• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան, Արցախ
11.06.2018 | 20:35

Նախիջևանի ռազմականացում՝ Թուրքիայի ուղղակի միջամտությամբ

  Նախիջևանը Թուրքիայի միջամտությամբ ռազմականացվում է: Թուրքիան և Ադրբեջանը միասնաբար թե՛ թուրքական, թե՛ այլ պետության արտադրության ռազմական տեխնիկա և սպառազինություն են կուտակում Նախիջևանում:

   Այս մասին Հայ Ձայնի հետ զրույցում նշեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը՝ հավելելով, որ Նախիջևանում զինտեխնիկայի կուտակումները, համալրուները ընդհանուր առմամբ պետք է դիտարկել տարածաշրջանային ռազմական, ռազմաքաղաքական զագացումների համատեքստում:

  «Դրանք, նախևառաջ,  անուղղակիորեն կապված են մերձավորարևելյան, սիրիական զարգացումների հետ, որտեղ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում առկա են շահերի բախումներ: Մյուս կողմից, որպես Թուրքիայի և Ռուսաստանի շահերի բախման օջախ մենք տեսնում ենք հենց Նախիջևանը: Տարածաշրջանային վերջին զարգացումներում,  որտեղ Թուրքիայի և ՌԴ-ի շահերը որոշակիորեն բախվում են,  Նախիջևանի ուղղությամբ ռազմականացման նման տեմպերը երկու երկրների շահերի բախման արտացոլումն ու անդրադարձն են»,- նշում է փորձագետը:

Վերջինիս դիտարկմամբ, Թուրքիան փորձում է ռազմական տեխնիկայով և անձնակազմով, ադրբեջանական զինվորականներով համալրել Նախիջևանը: Ի հակակշիռ սրան, Ռուսաստանը փորձում է Հայաստանի հետ պահպանել ուժերի միջև հավասարակշռությունը:

    Վերանյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջերս ստորագրվեց և վավերացվեց հակաօդային պաշտպանության համակարգերի  մասին պայմանագիրը, որն էլ իր հերթին  հակակշիռ է Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայության:

 «Հայ-ռուսական համատեղ զորամիավորման ստեղծման մասին պայմանագիրը նույնպես միտված է որոշակիորեն զսպել Նախիջևանից եկող թուրքական մարտահրավերները: Ընդհանուր առմամբ, պետք է այս ամենը դիտարկել տարածաշրջանային զարգացումների և շահերի   համատեքստում»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հենց այնպես ռազմական տեխնիկա չի կուտակվում, չնայած որոշ փորձագետներ գտնում են, որ դա Արցախից կամ Հայաստանից եկող վտանգները հնարավորինս զսպելու համար է և ունի զուտ  պաշտպանողական նպատակ:

«Այն հանգամանքը, որ ռազմական տեխնիկայի և սպառազինության մեծ մասը ունի հարձակողական նշանակություն, ցույց  է տալիս, որ որոշակի մարտահրավերներ,այնուամենայնիվ,  առկա են, և դրանց հետ պետք է հաշվի նստել: Կարծում եմ, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հակազդելու, զսպելու այդ ռիսկերը»: 

  Անդրադառնալով այն հարցին, որ նախօրեին հայկական կողմը մի խումբ ադրբեջանցի «սգավորների»՝ իրենց իսկ խնդրանքի համաձայն թույլատրել էր մոտենալ Նախիջևանի Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին, Վերանյանը կարծիք հայտնեց, թե նման գործընթացների պարագայում  ադրբեջանական կողմը մշտապես հակահայկական համատեքստով քարոզչություն է իրականացնում:

  «Պետք չէ թերագնահատել նման խնդիրները, ոչ էլ գերագնահատել, քանի որ դրանք շատ հաճախ ուռճացվում են և իրականության հետ շատ քիչ աղերս են ունենում: Որպես կանոն նման դեպքերն Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են տեղեկատվական նշանակության համար՝ մի կողմից Ալիևը դրանով փորձում է հասարակությանն ի ցույց դնել, որ իրենք այս ոլորտում լուրջ հաջողություններ ունեն՝ փորձելով հասարակության մեջ իր իշխանությունը հնարավորինս ամրապնդել, մյուս կողմից նման քարոզչություններով, մանիպուլիացիաներով փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ այս կամ այն հարցի ակտուալությունը, որպեսզի  դա օգտագործվի ի շահ իրենց պետության և հասարակության»,- ընդգծեց Վերանյանը՝ հավելելով, որ պետք չէ հիմնվել  ադրբեջանական տեղեկատվական աղբյուրների վրա, քանի որ դրանց մեծ մասն ունի քաղաքական բնույթ և միտված է հայ հասարակությանը տեղեկատվական ու հոգեբանական քարոզչության ենթարկելուն:

ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ


    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /