• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
08.06.2018 | 16:17

ՀՀ ցանկացած ղեկավար, եթե ԼՂ հարցում մի կողմ քաշվի ՝ քաղաքական ինքնասպանություն կգործի

 

   Հարցազրույց ՀՀԿ նախկին պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

   -Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ,  Սերժ Սարգսյանը՝ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, և դրանով նրանք ունեցել են Արցախի անունից բանակցելու մանդատ: Մինչդեռ ինքը դա չունի՝ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական առումով: Սա չի՞ նշանակում կողմ քաշվել, եթե այո, ապա նման քաղաքականություն չի կարո՞ղ  վտանգավոր լինել Արցախի համար:

 -Նիկոլ Փաշինյանը քաղաքական  քայլ է անում, որով, փաստորեն, ասում է Ադրբեջանին, որ առանց Արցախի բանակցային  գործընթաց չի կարող գոյություն ունենալ: Ամեն  դեպքում, ես այդպես եմ ուզում հասկանալ վարչապետի հայտարարության իմաստը: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի որևէ ղեկավար չի կարող Արցախի հարցում կողմ քաշվել, չի կարող երբևէ նման կասկածների տեղիք տալ, կլինի Նիկոլ Փաշինյանը,  թե Փաշինյան Նիկոլը, կամ մեկ ուրիշը: Ի՞նչ ասել է՝ չունեմ մանդատ: Այդ մանդատը որևէ մեկին պաշտոնապես չի տրվել: Հակամարտության կողմերը բանակցել են ու կնքել բիշքեկյան համաձայնությունը, որի ժամանակ էլ տրվել է մանդատը:  

 Այնպես որ,  Փաշինյանի ասածը համարում եմ ընդամենը տակտիկական քայլ, քանի որ Հայաստանի ցանկացած ղեկավար, ինչպես ասացի, չի կարող մի կողմ քաշվել արցախյան խնդրի լուծումից,  դա իր համար հավասար կլինի քաղաքական ինքնասպանության:

  Ցանկացած ՀՀ քաղաքական գործիչ, եթե  փորձի թոթափել Արցախի «բեռը», դրանով ինքն իրեն կոչնչացնի, ով  ուզում է լինի այդ  գործիչը: Հայ ժողովուրդն ամեն ինչ կների, մենք ներող ժողովուրդ ենք, բայց Արցախի հարցում  ոչ մեկին չի կարող ներել:

 Ես կարծում եմ, որ Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ  դիվանագիտական տակտիկական քայլ են ու չեմ հավատում, որ թե ինքը կամ մեկ այլ  ՀՀ ղեկավար կարող է  մի կողմ քաշվել:

  -Երեկ Մոսկվայում կայացավ ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջին լուրջ հանդիպումը, որտեղ ՌԴ նախարարն ասել է հետևյալ միտքը. «Եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, որին մենք հարգանքով կվերաբերվենք»:  Փաստորեն, Լավրովը խնդրը թողնում է կողմերի վրա, լավ գիտենալով, Ադրբեջանը մերժելու է  ու Արցախի մասնակցության հարցը դարձյալ մտնելու է փակուղի:

 -Համենայնդեպս,  Լավրովի հայտարարության մեջ ես դրական նոտաներ եմ տեսնում, նա ուղղակիորեն չի ասում, որ իրենք համաձայն են, ու շեշտում է, եթե կողմերը  համաձայնվեն համանախագահներից ոչ մեկը չի փորձելու  իր կամքը թելադրել: Իմ տպավորությամբ, Լավրովն այս հայտարարությամբ ասում է, որ դեմ չէ Արցախի մասնակցությանը: Դիվանագիտական մտածողությամբ տողատակում է ասված բուն ասելիքը:

   Ինչ- որ պահի Արցախն անպայմանորեն պետք է ներկայացված լինի բանակցություններում: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, չէ՞ որ առանց Արցախի ժողովրդի ու Արցախ պետության համաձայնության  Հայաստանը որևէ որոշում կայացնելուիրավունք չունի: ՀՀ-ն առանց խորհրդակցելու Արցախի ժողովրդի ու պետության հետ որևէ քայլ անել չի կարող: Սրա հետ մեկտեղ, Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորն է   բոլոր ուղղություններով՝ և՛ բանակցային գործընթացում, և՛ ռազմական գործողությունների ժամանակ,  և՛ տնտեսական օգնության հարցերում, ու որևէ մեկը չի կարող այդ դերակատարումը փոխել:

 -Պարոն Հարությունյան, ինչ կասեք այս օրերին Արցախում տեղի ունեցող գործընթացների՝ բողոքի ցույցերի, պաշտանակությունների առնչությամբ: Հայաստանում կա անհանգստություն, որ դրանք կամ դրսից են հրահրվում, կամ  ներհայաստանյան հեղափոխության արձագանքն են, կամ էլ այնքան են կուտակվել ներքին խնդիրները, որ մարդիկ չկարողացան չբարձրաձայնել, ու բողոքի ձայնը չուշացավ:

  -Իմ  խորին համոզմամբ, Արցախում կատարվողը  դրսից ուղղորդված գործողություններ չեն,  հայաստանյան  դեպքերի ֆոնի վրա կատարված իրողություն է ու դա զարմանալի  չէ, որ եղավ: Եթե ՀՀ-ում չլիներ թավշյա հեղափոխություն, ապա  Արցախում էլ նման բան չէր լինի: Այնպես որ, դա  համարում եմ հայաստանյան դեպքերի արձագանքը: Արցախում կան կուտակված  բավականին շատ խնդիրրներ, ինչին ինքս, որպես արցախցի, մանրամասնորեն ծանոթ եմ: Բայց այդ մասին շատ դեպքերում չենք բարձրաձայնել՝ ելնելով   անվտանգության խնդրից ու Արցախում հասարակական համերաշխության պահպանման տեսանկյունից: Բայց անձամբ ես, իմ պատգամավոր եղած ժամանակ և որպես Արցախ Հայրենակցական միության նախագահ այդ հարցերով շատ եմ խոսել  ընկերներիս հետ, հորդորել եմ, որ  պետք է ուշադիր լինել և թույլ չտալ, որ  Արցախում  սոցիալական խնդիրները վերածվեն սոցիալական բունտի: Բայց իմ  մտահոգությունները կատարվեցին ու Ջինը դուրս եկավ շշից:

    -Այնուհանդերձ, համաձայն չե՞ք, որ Արցախի ղեկավարությունը գտնվեց խելացի,  չսպասեց, որ բորբոքվեն բողոքի տրամադրությունները,  ինչը կարող էր թանկ նստել պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար: Բակո Սահակյանը արագ գնաց  կոնկրետ  քայլերի՝ կատարելով ժողովրդի ներկայացրած պահանջները ու նպաստեղ լարվածության թուլացմանը:

  -Լիովին համաձայն եմ ձեր դիտարկման հետ: Բակո Սահակյանը շատ կշռադատված մոտեցում ցուցաբերեցանմիջապես ականջալուր եղավ ժողովրդի պահանջներին ու կտրուկ քայլերով  մեղմեց բողոքի ալիքը:

   Բայց իմ համոզմամբ, այդ քաղաքական ռեֆորմները պետք է շարունակվեն: Հատկապես, դա վերաբերվում է կադրային քաղաքականությանը: Արցախում իրավիճակը նուրբ է գյուղապետերի, քաղաքապետերի ընտրության ժամանակ անպայմանորեն պետք է հաշվի առնել ժողովրդի տրամադրություններն ու  ցանկությունը և «ուժային» մեթոդով չպետք է նշանակվեն  տարածքային ղեկավարներ, ինչպես նաև  չպետք է լինեն կլանային, քավոր, սանիկ կապերի հիման վրա: Ես դեմ եմ այն թեզին, որ անպայման պետք է ուժային կառույցների  ղեկավարները նշանակվեն շրջանի ղեկավարներ: Հարկավոր է հաշվի առնել ժողովրդի ցանկությունը: Ինքս ժողովրդից ստացել եմ բազմաթիվ նամակներ՝  շրջանների ղեկավարների փոփոխության հետ կապված առաջակներով:

 Բակո Սահակյանն այժմ շատ ճիշտ քայլեր է անում, ինչը ես ողջունում եմ. և գտնում եմ, որ եթե նա այդ քայլերը  հասցնի տրամաբանական ավարտի, ապա Արցախում ամեն ինչ նորմալ ընթացք կունենա:

 - Արայիկ Հարությունյանի քայլը՝ պետնախարարի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելը, զարմացնող չէ՞ր:  Ինչո՞ւ գնաց նման քայլին, գուցե քաղաքական  դաշտում  ակտիվ գործունեորւթյուն ծավալելու նպատա՞կ ունի:

 -Սպասեք մեկ երկու ամիս ու ճշգրիտ պատասխանը կստանաք: Բայց  հիմա  ասեմ, որ դա նրա կողմից տակտիկական հնարք  էր,  նա երիտասարդ գործիչ է, բավականին խոստումնալից ապագայով, կուսակցության ղեկավար  է: Իսկ առաջիկայում  Արցախում կարող են լինել նոր քաղաքական վերադասավորումներ,  ի վերջո, 2020 թվականի ընտրությունները սարերի հետևում չեն: Կարծում եմ, Հարությունյանը հարժարական տվեց նախապատրաստվելու համար:

  ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /