• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
05.06.2018 | 14:58

Վստահ եմ, այս ամենից Արցախը դուրս կգա ավելի ամրացած որպես ժողովրդավարական երկրի. Դավիթ Բաբայան

Հայ Ձայն-ի զրուցակիցը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՆ է:

-Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Արցախում դադարեցին բողոքի գործողությունները: Ներկայումս ի՞նչ իրավիճակ է Արցախի Հանրապետությունում:

-Իրավիճակը նույնիսկ բողոքի գործողությունների ժամանակ կայուն է եղել:  Ցուցարարները փակել էին Ազատամարտիկների փողոցի մի հատվածը, ավտոկայանի մոտ, և այնտեղ իրականացնում էին իրենց ցույցերը: Իրավապահ մարմինների հետ բախումների մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեզ մոտ չկան թշնամական մոտեցումներ, այդ մարդիկ մեր հայրենակիցներն են, որոնց իրավունքն է կարծիք հայտնել երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իրենց տեսլականի մասին:

Այս պահի դրությամբ բողոքի ցույցերը դադարեցվել են: Ճիշտ է՝ ցուցարարների միջև եղել է որոշակի անհամաձայնություն, որոշ ուժեր ու անհատներ ցանկանում էին շարունակել ցույցը, բայց մեծամասնությունը դադարեցրեց: Հիմա ստեղծվել է հանձնաժողովի պես մի բան, որտեղ քննարկվելու են մարդկանց կողմից բարձրացված խնդիրներն ու գանգատները, և եթե ինչ-որ մեկի իրավունքները խախտվել են,  ապա կարծում եմ, որ պետական համապատասխան մարմինների հետ այդ դեպքերը կքննարկվեն, և եթե լինեն փաստարկներ ու ապացույցներ, բոլոր բացթողումները կշտկվեն:

   Բնական է, որ այդ ամենը չի կարող կատարվել մեկ օրում կամ մեկ ժամում, բայց սա պետք է լինի խողովակ՝ հասարակություն-իշխանություն շփումների համար: Հուսով ենք, որ ամեն ինչ քաղաքակիրթ մթնոլորտում լուծում կստանա, մանավանդ, որ ցուցարարները ևս հավաստում են, որ ի վերջո, չկա թշնամանք, և բոլորն էլ հասկանում են , թե ինչով են հղի ներքաղաքական բախումները և հասարակության տրոհումը: Նման բան չի կարելի թույլ տալ, և դա հասկանում են ցույցի կազմակերպիչները: Շատ լավ է, որ այդ ըմբռնումը կա:

-Այսինքն, Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, տեսնո՞ւմ են իրական խնդիրներ ցուցարարների պահանջներում:

-Եթե իրական խնդիր չլիներ՝ մարդիկ դուրս չէին գա ցույցի: Մարդկանց մոտ իրապես կուտակվել են մտահոգություններ, ու եթե դա չլիներ, ապա կստացվեր, որ դուրս են եկել անձնական խնդիր լուծելու: Բայց դա այդպես չէ, իրենք` ցուցարարները ևս դա չեն ընդունում  ու քննադատում են այն մարդկանց, ովքեր փորձում են այս ամենը անձնականի վերածել: Այժմ փաստերն իմի բերելու ժամանակն է: Ի վերջո, մենք գործ ունենք մեր ժողովրդի մտահոգությունների, գանգատի ու բողոքի հետ, և իշխանությունը պետք է լսի ժողովրդի ձայնը:

-Պարո՛ն Բաբայան, այս դեպքերը կարո՞ղ են անդրադառնալ Արցախի վարկիանիշի վրա՝ թողնելով դրական կամ բացասական ազդեցություն:

-Եթե ամեն ինչ տեղի է ունենում ժողովրդավարական սկզբունքներին համահունչ, քաղաքակիրթ ձևով և օրենքի սահմանների ներքո, ապա սա միմայն կբարձրացնի մեր երկրի վարկանիշը՝ որպես ժողովրդավարական երկիր:

Նմանօրինակ երևույթներ, օրինակ, անհնարին են Ադրբեջանում: Այնտեղ կհետապնդեին ցուցարարներին, կլիներ ջարդ ու կոտորած: Իսկ մեզ համար դա անընդունելի է, մենք մեր թշնամիները չենք:

   Ցուցարարները մեր հայրենակիցներ են,  ովքեր պահանջում են լուծել այս կամ այն խնդիրը, և դա անում են արդարության սկզբունքի համաձայն. Իսկ արդարությունը մեր պետականաշինության ամենակարևոր հիմքերից մեկն է:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /