• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
06.06.2018 | 11:32

Կոռուպցիայի հաղթահարման ճանապարհին․ խոսքից հետո գալիս է գործը

Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ բոլորիս ավետիս հաղորդեց։ Պարզվում է՝ հայրենի ոստիկանությունում այլևս կոռուպցիա չկա։ Դե․․․գրեթե չկա։ «Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ։ Կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել, իհարկե, չեմ բացառում, հնարավոր է, որ իմ գործընկերներից մեկ կամ երկուսը, բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի»,- սա բառացի մեջբերում էր հարգարժան պարոն ոստիկանապետի հայտարարությունից։ Պարզվում է՝ կոռուպցիայի հերն անիծելու համար անհրաժեշտ էր ընդամենը մի քանի կադրային փոփոխություն կատարել, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանությունում, ինչպես նշեց Վալերի Օսիպյանը։

Դե ինչ, փաստորեն, ունենք ևս մեկ հայկական նոու-հաու, որի արդյունքում մի ամբողջ ուժային ոլորտ ազատագրված կարելի է համարել։ Ենթադրում եմ, որ այսպիսի տեմպերով մենք մինչև տարեվերջ կոռուպցիան արմատախիլ կանենք բոլոր ուղղություններով՝ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող Corruption Perceptions Index աղյուսակում տեղ գրավելով Նոր Զելանդիայի և սկանդինավյան երկրների հարևանությամբ։

Այս առումով հիշեցի 2015 թվականը, երբ նախկին իշխանությունների կողմից հայտարարվեց, որ այսուհետ կոռուպցիայի դեմ պայքարի ծանր և ազգանվեր գործի դրոշակակիրը լինելու է այն տարիների  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ նրա նվիրյալ թիմակիցներից մեկը՝  դարձյալ այն ժամանակների «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանը։

Ծանոթանալով պայքարողների (միտումնավոր չակերտներ չեմ դնում) ամբողջական ցուցակին՝  համակվեցի հավատով, որ կոռուպցիայի դեմ հայտարարված է իրական պատերազմ, որը, բնականաբար, ավարտվելու է հանձնաժողովի փայլուն հաղթանակով։

Հիմա ավելի լուրջ։ Սկսեմ փոքրիկ պատմական ակնարկիցկոռուպցիան հայտնի է եղել դեռևս նախնադարյան հասարակարգում, չնայած նշված տերմինը, որն ունի լատինական արմատ և թարգմանաբար նշանակում է «կաշառում», «փչացում», «նեխում», իրավական ձևակերպում է ստացել շատ ավելի ուշ։ Այս երևույթի դեմ առաջին պայքարողը, եթե հավատանք պատմաբաններին, դեռևս մթա 14-րդ դարում եղել է շումերական արքա Ուրուինիմգինան։ Դրանից հետո անցել է շուրջ 3500 տարի, և այս ամբողջ ընթացքում մարդկությունը չի դադարել պայքարել այս պարսավելի երևույթի դեմ։ Գրեթե միշտ դա արվել է հիմնականում իշխանությունների միջոցով։ Բայց, քանի որ հատկապես նրանց ձեռքերում էին գտնվում օրինական և ապօրինի բոլոր լծակները, իշխանությունները, որպես կանոն, իրենք էին կամա թե ակամա դառնում կոռուպցիոն բուրգերի գագաթները։ Ահա այսպիսի պարադոքս։

Ի դեպ, ինձ շատ է դուր գալիս հանճարեղ Նիկոլո Մաքիավելիի այն միտքը, որտեղ նա կոռուպցիան համեմատում է իր ժամանակաշրջանի ամենասարսափելի հիվանդություններից մեկի՝ թոքախտի հետ, ասելով «Սկզբում այդ հիվանդությունը դժվար է հայտնաբերել, սակայն հենց այդ պատճառով էլ հեշտ է բուժում առաջարկելը։ Իսկ եթե այն բարձիթողի վիճակում է, հեշտությամբ ճանաչելի է դառնում, բայց արդեն, ցավոք, անբուժելի է»։ Հիրավի, փայլուն ձևակերպում։ 

Եվս մեկ դիտարկում։ Մեզանում շատերը կոռուպցիա հասկացողությունն ընկալում են չափազանց պարզունակ՝ դրա տակ ենթադրելով միայն կաշառակերությունը, որը, սակայն, այդ դևի գլուխներից մեկն է ընդամենը։ Ըստ իս՝ շատ ավելի վտանգավոր է կոռուպցիայի մեկ այլ, առաջին հայացքից անմեղ թվացող դրսևորումը՝ հովանավորչությունը։ Վտանգավոր է, քանի որ այն, նույնիսկ հայտնաբերվելու պարագայում, շատ ավելի դյուրին է արդարացնել, քան, ասենք, կաշառք վերցնելը կամ մեկ այլ «վերաբերմունք» ստանալը։

Միշտ էլ գտնվում են հազար ու մի արդարացնող հիմնավորումներ, շատ դեպքերում՝ միանգամայն տրամաբանական։ Սա է պատճառը, որ լսելով կոռուպցիան «արմատախիլ անելու» մասին հերթական համոզմունք-կոչը (ամենևին էական չէ, թե ով է դրա հեղինակը), անմիջապես հիշում եմ Նիկիտա Խրուշչովի՝ մինչև 1980 թվականը ԽՍՀՄ-ում կոմունիզմ կառուցելու վերաբերյալ հավաստիացումը։ Բայց արի ու տես, որ այսօր, նրա կողմից նախանշած ժամկետից գրեթե 40 տարի անց, չկան այլևս ոչ ԽՍՀՄ-ը, ոչ էլ, բնականաբար, կոմունիզմը։

Իսկ ճշմարտությունն այն է, որ ցանկացած, նույնիսկ ամենազարգացած և օրինապաշտ պետությունում (բնականաբար, մեր երկիրն էլ բացառություն չէ) միշտ էլ գտնվել են և կգտնվեն առանձին անհատներ, որոնք կգայթակղվեն իրենց ձեռքերում գտնվող հնարավորությունները (քաղաքական և ֆինանսական) սեփական ինչ-ինչ կարիքների համար ծառայեցնելու գաղափարով։ Այլ բան է, որ նրանց նկատմամբ, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, պետք է ձևավորվի անհանդուրժողականության մթնոլորտ ինչպես երկրի շարքային քաղաքացիների, այնպես էլ նրանց սահմանադրական իրավունքների գլխավոր երաշխավորի՝  իշխանության բոլոր ճյուղերի կողմից։ Իսկ նման մթնոլորտ կարող է ձևավորվել բացառապես այն դեպքում, երբ իշխանությունների կողմից կարվեն հստակ և տեսանելի իրավական քայլեր, որոնք բարի ցանկությունների ոլորտից սահուն անցում կկատարեն գործնական դաշտից։  Պոտենցիալ թալանչին, կաշառակերը, պետության և նրա քաղաքացիների հաշվին այլ դիվիդենդներ ստացող կամ մարդկանց նկատմամբ բռնություն գործած յուրաքանչյուր ոք պետք է համոզված լինի, որ օրենքը խախտելու դեպքում հայտնվելու է ճաղերի հետևում՝ անկախ իր նախկին վաստակից, թե ներկա արժանիքներից։

Սա է արդյունավետ ճանապարհը։

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /