• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
05.06.2018 | 10:58

Ինչո՞վ է տարբերվում Փաշինյանի կառավարության ծրագիրը Կարապետյանի ծրագրից

Ազգային ժողովը հունիսի 7-ին կքննարկի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը։ 29 էջից բաղկացած փաստաթուղթը, որտեղ չկա որևէ թվային ցուցանիշ, կարելի է որակել որպես ժամանակավոր կառավարության ծրագիր, որն ավելի շուտ միտված է կարճաժամկետ հատվածում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը։ Այդպիսի մի ծրագիր էր ներկայացրել նաև Կարեն Կարապետյանի կառավարությունը 2016 թվականի հեկտեմբերին։

Հիշեցնենք, որ Կարապետյանի կառավարությունը ևս դիտարկվում էր որպես ժամանակավոր, որը գործելու էր մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Համեմատելով Փաշինյանի և Կարապետյանի կառավարությունների ծրագրերը՝ առանձնացնենք մի քանի հետաքրքիր փաստեր։

Առաջին խնդիրը, որն իր առաջ դրել էր Կարապետյանի կառավարությունը, պետական կառավարման համակարգի բարեփոխումն էր։ Ծրագրում հստակ նշված էին այն ժամկետները, որոնց շրջանակում կատարվելու էին բարեփոխմանն ուղղված քայլեր։

Փաշինյանի ծրագրի առաջին դրույթը, հետևաբար նաև նրա ղեկավարած կառավարության առաջնային խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակեպումն է։ Ծրագրում նշվում է, որ ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Գործող կառավարության ծրագրի երկրորդ խնդիրը ներքին և արտաքին անվտանգության ապահովումն է՝ ի տարբերություն Կարապետյանի կառավարության ծրագրի, որտեղ առաջնային էին տնտեսական բլոկի հարցերը։ Անվտանգային և զինված ուժերին վերաբերող հարցերում Փաշինյանի մոտեցումներն առավել արմատական են։ Ծրագրում նշվում է, որ «ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ»։

Գործող կառավարությունն իր ծրագրում նաև ամրագրում է, որ ԶՈւ-ը պետք է գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից։

Փաշինյանի կառավարության ծրագրում էապես տարբերվում է Ղարաբաղյան համակարտության կարգավորմանը վերաբերող դրույթը։ Գործող վարչապետի կաբինետի պատրաստած փաստաթղթում նշված է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, «պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում»:

Ինչ վերաբերում է տնտեսական զարգացման հարցերին, այստեղ երկու կառավարությունների գերակայություններն էլ նույնն են. առաջնահերթ է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացումը։ Սակայն, ի տարբերություն Կարապետյանի կառավարության, Փաշինյանի ծրագրում նշված չեն այն թիրախային ցուցանիշները, որոնց ցանկանում են հասնել տնտեսության զարգացման ուղեծրում։ Չնայած դրան՝ գործող կառավարության ծրագրում կա հատկանշական մի դրույթ, որտեղ ասվում է, որ տնտեսության զուտ վիճակագրական աճը էական ոչինչ չի փոխում մարդկանց կյանքում, մինչդեռ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման և ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն իր վրա զգալ տնտեսական աճի հետևանքները։

Փաշինյանի կառավարության ծրագրում լայն անդրադարձ է կատարված նաև տնտեսության մեջ ստվերի վերացման խնդրին, ինչը մակերեսայնորեն էր ներկայացված Կարապետյանի ծրագրում։ Գործող կառավարությունն ամրագրում է, որ «խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և ապահովել պետական եկամուտների ծրագրավորվածից էականորեն բարձր կատարողական»։

Ծրագրում նաև նշվում է, որ չնայած տնտեսական գործունեության համար կան արտաքին խոչընդոտներ, սակայն Հայաստանում տնտեսական լճացման հիմնական պատճառը եղել է մրցակցության և համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը։ Ըստ այդմ՝ Փաշինյանի կաբինետը տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է համարում տնտեսական մրցակցայնությունը և մենաշնորհների բացառումը։

Առանձնացնենք ևս մեկ հետաքրքիր փաստ Փաշինյանի կառավարության ծրագրից։ Փաստաթղթում մի քանի անգամ նշվում է, որ այս կամ այն ոլորտում կառավարությունը «բում» է ակնկալում՝ պայմանավորված ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ և դրա՝ համաշխարհային մամուլում դրական լուսաբանմամբ։ Ավելին, կառավարությունը համոզմունք է հայտնում, որ հեղափոխությունը դրական սպասումներ է առաջացրել մարդկանց շրջանում, ինչը կարող է գրավել ներդրողներին ու զբոսաշրջիկներին։

 

Գոհար Ավետիսյան



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /