• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
06.06.2018 | 11:05

Մեր հպարտության շարժառիթը միայն ու միայն Հայաստանն է. լիբանանահայ մտավորական

Լիբանանում լույս տեսնող «Խոսնակ» թերթի էջերում մշտապես առկա է Հայաստանը, Հայաստանի առօրյան, Արցախը, նրանց վերաբերյալ կարևոր ու հետաքրքիր գրությունները։ «Խոսնակը» բացվում է Հայաստանով, և մայր հայրենիքի հետ կապը Լիբանանից էլ է պահպանվում։ Հայ ձայն-ի հետ զրույցում նշում է ՀԲԸՄ «Խոսնակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը և հավելում, որ սփյուռքահայ իրականության մեջ եթե մի պահ լուսանցք գծվի, Հայաստանն էլ մի կողմ դրվի, ակնհայտ կլինի, որ Սփյուռքի գոյությունը կվտանգված է։ «Առանց Հայաստանի մենք չենք կարող շնչել, այն Սփյուռքի կենսատու աղբյուրն է, մեր հպարտության շարժառիթը միայն ու միայն Հայաստանն է»։

60-ամյա «Խոսնակը» 12 տարվա խմբագիր Հ. Մարտիրոսյանը պատմում է, որ ստանձնելով թերթի խմբագրի պաշտոնը՝ փորձել է այնտեղ բացի Բարեգործականի աշխարհի բոլոր մասնաճյուղերի լուրերից կարևոր տեղ հատկացնել  Հայաստանին ու Արցախին, արցախյան հիմնախնդրին։ Ընդլայնվել է թերթի աշխատակիցների ցանցը, տեղ է տրվել  երիտասարդներին, ժամանակակից գործակցություն է առաջ բերվել։ «Փորձեցի փոքր-ինչ արդիականացնել, այդ իմաստով ավելի գեղեցիկ ու գրավիչ դարձավ  «Խոսնակը», և սև ու սպիտակ էջեր ունեցող թերթից այն վերածվեց գունավոր էջերով թերթի»,- գոհունակությամբ նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընդհանուր կառույցի՝ որպես տեղեկատվական կառույցի ներսում շատ բան է փոխվել։

Մարտիրոսյանի խոսքով, «Խոսնակն» արդեն թվայնացվում է: Այժմ ՀԲԸՄ-ի կայքում հնարավոր է այն առցանց կարդալ։ «Խոսնակը» նաև 1000 օրինակով տպագրվում է և տարածվում ողջ աշխարհում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Աֆրիկա, անգամ Աֆրիկայի ամենից հեռավոր ափն էլ է հասնում թերթը։

Լինելով լիբանանահայ գաղութում ակտիվ գործունեություն ծավալող մտավորական՝ Համբիկ Մարտիրոսյանը իր մտահոգությունը հայտնեց Լիբանանի հայ գաղութի ներկա վիճակի մասին՝ նշելով, որ համայնքը շատ է տուժել 1975թ սկսված և 15 տարի տևած քաղաքացիական պատերազմի պատճառով։ 300 հազար հայությունից մնաց է գրեթե 100 հազարը։ Մարտիրոսյանը ցավով հայտնում է. 1975թ Լիբանանում 56  հայկական վարժարան կար և 21 հազար աշակերտ։ Այսօր Լիբանանում 27 վարժարան կա և 6 հազար աշակերտ։ Իսկ վերջերս 6 ազգային դպրոց միավորվել է, այսինքն՝ վարժարանների թիվը դարձել 21։

«Լիբանանահայությունը բազում դժվարությունների է դիմակայում։ Դրանցից առաջինը տնտեսական դժվարությունն է։ Երկրորդը՝ ժողովրդի կենսամակարդակի՝ ժամանակակի ընթացքում իջնելու հանգաանքը: Մարդիկ հնարավորություն չունեն   իրենց զավակներին հայկական վարժարաններ ուղարկելու՝ կրթաթոշակի  թանկության պատճառով։  Գնաճի պատճառով ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, ինչն էլ հայկական դպրոցների համար կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Այդպիսով, հնարավոր է, հայկական վարժարանները ծանր կացության մեջ հայտնվեն։ Սակայն բոլորս պայքարում ենք, որ գաղութը պահի իր հայկականությունը»,- ընդգծում է Մարտիրոսյանը և ավելացնում, որ անկախ առկա դժվարություններից Լիբանանի հայկական գաղթօջախն ունի կաթողիկոսարան, ազգային կառույցներ, կուսակցություններ, հայ նախարարներ և պատգամավորներ։

Տեղի հայ մամուլը, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, ևս դժվարության առջև է կանգնած, քանի որ չկա հայկական դպրոց, չկա հայ աշակերտ, հայ համալսարանական, հայ խմբագիր, հայ ուսուցիչ... « Ընթերցողների թիվը պակասում է, և  մեծագույն ցավն այն է, որ երիտասարդությունը չի ցանկանում հայերեն կարդալ, տարված է անգլերենով։ Մենք այսպիսի դժվարությունների հետ ենք առնչվում, սակայն հնարավորինս փորձում ենք շրջանցել դեպքերը, երևույթները և թիավարում ենք գետի հոսանքն ի վեր։ Շարունակում ենք կազմակերպել միջոցառումներ, հրապարակային զրույցներ, դասախոսություններ՝ նպատակ ունենալով կապը պահպանել։

Համբիկ Մարտիրոսյանը ընդգծում է, որ լիբանանահայության շրջանում կա նաև լեզվի խնդիր։ Հայկական դպրոցներում պետք է արաբերենը լավ դասավանդվի դպրոցում, որպեսզի աշակերտները կարողանան հանձնել ավարտական քննությունները։ Գիտական բոլոր առաջարկներն էլ դասավանդվում են կա՛մ անգլերենով, կա՛մ ֆրանսերենով։ Սակայն նախկինում այս առարկաները դասավանդվել են հայերենով։ «Այժմ հայերենով դասավանդվող առարկաների քանակը նվազել է, ինչի պատճառով հայերենախոսությունը նվազում է։  Ընտանիքներում, այնուամենայնիվ, պահպանվում է հայերենով խոսքը, սակայն ոչ ամբողջությամբ, քանի որ խառն ամուսնություններ կան»,- եզրափակում է Համբիկ Մարտիրոսյանը։

 

 

 

 

ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /