• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
11.06.2018 | 14:02

Խոստովանություն ադրբեջանական ձևով

Հարևան հանրապետության խորհրդարանում բնակավայրերի վերանվանման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքիր և սկզբունքային նշանակություն ունեցող բանավեճ է ծավալվել:

   Խորհրդարանի՝ տարածաշրջանային հարցերով կոմիտեի նիստի օրակարգում դրված է եղել գյուղական տասնհինգ բնակավայրերի վերանվան հարցը: Իր ելույթում պատգամավոր Արիֆ Ռահիմզադեն հայտարարել է, որ ադրբեջանական պետությունը կերտել է խորհրդային իշխանությունը և պատմությունը պետք է հարգել:

   Նա փաստացի դեմ է արտահայտվել բնակավայրերի անվանափոխությանը և, մասնավորապես բերել է Միխայլովկա գյուղը Չեմենլի վերանվանելու օրինակի վտանգավորությունը: Պատգամավորը նշել է, որ Միխայլովկան պատմական գյուղ է, այնտեղ նախկինում ապրել են ռուսներ: Գյուղը հիմնական բնակիչներից դատարկվել է Ադրբեջանի անկախացումից հետո, բայց, ինչպես ադրբեջանցի պատգամավորն է ասել, դա չպետք է դառնա անվանափոխության պատճառ:

   Ռահիմզադեի հայտարարությունը խիստ քննադատական արձագանք է գտել ադրբեջանական մամուլում: Մի շարք հոդվածների հեղինակների կարծիքով՝ պատգամավորը թույլ է տվել լուրջ քաղաքական սխալ, երբ ասել է, որ ադրբեջանական պետությունը կառուցվել է խորհրդային իշխանության ժամանակաշրջանում: Հրապարակումների հեղինակները գտնում են, որ Ռահիմզադեն ճիշտ չի գնահատում Ադրբեջանի պատմությունը, նվաստացնում է 1918-20թ.թ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը:

    Բանավեճը հետաքրքիր է նրանով, որ բացահայտում է ադրբեջանական հասարակության՝ սեփական անցյալի մասին պատկերացումների երկվությունը: Չնայած հարյուր տարվա պետական կյանքին, Ադրբեջանում այդպես չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել՝ եղե՞լ է պատմական Ադրբեջան, թե՞ այդ անվանումով պետությունը միայն խորհրդային իշխանության ծնունդն է: Ըստ այդմ, միանգամայն անիմաստ են այն պատմագիտական ուսումնասիրությունները, որոնք գրվել են վերջին երկու տասնամյակներին՝ պետական պատկերով:

      Այդ նախաձեռնության հեղինակը Հեյդար Ալիևն էր, նրա գործի շարունակողն՝ Իլհամ Ալիևը, որը Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի առջև դրել է խնդիր՝ ապացուցել, որ վաղնջական ժամանակներից սկսած գոյություն է ունեցել ադրբեջանական պետություն, թուրք-ադրբեջանցիները Հարավային Կովկասում եկվոր չեն, այլ նախաբնիկ ժողովուրդ են և այլն: Գրքեր գրվում են, նկարահանվում են ֆիլմեր, պետական քարոզչությունն օրնիբուն պնդում է ադրբեջանական  բազմադարյա պետության և ազգային ինքնության թեզերը, բայց, ինչպես ցույց է տալիս պատգամավոր Ռահիմզադեի հայտարարությունը, իրական կյանքում ադրբեջանցիները խիստ կասկածանքով են վերաբերվում այդ ամենին, գերադասում են պատմական անցյալի մասին այդ ամբողջ քարոզչությունը մի կողմ դնել և խոստովանել, որ ադրբեջանական պետությունը ստեղծվել է խորհրդային իշխանության կողմից:

  Այս համատեքստում ծագում է նաև ազգային ինքնության գնահատման խնդիրը: Փաստորեն, Ռահիմզադեն խոստովանել է, որ իբրև քաղաքականապես կազմակերպված հանրություն՝ ադրբեջանցիները խորհրդային դարաշրջանի ծնունդ են, մինչ այդ չեն ունեցել ազգային ինքնություն: Եվ բնական է նաև նրա ընդդիմախոսների սուր արձագանքը: Չէ՞ որ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում փորձում է միջազգային կարծիք ձևավորել, որ պատմականորեն դա ադրբեջանական տարածք է և ազգային ինքնության դրսևորումներից մեկն է: Իսկ եթե հարցին մոտենում ենք պատգամավոր Ռահիմզադեի գնահատականի տեսանկյունից, ապա ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղը խորհրդային իշխանության կամքով է մտցվել Ադրբեջանի կազմ:

   Հնարավոր է, Ռահիմզադեն էապես չի հասկացել, թե ի՞նչ սարսափելի դատավճիռ է կարդում Ադրբեջանին և նրա իշխանությանը: Բայց, ինչպես ասում են, խոսքը թևեր ունի, նրա ասածը տարածվել է, վերլուծվել, քննադատվել: Խնդրի շուրջ արտահայտվել են բազմաթիվ այլ տեսակետներ:

Այս ամենից պարզ է դառնում մի բան՝ Ադրբեջանում պետական և ազգային ինքնության շուրջ միասնական, պատմականորեն և ազգային մշակույթով ամրապնդված տեսակետ չկա: Այդ երկրում ազգային ինքնակազմակերպվածության գործընթացը դեռևս ավարտված չէ: Սա շատ էական է, մանավանդ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման տեսանկյունից:

   Այսինքն, նաև ազգային ինքնագիտակցության տեսակետից է Լեռնային Ղարաբաղն առանձնանում, որովհետև պատմականորեն և մշակույթի տեսակետից այն եղել է հայկական ինքնության մաս:

   Պատգամավոր Ռահիմզադեի խոստովանությունն, այսպիսով, Ադրբեջանի համար մեծ անհարմարություններ է ստեղծել: Կարևոր չէ, որ նրան կարող են լռեցնել: Էական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանը կարող է անվանափոխության ցանկացած հիմար որոշում ընդունել: Մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանը որպես պետություն չունի ազգային ինքնագիտակցություն:

 

 

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /