• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
29.05.2018 | 14:30

Ռամկավար Ազատական կուսակցության պատմությունը գրելը սրտի պարտականություն էր. Հակոբ Վարդիվառյան

«Հայ ձայն»-ի զրուցակիցն է ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, պատմաբան, «Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանը

 

 

 

-Երկար տարիներ է՝ անդամակցում եք Ռամկավար Ազատական կուսակցությանը: Ի՞նչ կասեք Ձեր՝ որպես կուսակցականի և մտավորականի ծավալած գործունեության մասին:

-Երիտասարդ տարիներից հավատացել եմ մեր կուսակցության գաղափարական դպրոցին, ծրագրին ու որպես հայ միշտ կարծել եմ, որ ազգին ծառայելու լավագույն միջոցը ռամկավար և ազատական գաղափարախոսությամբ նրան ծառայելն է։ Տարիների ընթացքում մի շարք բարձրաստիճան պաշտոններ եմ զբաղեցրել կուսակցության ներսում՝ ընդհանուր ժողովների ատենապետ, Կենտրոնական վարչության անդամ, Թեքեյան մշակութային միության անդամ և այլն։

Այսօր ԹՄՄ Կենտրոնական վարչության ատենադպիրն եմ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, նաև «Պայքար» շաբաթաթերթի խմբագիրն եմ։ Մի շարք կարևոր պատմական աշխատությունների հեղինակ եմ, որոնցից են, օրինակ, Հայրենադարձության պատմությունը՝ 1946-48թթ., մեր մտավորականների «Հանդիպումներ» 5-հատորյակը։

 

 

-Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար Ազատական կուսակցութեան» մեծարժեք գիրքը։

- Ռամկավար Ազատական կուսակցության պատմությունը գրելը կուսակցական պարտականությունից զատ ավելի շատ սրտի պարտականություն էր։ 40 տարուց ավելի հավաքում եմ կուսակցության պատմությանը վերաբերող նյութեր, և ժամանակի ընթացքում այդ բոլոր նյութերը մեկտեղելու և խմբագրելու անհրաժեշտություն առաջացավ։ Հարկ է նշել, որ Ռամկավար Ազատական կուսակցության պատմությունը սկսվում է Արմենական կուսակցությունից, որն այդ ժամանակ ընդհատակյա գործունեություն էր ծավալում և արխիվ պահելու հնարավորություն չուներ։ Երբ ժամանակի ընթացքում կուսակցության շարքերը  նոսրացան, կուսակցության արխիվային նյութերը Վանում վերացան։ Այնուհետ մեր գաղափարախոսության մասը կազմող կուսակցությունները՝ լինեն դրանք Ռամկավար, Ազատական, Վերակազմյալ Հնչակյան, բոլորը կա՛մ Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության, կա՛մ ռուսական իշխանության հալածանքի տակ էին և ստիպված էին արխիվ չպահել։ Այդ իսկ պատճառով շատ դժվար էր Ռամկավար Ազատական կուսակցության պատմությունը գրելը։ Համառ աշխատանք էր պետք այդ ամենը կյանքի կոչելու համար, և ինձ բախտ վիճակվեց ստանձնել այդ գործը և գրել պատմությունը։

 

-Ինչպե՞ս ձեռք բերեցիք կուսակցության գործունեությանն առնչվող նյութերը, տեղեկատվությունը։

-Այն բոլոր ընկերները, որոնք փաստաթղթեր, վերագրական և այլ տեսակի նյութեր ունեին, գիտեին, որ դրանք ամենից ապահովում ինձ մոտ կպահվեն, ուստի տրամադրում էին ինձ։ Ապա տարիների ընթացքում Վենետիկի, Վիեննայի Մխիթարյանների գրադարանից, Նուբարյան գրադարանից, մեր կուսակցության մամուլից, այլ զանազան տեղերից հավաքեցի դրանք։ Հեշտ աշխատանք չէր, սակայն սիրով եմ արել, ինձ ոչ ոք չի ուղղորդել կամ ստիպել, իմ նախաձեռնությամբ եմ ստանձնել այդ գործը։ Պատմությունը գրված է մինչև 1921թ.-ը: Կարծում եմ՝ հետագա տարիների պատմությունը գրի առնելն ավելի դյուրին կլինի։

Նախատեսվում է լույս ընծայել 8 հատոր, որից առաջին 3-ն արդեն ընթերցողի սեղանին են։ Մնացյալ 5-ը պատրասման ընթացքի մեջ են։

 

-Ի՞նչ կասեք հատորյակի յուրատեսակ վերնագրի մասին՝ «Մեծ երազի ճամբուն ուղեւորները»: Ի՞նչպես ընտրվեց այն։

- Գերսամ Ահարոնյանը, ով մեզ պատմություն է դասավանդել, եղել է մեր գաղափարական ուսուցիչը, Մեծ Եղեռնի 50-ամյակի առթիվ գիրք էր հրատարակել, որն ուներ «Մեծ երազի ճամբուն վրա» խորագիրը։ Եվ ես, օգտվելով մեր ուսուցչի գրքի վերնագրից, իմ գրքին տվեցի «Մեծ երազի ճամբուն ուղևորները» խորագիրը, իսկ Մեծ երազի ճամբուն ուղևորները մենք՝ ռամկավարներս ենք։ Կուսակցության պատմության բազմահատորյակը ունի նաև 2-րդ վերջնագիրը՝ «Համապարփակ պատմություն Ռամկավար Ազատական կուսակցության»:

Մայիսի 29-ին Երևանում՝ Ազգային գրադարանում, տեղի է ունենալու վերոնշյալ գրքի 3-րդ հատորի գինեձոն-շնորհանդեսը: Այն կազմակերպվելու է գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ։

 

-Նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը, որի ընթացքում իրականացավ շուրջ 450 նորագիրների երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Ի՞նչ տպավորություններ ստացաք միջոցառումից։

- Սարդարապատում տեղի ունեցածը իսկապես շատ հուզիչ երևույթ էր։ Մեր կուսակցության պատմության մեջ առաջին անգամն է, որ այսքան մեծ քանակությամբ երիտասարդներ անդամագրվում են մեր շարքերը։ Վստահ եմ, որ այդ երիտասարդներից շատերը ապագայում կարևոր դիրքեր են զբաղեցնելու։ Շատ խորհրդավոր էր Սարդարապատի հուշահամալիրում մեր ուխտը կատարելու հանգամանքը:

Ակամայից հիշեցի 1895թ.-ը, երբ անգլիացիները խաբեցին արմենականներին, և Վանի առաջին ինքնապաշտպանության օրերին արմենականները թողեցին Վանը և Անգլիայի խոստմանը հավատալով՝ ցանկացան Պարսկաստան անցնել։ Սբ. Բարդուղիմեոս եկեղեցու տարածքում նահատակվեցին 800 արմենականներ։ Իսկ այժմ՝ 120 տարի հետո, զոհված 800 արմենականների դիմաց մենք 400 երիտասարդ ունենք, որոնք համալրում են մեր շարքերը։ Շատ ուրախ եմ կատարված աշխատանքի համար։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /