• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մշակույթ
01.06.2018 | 15:32

Մինչև տարեվերջ ևս 4 բնակարան. Գյումրու դրամատիկական թատրոնի անօթևան դերասանների բնակարանային խնդիրը կլուծվի

10 ամիս է, ինչ գործում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամը, և վերջինիս միջոցներով արդեն ձեռք է բերվել մեկ բնակարան` նախատեսված թատրոնի անօթևան դերասաններից մեկի համար: Բնակարանային խնդիրը, ինչպես Գյումրիում ընդհանրապես, այնպես էլ Գյումրու դրամատիկական թատրոնում շարունակում է մնալ առանցքային: Այս նպատակը որպես առաջնահերթություն ունենալով՝ հիմնադրամը մեկ տարուց քիչ ժամանակահատվածում կարողացավ թատրոնի բնակարան չունեցող դերասաններից առաջինի համար բնակարան գնել: Ըստ թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ մինչև տարեվերջ ամբողջությամբ կլուծվի թատրոնի դերասանների բնակարանային խնդիրը:

« Երկրաշարժից հետո, ինչպես շատ գյումրեցիներ, այնպես էլ մեր դերասանները չունեին բնակարաններ, իսկ գյումրեցի արտիստը չպիտի ունենա բնակարանային խնդիր: Նպատակ կար ստեղծել այնպիսի կառույց, որն արագ կլուծի այդ խնդիրը: Ընդամենը 10 ամիս առաջ ստեղծվեց հիմնադրամը և հիմնադրման առաջին իսկ օրվանից ես հավատում էի այս պահին: Գիտեի, որ կգա այն պահը, երբ մենք առաջին արտիստին կտրամադրենք հիմնադրամի միջոցներով ձեռք բերված բնակարանը: Այսօր հայտարարում եմ, որ մինչև 2018 թվականի ավարտը մենք ամբողջությամբ լուծած կլինենք այս խնդիրը. այս պահին խոսքը գնում է 4 բնակարանի մասին»,- հայտարարեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

Պատասխանատուները նշում են` չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամի գործունեության մեջ առաջնայինը հենց այս խնդիրն է, սակայն հիմնադրամը բազմաշերտ է և իր նպատակների մեջ ներառում է այլ բաղադրիչներ ևս: Առաջնային խնդրի լուծումից զատ հիմնադրամն իրականացնելու է Գյումրու դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմի արտագնա վերապատրաստումների գործուղման, թատրոնի շրջագայություններին աջակցելու և թատրոնի այլ կարիքները հոգալու հարցերը, որոնք պետական միջոցներով հնարավոր չէ լուծել:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Արթուր Պողոսյանն է, իսկ կազմում ընդգրկված են հայտնի մշակութային գործիչներ, ինչպիսիք են «Պան Արմենիան մեդիա գրուպի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ինչպես նաև «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը։ Ըստ Տիգրան Վիրաբյանի՝  հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվածները թատրոնի հոգսերով մտահոգ մարդիկ են, իսկ կատարված աշխատանքի հիմքում նաև Դրամատիկականի հզոր կոլեկտիվն է.

« Առանց այս կոլեկտիվի հզոր ուժի, ոչ մի ղեկավար չէր կարողանա ստեղծել այն, ինչ մենք ունենք հիմա,- վստահեցնում է Տ. Վիրաբյանը,- Մենք այս կոլեկտիվի հետ կարողացել ենք Գյումրու Թատրոնը դարձնել հանրապետության կարևորագույն թատերական օջախներից մեկը և նույն տեմպով շարունակելու ենք: Մեր ուշադրության կենտրոնում պահելու ենք ոչ միայն ստեղծագործական բարձր որակը, այլև մեր կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի ցանկացած խնդիր, լինի սոցիալական, ստեղծագործական, թե այլ ոլորտի, որովհետև Գյումրու Դրամատիկական թատրոնը տուն է, և այս տան ցանկացած անդամ մեզ համար շատ կարևոր է»:

Իսկ ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խոսքերով, «թատրոնը տուն է, բայց բնակարան ունենալ անհրաժեշտ է»: Առաջին բնակարանի տիրոջը` դերասան Արկադի Ղարագուլյանին տան վկայականը հանձնեց Արմեն Ամիրյանը, ով հիմնադրամի առաջին նվիրատուն է եղել: Բազմաթիվ նվիրատվությունների շարքում պատասխանատուներն առանձնացնում են Տիգրան Համասյանի՝ Գյումրիում կայացած վերջին բարեգործական համերգի հասույթը:

 

Գյումրի

Լ.Մակարյան

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /