• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
05.06.2018 | 21:50

Մեր հայրենակիցները պետք է վերադառնան և շենացնեն երկիրը. Վարդան Նազիրյան

Հայ ձայնի զրուցակիցն է ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ  ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆԸ

 

 -Պարոն Նազիրյան, հաճախ եք լինում հայրենիքում, այս անգամ ո՞րն էր Ձեր այցի  նպատակը:

  - Հայաստան կատարածս այցի առիթն էր ներկա գտնվել Ռամկավար Ազատական կուսակցության 2-րդ երիտասարդական հավաքին, որը տեղի ունեցավ մայիսի 20-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։ Տեղի ունեցածը շատ տպավորիչ էր. շուրջ 450 երիտասարդներ անդամագրվեցին մեր կուսակցության շարքերը՝ իրենց ուխտը կատարելով պատմական նշանակության վայրում։ Հիշարժան արարողությանը ներկա էին ՌԱԿ Գերագույն խորհրդի մի շարք անդամներ, որոնք ժամանել էին Սփյուռքից։

  

 րն իսկապես հիշարժան էր ու բացառիկ. ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:

Մեր կուսակցության պատմության մեջ այդ իրողությունը նախադեպային էր։ Այո,  բացառիկ երևույթ էր, ինչը միևնույն ժամանակ նաև շատ հուզիչ էր ու տպավորիչ։ Ինձ հատկապես ոգևորեց ու խանդավառեց երիտասարդների պատրաստակամությունը։ Երբ Սարդարապատում ելույթ ունենալիս հայտարարեցի, որ մեր կուսակցությունը պատրաստ է  սերնդափոխության, երիտասարդների մեջ մեծ ոգևորություն առաջացավ, ինչը  համակեց նաև ինձ։ 

-Սարդարապատում ունեցած ելույթում 2018 թվականը հայտարարեցիք ռամկավար երիտասարդների տարի, ի՞նչ նկատի ունեիք:

 -Վերջին  տարիների ընթացքում, մեր կուսակցության պառակտման պատճառով, կուսակցության հանդեպ հետաքրքրությունը պակասել էր, ինչի արդյունքում  եղան անգամ կուսակցության շարքերը լքողներ: Եվ այսօր Ռամկավար Ազատական կուսակցությանը հարկավոր է նոր ավյուն, նոր խանդավառություն։  Ուստի Գերագույն խորհրդի, անձնապես իմ նախաձեռնությունն էր, որ կուսակցությունը համալրվի երիտասարդներով ու նաև շնորհիվ նրանց ներուժի՝ ոտքի կանգի։

     Խորհրդակցելով մեր ավագ ընկերների հետ, հետևելով երիտասարդների  կուսակցական գործունեությանը՝ եկանք այն եզրահանգման, որ աստիճանաբար պետք է վերջիններիս փոխանցել կուսակցության կառավարումը։ Մենք առաջ ենք ընթանում և սերնդափոխությունը շատ կարևոր է։ Իսկ դրա համար հարկավոր է, որ այս երիտասարդները կրթվեն, պատրասվեն, զարգացնեն իրենց միտքը, լինեն հաստատակամ մեր գաղափարախոսության հարցում: Ահա այս պատճառով ես հայտարարեցի «մետաքսյա սերնդափոխության» մասին։ Իհարկե, դա չի նշանակում, որ երիտասարդները, վարչական պաշտոններ զբաղեցնելով, պետք է հեռացնեն կամ պաշտոնանկ անեն մեր ավագ կուսակիցներին։ Ո՛չ։ Սերնդափոխությունը պետք է շատ նուրբ անցում լինի, փոփոխությունները պետք է ծրագրված իրականացվեն։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են։

 

-Հայտնի է, որ հանդիպել եք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ի՞նչ հարցեր եք երկուստեք քննարկել:

-Նախագահ Արմեն Սարգսյանը գրկաբաց ընդունեց ՌԱԿ պատվիրակությանը՝ հայտնելով, որ քաջատեղյակ է կուսակցության 130 տարվա պատմությանը։ Պետք է նշել, որ նախագահն ունի բավականին հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր, որոնց մասին բարձրաձայնվեց մեր հանդիպման ընթացքում։ Հուսանք, որ մոտ ապագայում հնարավարություն կունենանք այդ ամենը  վարչապետի հետ միասին իրագործելու:

 

 Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք իբրև ռամկավարներ պատրաստ ենք բոլորի հետ աշխատել, բոլորի հետ համագործակցել: Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, մենք շնորհավորեցինք նրան ու ներկայացրեցինք մեր առաջարկությունները: Լիահույս ենք, որ դրանք նկատի կառնվեն։

   Կուզեի անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ թավշյա հեղափոխությանը, որը մեծ խանդավառություն առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Սակայն խանդավառությունից զատ պետք է նաև համբերատար լինել, քանի որ փոփոխությունները ժամանակ են պահանջումոչինչ արագ չի կարող իրականացվել։

   Վերջին տարիներին հայրենիքից հեռացած մեր հայրենակիցները պետք է վերադառնան ու Հայաստանում կատարեն ներդրումներ, զարգացնեն հայրենի տնտեսությունը, նաև այլ ոլորտները: Պետք չէ սպասել՝ ինչ կլինի վաղը, պարզապես, պետք է վեր կենալ ու գալ՝ զարգացնելու մեր երկիրն ու մաս կազմելու իրականացվող  փոփոխություններին։

   

-Դուք այցելել եք նաև Արցախ, որտեղ այս օրերին բողոքի ցույցեր էին տեղի ունենում: Հանդիպել եք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ի՞նչ կասեք այդ հանդիպման ու Արցախում կատարվածի մասին։

-ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ևս մեզ գրկաբաց ընդունեց, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Արցախում իրականացվելիք մի շարք նախագծեր ունենք՝ ինչպես կուսակցական, այնպես էլ անձնական։ Դեռևս փետրվարին Վաշինգտոնում հանդիպեցի նախագահ Սահակյանի հետ, պայմանավորվեցինք, որ մեր նախագծերն ու ծրագրերը շարունակական բնույթ կկրեն։ Հանդիպումն անցավ իսկապես ջերմ մթնոլորտում։ Նախագահը բացի սահմանների ապահովությունից, նաև մտահոգություններ ուներ պաշտոնաթող զինվորականների հետագա զբաղվածության առնչությամբ։ Այս հարցի շուրջ ևս մտքեր փոխանակեցինք։

 Ուզում եմ իմ անհանգստությունն արտահայտել նաև վերջին օրերին Արցախում կատարված դեպքերի առնչությամբ: Այդ ամենը փաստում է այն մասին, որ մեր հայրենակիցների մոտ, իրոք, կուտակվել են որոշակի մտահոգություններ, կան չլուծված խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնելը մարդկանց իրավունքն է: Սակայն կարծում եմ, որ այդ ամենը պետք է արվի քաղաքակիրթ ձևով, որպեսզի չհանգեցնի ներքին պառակտման ու  լարվածության: Չպետք է մոռանանք, որ թշնամին ուշի-ուշով հետևում  է մեզ, մենք իրավունք չունենք թույլ տալ, որ նա օգտվի մեր ներքին լարվածությունից և գնա սադրիչ քայլերի: Մեզ համար թանկ է Արցախի անվտանգությունը: Համոզված եմ, որ այդ ամենը հրաշալի գիտակցում են Արցախի իշխանություններն ու կանեն ամեն ինչ, որպեսզի օր առաջ լուծվեն բոլոր կնճռոտ հարցերը, ու Արցախի ներքին կյանքում հանդարտություն տիրի:

  

 -Պարոն Նազիրյան, Դուք շատ եք կարևորում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը մեր ժողովրդի կյանքում, այդ մասին է նաև վկայում այն, որ ամեն անգամ հայրենիք այցելելիս նաև Սուրբ Էջմիածին եք այցելում, փորձում ինչ-որ կերպ օգտակար լինել մեր եկեղեցուն: Այս անգամ ևս հետապնդել եք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, կմանրամասնե՞ք հանդիպման մասին:

  -Այո, ճիշտ եք, մեր եկեղեցին զորավոր դեր ունի հայ ժողովրդի կյանքում, իզուր չէ, որ  հայոց եկեղեցին համարվում է հայապահպան եկեղեցի: Սակայն Հայաստանում եղած ժամանակ խիստ վշտացա, երբ տեղեկացա Կաթողիկոսի հասցեին հնչող վարկաբեկիչ լուրերի մասին:  Այդ բամբասանքները բացառապես անհիմն են, և մեկ նպատակ ոեն հետապնդում՝ խարխլել մեր եկեղեցու կյանքը: Այդ առնչությամբ ոչ միայն իմ անհանգստությունը ներկայացրի Նորին Սրբությանը, այլև մեր կուսակցության ողջ ղեկավար կազմն  իր հավատարմությունը հայտնեց Կաթողիկոսին, ասացինք, որ պատրաստակամ ենք նեցուկ լինեն և՛ մեր Վեհափառին, և՛ զորավիգ ու պաշտպան լինել մեր եկեղեցուն: Պետք չէ մոռանալ՝ Գարեգին 2-րդը ոչ միայն Հայաստանի հայերի կաթողիկոսն է, այլև  աշխարի հայության Կաթողիկոսն է։

   Հայրապետն էլ բարձր գնահատեց ՌԱԿ-ի՝ հայ ժողովրդին մատուցած ծառայությանն ու զորակցությունը, որը ոչ հեռավոր անցյալի եկեղեցական պատմության դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Անգամ խորհրդային տարիներին ՌԱԿ-ը մշտապես եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի պահապանը, և մեր դիրքորոշումն այսօր ևս չի փոխվել։

 

 

Շնորհակալություն հարցազրույցի համար, պրն. Նազիրյան:

 

 ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /