• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
08.06.2018 | 13:34

Այդ քաղցր և դառը բառը՝ քննադատություն, կամ ինչո՞ւ են սիսիանցիները ստիպված ճանապարհ փակում

Երեկ Ազգային ժողովի նիստում հանրապետական պատգամավորները իրար հաջորդելով քննադատում էին նոր կառավարության ծրագիրը։ Չնայած ինքս էլ հակված եմ կարծելու, որ այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ է կրում, սակայն ինձ մոտ ցանկություն առաջացավ հակադարձելու քննադատողներին։

   Հարգելիներս, բնականաբար, մի քանի շաբաթում այլ որակի ծրագիր, այն էլ՝ անփորձ և տեղեկատվության ակնհայտ պակաս ունեցող թիմով, մշակել հնարավոր չէր։ Բայց մի՞թե ձեր թվերով լեցուն և բարեհունչ ծրագրերն այդքան անթերի էին։ Եվ կարո՞ղ էին արդյոք այդպիսին լինել, եթե գրվել են կուլուարներում և հիմնականում հաշվի չեն առել հանրության կարծիքը։  Եվ ամենակարևորը, արդյո՞ք դուք այսօր կհայտնվեիք այսպիսի վիճակում, եթե ժամանակին ընդունակ լինեիք քննադատել և նաև լսել քննադատությունը։

    Բերեմ մի օրինակ։ Երբ հայրենի կառավարությունը որոշեց նախաձեռնել համայնքների հերթական խոշորացման գործընթացը, մարզերի բնակչության առնվազն 90-95 տոկոսը դրան դեմ էր։ Մարզաբնակ հայաստանցիներն իրենց կաշվի վրա զգացել էին, թե ինչի հանգեցրեց առաջին նմանատիպ փորձը, երբ երրորդ հանրապետության գոյության արշալույսին ինչ-ինչ պատճառներով երկրի վարչատարածքային բաժանման փոփոխություն կատարվեց ու արդյունքում նախկին շրջանները միավորվեցին մարզերին։

 Ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, թե ինչպիսի վեճեր էին գնում ապագա մարզկենտրոնների ընտրության վերաբերյալ, մասնավորապես, Սյունիքի մարզկենտրոնի առնչությամբ, երբ Գորիս և Կապան քաղաքների միջև լուրջ հակամարտություն էր ծավալվել մարզի գլխավոր քաղաք դառնալու համար։

  Ինչևէ, արդեն այն տարիներին պարզ դարձավ, որ այս գաղափարն անհաջող էր։ Հիմնական պատճառն այն էր, որ որոշ մարզերի պարագայում մարզկենտրոնի և մյուս բնակավայրերի միջև հսկայական տարածությունները և տրանսպորտային ենթակառուցվածքների թերզարգացվածությունը հանգեցրին նրան, որ մարզերի բնակիչների կապը մարզկենտրոնի հետ հետզհետե թուլացավ։ Ով մի փոքր գաղափար ունի Հայաստանի աշխարհագրության մասին, պետք է լավ պատկերացնի, թե որքան դժվար է (իսկ ոչ բարենպաստ եղանակի պայմաններում՝ պարզապես անհնար), ասենք, անհրաժեշտության դեպքում Սյունիքի մարզի Գոռայք գյուղի բնակչի համար հասնել մարզկենտրոն Կապան, մեկ օրվա ընթացքում ավարտել գործերը և վերադառնալ։ Բայց դրանից դասեր քաղելու և ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու փոխարեն որոշվեց իրականացնել համայնքների նոր խոշորացում։ Այս քայլն արդեն ինքնուրույն տնտեսվարելու հնարավորություններից զրկեց հարյուրավոր համայնքների, էլ ավելի ծանրացնելով նրանց՝ առանց այդ էլ անմխիթար վիճակը։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է հեռավոր և սահմանամերձ համայնքներին։ Ավելին, պարզվում է, դա էլ դեռ բավական չէ։

   Օրերս զարմանքով տեղեկացա, որ դեռևս նախորդ կառավարության որոշմամբ լուծարվում է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, կամ պարզ ասած՝ Սիսիանի հիվանդանոցը։ Չնայած սա, ամենայն հավանականությամբ, հատկապես նախկին առողջապահության նախարարի և նրա «հանճարեղ» թիմի մտքի հերթական արգասիքն էր, բայց տրամաբանորեն տեղավորում է մարզերի հերն անիծելու քաղաքականության մեջ։ Փաստորեն, Սիսիանի տարածաշրջանին, որն իր մեծությամբ առաջատարներից մեկն է Հայաստանում, որոշվեց զրկել հիվանդանոցից։

  Նույն այդ Գոռայք կամ Սառնակունք գյուղի բնակիչը, որն, ինչպես և Հայաստանի բնակչության գերակշիռ մասը, առանց այդ էլ դիմում է բժշկական օգնությանը միայն երբ «դանակը ոսկորին է հասնում», պարզապես չի մեկնի Գորիս կամ Կապան՝ հնարավորություն չունենալու պատճառով։ Ուստի, ամենևին զարմանալի չէ, որ Սիսիանի բնակչությունն ու բուժմիավորման աշխատակիցները որոշել են որպես բողոքի նշան հունիսի 8-ին փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ իսկը մեր ժամանակի ոգով։

   «Աշխարհում անսահման է ընդամենը երկու բան՝ Տիեզերքն ու մարդկային հիմարությունը, ընդ որում Տիեզերքի մասով ես այնքան էլ համոզված չեմ»։ Հանճարեղ Ալբերտ Էյնշտեյնին վերագրվող այս ասույթը ես կլարցնեի նաև «անտարբերությունը» բառով։ Տվյալ դեպքում՝ քաղաքական այրերի, որոնց մի մասն իսկի գաղափար էլ չունի, թե ինչպես են գոյատևում հեռավոր մարզերի բնակիչները, մյուս մասն էլ պարզապես թքած ունի։ Դե մարդկանց էլ մնում է մայրուղի փակելով փորձել ուղղել իրավիճակը։ Հուսանք, որ նոր կառավարությունը ականջալուր կլինի սիսիանցիների պահանջին և կվերացնի այս որոշում- թյուրիմացությունը։

ԳՈՌ ԱՐՄԵՆՅԱՆ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /