• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
05.06.2018 | 10:02

Ադրբեջանում անհամբերությամբ սպասում են հայ-ռուսական հարաբերություններում որոշակի սառնության

Վերջին օրերի արցախյան իրադարձությունները Բաքվում բավական լայն արձագանք են գտել: Մամուլի հատկապես ադրբեջանագիր միջոցները, որոնք աշխատում են ներքին լսարանի համար, ծավալուն մեջբերումներ են արել հայկական լրատվամիջոցներից եւ անգամ սոցիալական ցանցերից:

Հիմնական ուղղվածությունն այն է, որ Հայաստանի իշխանափոխությունը Ստեփանակերտում նույնպես փոփոխությունների հույս է արթնացրել: Հակառակորդ կողմը, սակայն, չի զլանում ներհայակական իրադարձությունները դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների կտրվածքում: Հետեւողականորեն առաջ է տարվում այն միտքը, որ, չնայած հրապարակային հավաստիացումներին, Հայաստանի նոր իշխանությունն էությամբ արեւմտամետ է եւ որոշակի ժամանակ հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխվելու է:

Այս իմաստով հատկապես ուշադրություն է դարձվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցին: Որքան էլ զարմանալի թվա, Բաքի քաղաքական մեկնաբանները որոշակի կապ են տեսնում այդ այցի եւ Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման մասին հայտարարության միջեւ: Այստեղ, իհարկե, ադրբեջանական քարոզիչներին օրիգինալությունը պակասում է, նրանք հիմնականում կրկնում են ռուս հեռուստամեկնաբան Շեւչենկոյի տեսակետը, ըստ  որի՝ Սիրիայի  որոշման թիկունքում կանգնած է հայկական լոբբին, որը նպատակադրվել է վերջնականապես փչացնել ռուս-վրացական հարաբերությունները: Բայց ադրբեջանցի մեկնաբանները մի քայլ ավելի առաջ են անցնում եւ տեսակետ շրջանառում, որ այդ քաղաքական քայլի իմաստը Վրաստանի միջոցով Հայաստանի ներգրավումն է արեւմտյան աշխարհաքաղաքական նախագծերին: Ադրբեջանում, երեւում է, չեն կարողանում կողմնորոշվել, թե հայաստանյան իշխանափոխության ակունքը որտեղ է եւ ինչ նպատակ է այն հետապնդում: Բաքվում միայն շատ անհաջող մեկնաբանում են Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ եզրահանգում, որ Հայաստանը մտադիր չէ Ադրբեջանի հետ սուբստանտիվ բանակցություններ վարել:

Ադրբեջանական քարոզչությունը ենթադրում է, որ Հայաստանում կանխածրագրվել է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունն ամեն կերպ ընդգծելու քաղաքականություն, որի դրսեւորումներից մեկն էլ համարվում են վերջին օրերի ստեփանակերտյան իրադարձությունները: Սա բավական ուշագրավ դիտարկում է եւ վկայում է, թե հակառակորդ կողմն ինչպիսի սրված ուշադրությամբ է հետեւում ներհայկական զարգացումներին: Բաքվում, իհարկե, մերժում են բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության գաղափարը, բայց նույնիսկ տոտալ վերահսկողության պայմաններում հայտնվում են հրապարակումներ, որտեղ արվում են հետաքրքիր հարցադրումներ: Մասնավորապես, ադրբեջանցի հեղինակներից մեկն առաջադրել է այսպիսի հարց՝ ի՞նչ է պաշտոնական Բաքուն առաջարկում Լեռնային Ղարաբաղին, ինչու՞ չի կոնկրետանում ԼՂ ապագա կարգավիճակի ադրբեջանական պատկերացումը:

Այստեղ էականն այն է, որ վերջին իրադարձությունների համատեքստում ադրբեջանցի հեղինակը հրապարակային խոստովանում է, որ ղարաբաղյան հակամարտության էությունը ԼՂ ապագա կարգավիճակի հարցն է՝ անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական ինչ միջավայրում են ընթանում կարգավորման բանակցությունները: Մինչդեռ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը, կարծես, պաուզա է պահում՝ սպասելով, թե ինչ ընթացք կունենան ներհայաստանյան զարգացումները, մանավանդ ինչ դինամիկա կարձաբագրվի հայ-ռուսական եւ հայ-վրացական հարաբերություններում: Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ ադրբեջանական դիվանագիտությունը ներկայումս այդ երկու՝  Ռուսաստանի եւ Վրաստանի, ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարում է: Դրան նպաստում են նաեւ ռուսական փորձագիտական եւ վերլուծաբանական որոշակի շրջանակներ:

Առանձին դեպքերում այդ հրապարակումները նույնիսկ անցնում են էթիկայի սահմանները եւ ուղղակիորեն ակնարկում, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն էթնիկ հայ է, հանդիասանում է հայկական կողմի հիմնական լոբբիստը: Խնդիրը ներկայացվում է այնպես, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ հուսալի գործընկեր կարող է լինել Ադրբեջանը, ինչը վկայում է, որ պաշտոնական Բաքուն այդ ուղղությամբ քայլեր է մշակում: Այսպիսով, Ադրբեջանում սպասում են հայ-ռուսական հարաբերություններում որոշակի սառնության: Եւ հայկական դիվանագիտությունը պետք է հակակշռող մշակումներ կատարի եւ անցնի կոնկրետ ուղղություններով հստակ աշխատանքի:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /