• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
07.06.2018 | 16:35

Բաքվի սպասումները և իրականությունը

    Ռամադան ամսվա արարողությունների շրջանակներում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն ընդունելություն է կազմակերպել, որին ներկա է գտնվել նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի առաջնորդը: Ծիսակատարությանը հրավիրված էր Իլհամ Ալիեւը, որը կրոնական արարողության ժամանակ հարկ է համարել հնչեցնել քաղաքական հայտարարություններ՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Ալիեւը հպարտացել է, որ իրեն հաջողվել է Հայաստանը մեկուսացնել տարածաշրջանային տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերից: Այդ քաղաքականության արդյունքում, ըստ Ալիեւի, տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են լքում Հայաստանը, որտեղ խորանում է ժողովրդագրական ճգնաժամը:

 

  Ադրբեջանի այդ քաղաքականությունը, ինչպես Ալիեւն է ձեւակերպել, պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվում, Հայաստանը շարունակում է գրաված պահել ադրբեջանական տարածքները:

 

     Ալիեւի այս ընդգծումը վկայում է, որ Ադրբեջանում խորապես անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներով: Բաքվում , ըստ երեւույթին, կատարել են քաղաքական հաշվարկ եւ համոզվել, որ Հայաստանի ժողովրդավարական ընտրությունը նոր հեռանկար է բացում, եւ միջազգային ազդեցիկ ուժերը կարող են առաջադրել Հայաստանի շրջափակումը ճեղքելու խնդիր:

 

     Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները դիվանագիտական խողովակներով շոշափում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Թուրքիա-Հայաստան բանակցությունների հնարավորությունը: Ընդսմին, հղում է արվում Թուրքիայի ԱԳՆ անանուն աղբյուրներին: Ճիշտ է, թուրք փորձագետները շարունակում են ադրբեջանական կողմին վստահեցնել, որ Անկարան չի գնա Հայաստանի ապաշրջափակմանը՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում առաջընթաց տեղի չունենա, բայց Բաքվում հակված են ենթադրելու, որ Հայաստանի դերի եւ աշխարհաքաղաքական կարեւորության վերագնահատման միջազգային միտումներ կան, որոնք կարող են բերել հայ-թուրքական սահմանի բացմանը:

 

   Այս տեսակետից կարեւորվում է, որ վերոնշյալ կրոնական ծիսակատարության ընթացքում Իլհամ Ալիեւը, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թեմայով, իրեն բնորոշ միլիտարիստական հայտարարություններ չի արել: Նա ընդամենը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունը չի կրկնի նախորդին, այլ գործնական բանակցություններ կսկսի, որոնց արդյունքում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծում:

 

   Ըստ երեւույթին, դա պետք է համարել Հայաստանի վարչապետի հետ հանդիպման պատրաստակամություն: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է այդ հանդիպումը կազմակերպել հնարավորինս սեղմ ժամկետներում: Դա , թվում է, ունի շատ տրամաբանական բացատրություն: Պաշտոնական Բաքուն նպատակ է դրել հասնել նրան, որ Հայաստանի նոր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի խնդրում վերահաստատի նախկին մոտեցումները:

 

    Այսինքն, Ադրբեջանում զգուշանում են, որ Հայաստանի նոր իշխանությունը կարող է առաջիկայում միջազգային ավելի մեծ աջակցություն ստանալ, ինչը, բնականաբար, թույլ կտա Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում առաջադրել հայկական կողմի նոր մոտեցումները: Որպեսզի դա տեղի չունենա, ադրբեջանական կողմը նպատակ է դրել միջնորդների ուշադրությունը սեւեռել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու առաջնահերթության վրա՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: Ալիեւի հայտարարության ենթատեքստը հենց այդ սպասումն է:

 

     Իրականությունը, սակայն, այն է, որ հայկական կողմն այսօր ունի բանակցություններում նոր գաղափարներ առաջադրելու հնարավորություն, որը ենթադրում է քննարկումներին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության շուրջ միջնորդների հետ սկզբունքային քննարկումներ: Նոր իրավիճակը բոլորովին ձեռնտու չէ Ադրբեջանին:

 

   Բաքվում հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իրական ճեղքում կլինի, եթե ԼՂ ապագա կարգավիճակի հարցով բանավեճը տեղափոխվի Բաքու-Ստեփանակերտ ուղղակի երկխոսության հարթություն: Դա այն է, ինչից Ադրբեջանում զգուշանում են ինչպես կրակից:

 

   Այսպիսով, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծվել է բացառիկ կարեւորության պահ: Տրամաբանական է թվում, որ այս իրավիճակում հայկական կողմը պետք է դիվանագիտական բոլոր հնարավորությունները եւ միջոցները գործի դնի, որպեսզի, այսպես ասած, նախապատրաստական փուլը հնարավորինս տեւական լինի:

 

  Ժամանակային այդ «պաուզան» կարող է օգտագործվել՝ ճշտելու ուժային կենտրոնների հետ հարաբերությունները: Այդ ընթացքում Ադրբեջանը փորձելու է Ռուսաստանում հասնել ցանկալի արդյունքի: Այսինքն, Իլհամ Ալիեւը հայտնվելու է իրավիճակում, երբ հարկ է լինելու ընտրություն կատարել: Իսկ դա կարող է Ադրբեջանի համար նշանակալի լինել: Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը չպետք է ինքնանպատակ լինի: Հայկական կողմն ունի գործընթացի բովանդակային եւ ֆորմատի փոփոխության հասնելու շոշափելի հնարավորություն, որը հարկ է օգտագործել զգույշ եւ խնայողաբար:

 

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /