության ընթացքը: Մայիսյան համաժողովրդական հերոսամարտերը պսակվեցին Սարդարապատի փառահեղ հաղթանակով և դարձան ա՛յն հենասյուները, որոնց վրա խարսխվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը:

 

Մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին գրվեց  ՀԱՅԱՍՏԱՆ բառը: Այդ իրավունքը միասին նվաճեցին հայ կադրային զինվորականը, արևմտահայ գաղթականն ու կովկասահայ շինականը, արցախցի մարտիկն ու հայ հոգևորականը: Եւ սերունդներին ավանդեցին պետականության անփոխարինելիության ու հայության ուժերի նկատմամբ հավատի վրա հիմնված արժեքային համակարգ, որի կրողն այսօր մենք ենք: 

 

Պատմաքաղաքական բարդագույն պայմաններում կարճ կյանք ունեցավ մեր վերածնված պետականությունը: Բայց նրա գոյության երկուսուկես տարիները բավական եղան՝ ապահովելու ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, լուրջ քայլեր ձեռնարկելու զինված ուժերի ստեղծման, պետական ու հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:

 

Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ ա´յն հիմքը, որի վրա վեր բարձրացավ Խորհրդային Հայաստանը, իսկ այսօր պաշտպանված հայրենիք ու ազատ հասարակարգ են կառուցում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները: Եվ դա հարգանքի լավագույն տուրքն է նրանց, ովքեր հուսահատության այն սև օրերին մեզ Մայիսի 28 պարգևեցին:

 

Կրկին շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, երջանկություն, ստեղծարար աշխատանք, ազատ պետություն կերտելու կամք և վճռականություն»:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /