• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
05.06.2018 | 12:15

Կառավարությունը խուսափել է ամրագրել որևէ կոնկրետ ցուցանիշ. «Հայոց Աշխարհ»

Կառավարության ծրագիրը 33 էջից բաղկացած մի փաստաթուղթ է, որը հիմնականում դեկլարատիվ հայտարարությունների ամբողջություն է։ Չկա կոնկրետություն և որևէ ցուցանիշ, որին կառավարությունը փորձելու է հասնել իր գործունեության ընթացքում։


   Սա պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն է։ Նույնիսկ դժվար է կռահել, թե ինչ ժամանակահատվածի համար է նախատեսված։ 


   Թե տնտեսական ի՞նչ աճ է խոստանում Նիկոլ Փաշինյանը հասարակությանը, ծրագրում ամրագրված չէ։ Կառավարությանը թերևս կարելի է հասկանալ. իշխանափոխությունից հետո տնտեսությունը հայտնվել է անորոշության մեջ և հարցական է, թե կհաջողվի նույնիսկ չնչին աճ ապահովել։ 


   Ապրիլից սկսած տնտեսական գործընթացները դանդաղում են։ Իշխանափոխությունից առաջ եղած ակնկալիքներն առայժմ որևէ կերպ չեն իրականանում։ Արդեն կան մտահոգություններ, որ այս տարի հազիվ թե հաջողվի խուսափել տնտեսական անկումից։ Եվ դա այն դեպքում, երբ առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում անախադեպ բարձր էր տնտեսական ակտիվությունը՝ ավելի քան 10,6 տոկոս։ 


   Այս պայմաններում հասկանալի է, թե ինչու է կառավարությունը խուսափել ինչպես ընդհանրապես, այնպես էլ տնտեսության վերաբերյալ որևէ կոնկրետ ցուցանիշ ամրագրելուց։ 


   Կառավարության ծրագրում չկա որևէ առարկայական անդրադարձ ոչ միայն տնտեսական աճին, այլև տնտեսության ճյուղերում իրականացվող քաղաքականությանը, արտաքին տնտեսական հարաբերություններին, արտահանման ուղղվածությանը և այլն։ Ներդրումային քաղաքականության ոլորտում հիմնական հույսը հեղափոխությունից հետո ձևավորված սպասումներն են։ Կառավարությունը հավանական է համարում, որ դրանք կիրականանան։


   -Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վերածվելու են ներդրումային հոսքի։ 


   Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ կառավարությունը ևս համոզված չէ այս հարցում։ 


   Մինչ կառավարությունը հանդես է գալիս սեփականության և ներդրումների անձեռնմխելիության երաշխավորման դիրքերից, իշխանափոխությունից անմիջապես հետո բազմաթիվ գործարարներ, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողներ բախվեցին նման խնդիրների։ Որոշ դեպքերում նրանք ստիպված եղան դադարեցնել նաև իրենց գործունեությունը։ 


   Տնտեսության ոլորտում հիմնական շեշտադրումը կապված է մրցակցության ապահովման և մենաշնորհների բացառման հետ։ Խնդիր, որը մշտապես եղել է Հայաստանի բոլոր կառավարությունների գործունեության ծրագրերում. «Գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և ապահովել պետական եկամուտների ծրագրավածից էականորեն բարձր կատարողական»։ 


   Ի՞նչ գումարի հավելյալ մուտքերի կամ ինչպիսի՞ աճի մասին է խոսքը, կառավարությունը նպատակահարմար չի համարել բացահայտել։ 


   Հստակ չէ նաև սոցիալական ծրագիրը. «Կառավարությունը կարևորում է տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը։ Տնտեսության զուտ վիճակագրական աճը, որը էական ոչինչ չի փոխում մարդկանց կյանքում, մնում է որպես սովորական վիճակագրություն»։
   
   Թե ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը, որ քաղաքացին զգա տնտեսական աճի էֆեկտը, պարզ չէ։ Այս առումով ծրագիրը բավարարվել է. ամրագրել ոչինչ չասող նպատակներ.


   -Արժանապատվության և երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը։ Այս առումով կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։ 
   Անշուշտ լավ է ասված։ Սակայն ծրագիրը ինչպես աշխատավարձերի, այնպես էլ սոցիալական մյուս վճարների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացման կոնկրետ պահանջ չի դնում։ Այս պայմաններում, տնտեսական աճի արդյունքները հասարակությանը հասանելի դարձնելու վերաբերյալ որևէ մտադրություն կարող է ընդամենը բարի ցանկություն լինել։ Հազիվ թե կարելի է գտնել որևէ կառավարություն, որն իր առջև նման խնդիր չի դնում։ 


   Տնտեսության ոլորտում ծրագիրը ամրագրել է այն երեք առաջնահերթությունները, որոնց մասին վարչապետի պաշտոնում ընտրվելու ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Դրանք են՝ գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և զբոսաշրջությունը։ 


   Կառավարության ներկայացրած ծրագրի մասին անշուշտ կարելի է երկար խոսել։ Սակայն դժվար է առանձնացնել որևէ կոնկրետ արդյունք, որը նախատեսվում է ապահովել դրա իրականացման շնորհիվ։ Ծրագիրն ամենևին էլ չի արտահայտում այն ակնկալիքները, որ ձևավորվել էին հասարակության շրջանում։ 

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /