• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
06.06.2018 | 22:33

Ի՞նչ սցենար է իրականացվում քաղաքական դաշտում

«Թավշյա» հեղափոխության «տաք» շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 20-ին, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում՝ ցուցարաների առաջ ներկայացրեց այն սցենարը, որը քայլ առ քայլ այսօր դառնում է իրականություն:

  Թերևս քչերն են հիշում ներկայացված սցենարի բովանդակությունը՝ նրանում արձանագրված կետերը: Հրապարակում հավաքված ժողովուրդն էլ թեպետ լսեց, սակայն հեղափոխական էֆորիայի ազդեցության տակ ո՛չ զգաց, ո՛չ էլ դյուզն իսկ կասկածեց, որ ներկայացված կետերը շատ ավելի խորքային ու մշակված ծրագրի հստակ քայլեր են: Իսկ գուցե ինչ-որ տեղ գրված ու հաստատվա՞ծ, գուցե ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվո՞ղ: Սրանում համոզվելու համար դեռ ժամանակ է պետք: Սակայն մի բան պարզ է, որ ոտքի վրա՝ այն էլ հեղափոխական քայլերթի «արանքում»  հեղափոխության առաջնորդ Փաշինյանն անկարող էր մշակել գործողությունների նման հստակ հաջորդականություն ունեցող ծրագիր:

  Եվ այսպես. վերաթարմացնենք ընթերցողի հիշողությունը՝ ներկայացնելով Փաշինյանի կողմից ապրիլին հայտարարված սցենարի 4 կետերը:

առաջին. Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից.

երկրորդ. Ազգային ժողովը պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին (ի դեպ, այս կետի մասին հայտարարելիս Փաշինյանը կարճ դադար տվեց ու սպասեց. շարքերից լսվեց մի քանիսի ձայնը՝ Նի-կո՛լ վարչապե՛տ, հետո այն դարձավ հրապարակի սեփականությունը: Հրապարակն ինքն էլ չզգաց, թե ինչպես մի քանիսի կոչերը հանկարծ դարձան իրենը: Ու ժողովորդի բերանից լսվեց այն, ինչը նախապես պլանավորված է):

երրորդ. ձևավորվում է ժամանակավոր կառավարություն.

չորրորդ. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր անց ԱԺ-ն   հավանություն է տալիս կառավարության ծրագրին:

  Ինչպես տեսնում եք, ամեն ինչ գնում էր ծրագրավորվածի համաձայն: Փաշինյանի ներկայացրած սցենարի երեք կետերն այսօր ամբողջությամբ  իրականություն են՝  «թավշյա» ու անցնցում տարբերակով: Ու հիմա գործընթացները ծավալվում են չորրորդ կետի իրականացման ուղղությամբ:

Պետք չէ լարել երևակայությունը՝ կանխատեսելու հնարավոր քայլերը, քանի որ  հանրահավաքային հիշյալ ելույթում Փաշինյանը նաև այս հարցում բացեց որոշ  փակագծերասելով՝ ամեն ինչ կլինի քաղաքական պայմանավորվածության համաձայն: Բառացի մեջբերեմ նրա խոսքերը. «Քաղաքական պայմանավորվածության համաձայն` ԱԺ-ն չի ընդունի Կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

 Եթե մեկ ամսում ոչինչ փոխված չլիներ, ապա վաղը մենք խորհրդարանում ականատես կլինեինք  քաղաքական հենց այս պայմանավորվածության իրականցմանը:

   Սակայն  մարտավարական փոփոխություններ, այնուհանդերձ, կան թե՛ Փաշինյանի ՔՊ-ում, թե նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի քայլերում: Նախ՝ Փաշինյանի թիմն ամենևին հակված չէ մեկ ամսում կազմակերպել արտահերթ ընտրություններ ու արդեն  հայտարարել է, որ դրանք կա՛մ կկազմակերպվեն մինչև այս տարվա ավարտը, կա՛մ եկող տարվա գարնանը: Այս ժամկետները ձեռնտու են Փաշինյանին, պատճառը շատ պարզ է, քանի դեռ ժողովրդի մոտ մեծ ոգևորություն կա, քանի դեռ պահպանվում է հեղափոխական էֆորիան պետք է անցկացնել արտահերթ ընտրություններև ժողովրդական տրամադրությունների ազդեցության տակ շահել ընտրողների գերակշիռ մասի քվեն: Այդ դեպքում Փաշինյանի կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը, կարող է նաև հետևում թողնել իր ամենալուրջ մրցակցին՝ ԲՀԿ-ին:

  Բայց մինչ այդ նախ հարկավոր է մեկ այլ գործընթաց սկսել, ինչի մասին ևս Փաշինյանը խոսել էր իր՝ ապրիլի 20-ի ծրագրային ելույթում՝ ասելով հետևյալը. «Մինչ արտահերթ ընտությունները կա մեկ նախապայման. այդ  ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից չպետք է լինեն կասկածելի, այլ պետք է լինեն 100 տոկոսով մաքուր ու արդար ընտրություններ»: Փաստորեն, սրանով էլ Նիկոլ Փաշինյանը կարևորեց  Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը:

 Օրերս Ելք-ի պատգամավոր Լենա Նազարյանն ասել էր, թե արտահերթ ընտրությունների անցկացման համար քննարկվում է երկու հնարավոր ժամկետ` այս տարվա աշունն ու հաջորդ տարվա գարունը՝ նոյեմբեր կամ ապրիլ ամիսները: Բայց նաև հավելել էր. «Էլի կախված է նրանից, թե ինչքանո՞վ արագ կկարողանանք կազմակերպել այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար»: Փաստորեն, հարցը շարունակում է մնալ առկախված:

     Խորհրդարանի պատերից ներս կատարվող իրողությունները թույլ են տալիս կանխատեսել նաև հետևյալ սցենարի իրականացումը: Եթե ԱԺ-ում Փաշինյանին սատարող ուժերը դառնում են մեծամասնություն, ապա դրանով  վերականգնվում է ուժերի բալանսը, այսինքն՝ կառավարությունն ունենում է իրեն սատարող մեծամասնություն օրենսդիրում: Սահմանադրության համաձայն՝ դա կարող է լինել միայն  արտահերթ ընտրությունների միջոցով: Սակայն պարզվում է՝ գտնվել է ելքը: Դա  ՀՀԿ-ի փոքրամասնություն դառնալն է՝ ՀՀԿ-ից պատգամավորների արտահոսքի միջոցով: Եվ այսօր մենք դրա ականատեսն ենք: ՀՀԿ խմբակցությունից արդեն 6 պատգամավոր հեռացել է, արդյունքում՝ խմբակցությունն այլևս  ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն չէ:

Հարց է առաջանումինչո՞ւ է ՀՀԿ-ն գնում նման «զոհողության»: Բանն այն է, որ այդ կերպ  ամեն ինչ կարծես իր տեղն է  ընկնում: Դա ձեռնտնու է նախ Փաշինյանի կառավարությանը, որովհետև վերջինս, առանց հրատապ արտահերթ ընտրություններ հրավիրելու, ԱԺ-ում ունենում է մեծամասնություն: Սա նաև ձեռնտու է  ՀՀԿ-ին, քանի որ ընտրությունների հետաձգումը նախկիններին օդ ու ջրի պես հարկավոր է՝ սեփական ուժերը  վերակազմակերպելու և կատարվածից ուշքի գալու համար: Իսկ որոշ գործարար պատգամավորների հեռացումն իրականում ՀՀԿ-ի համար ամեևին էլ զոհողություն չէ, գուցեև հակառակը՝ զտում է ու ինքնամաքրում:

 Մեկ հիշեցում ևս. ՀՀԿ-ականները հաճախ են խոսում 2022-ի ԱԺ ընտրություններին նախապատրաստվելու մասին: Գուցե իրոք այդպես էլ լինի՞:

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /