• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Հարցազրույց, Հայաստան
11.06.2018 | 22:01

«Որքան ուշ, այնքան լավ ՀՀԿ-ի համար». Վիգեն Հակոբյան

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտահերթ խորհրդարանական  ընտրություններն անցկացվելու են մեկ տարվա ընթացքում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ որքան ուշ անցկացվեն խորհրդարանական ընտրությունները, այնքան բարենպաստ կլինի  ՀՀԿ-ի համար: 

«Այսօր Հանրապետականի քաղաքական կշիռը ընտրողների մոտ բավականին ցածր է: Կարծում եմ՝ կուսակցության մոտ ևս բավականին վատ բարոյահոգեբանական վիճակ է, քանի որ իր համար անսպասելիորեն  կորցրեց իշխանությունը: Հանրապետականը պետք է այս ընթացքում լուծի իր գլխավոր խնդիրը՝ ռեմբրենդինգ անի և փորձի ազատվել այն դեմքերից, որոնք ընտրողների մոտ ալերգիա են առաջացնում: Առնվազն պետք է փորձի փոխել ֆասադային մասը և հանդես գա որպես իրական քաղաքական միավոր, այլ ոչ թե այն տեսքով, որով Հայաստանի բնակչության մոտ ասոցացվում էր օլիգարխիկ, նույնիսկ քրեական կառույցի հետ և ոչ թե քաղաքական: ՀՀԿ-ն պետք է փորձի ամրացնել իր շարքերը և պահի նրանց, ովքեր կմնան և պետք է սպասի, թե առաջիկա ամիսների ընթացքում ինչ սխալներ կանի Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը:
Այսինքն, հաջողությունը կապված է ոչ միայն սեփական աշխատանքի, այլև նրա հետ, թե այսօրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը թիմը ի՞նչ հաջողություն կունենա, կկարողանա՞ արդարացնել այն բարձր վստահությունը, որը վայելում է այս պահին»,-  ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց  Վիգեն Հակոբյանը:

Մեր հարցադրմանը, թե ՀՀԿ-ն այս պահին այդքան հեղինակազրկվա՞ծ է, որ անգամ իր ֆինանսական ռեսուրսները չեն կարող օգնել ընտրություններում բավարար չափով քվե հավաքել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլորի համար պարզ է, որ ՀՀԿ-ն՝ ունենալով ֆինանսական ռեսուրսներ, և պահպանելով վարչական ռեսուրսները իրավապահ համակարգում, տեղական մարմիններում, կարող է որոշակի արդյունքի հասնել: Բայց եթե ընտրությունները հիմա անցկացվեն, ՀՀԿ-ի մոտ գերխնդիր կդառնա անցողիկ շեմն անցնելը: Սա այս պահի համար, բայց մեկ տարի հետո լիովին այլ պատկեր կլինի, որի արդյունքի վրա մի շարք գործոններ ազդեցություն կունենան, այդ թվում՝ ՀՀԿ-ի ընթացիկ վիճակը, օրվա իշխանությունների գործունեությունը, ռեգիոնալ քաղաքականությունը, աշխարհում կատարվող իրադարձությունները և այլն»:

Անդրադառնալով այն հարցին, թե ՀՅԴ-ն ինչ ֆորմատով կմասնակցի ընտրություններին, Վիգեն Հակոբյանը նշեց. «Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների ընտրությունները, Դաշնակցությունը կորցնում է միայնակ անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը: Կարծում եմ՝ Դաշնակցությունը նորից փորձելու է որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելով մասնակցել ընտրություններին»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ արտախորհրդարանական ուժերը ևս կփորձեն  ակտիվություն ցուցաբերել:

«Ընտրություններն ամբողջովին տարբերվում են սովորական քաղաքական պրոցեսներից: Ընտրությունների ժամանակ շատ կարևոր գործոններ են՝ ունենալ կառույցներ, լրատվամիջոցներ և փորձ: Տեսեք, հիմա, որ ՕԵԿ-ը սկսել է ակտիվանալ, կարծում եմ, որ որոշակի ամբիցիաներ կունենա, քանի որ այդ կուսակցությունը ունի կառույցներ, ունի հեռուստաընկերություն, կարծում եմ նաև՝ ֆինանսներ և արտաքին կապեր»,- ընդգծեց Հակոբյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ այն դեռ պահպանում է քաղաքական միավոր լինելու իր նշանակությունը:

«Դժվար է ասել, թե որքանով է դա ինտիտուցիոնալ, քանի որ ՀԱԿ-ը մի քաղաքական միավոր է, որը համախմբված է Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ:  Այս պահին, ամեն դեպքում, դժվար է կանխատեսել, թե արդյոք ՀԱԿ-ը կփորձի ինքնուրույն հանդես գալ»:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը ՔՊ-ի հետ դաշինք կազմի, Հակոբյանը պատասխանեց. «Չեմ բացառում, հատկապես որ բոլորս տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ հավակնել է Փաշինյանի այսպես ասած  խորհրդական դառնալ,  եթե ոչ օֆիցիալ  ձևակերպմամբ ասենք: Լևոն Տեր-Պետրոսյանի համար նույնիսկ ոչ բնորոշ ակտիվություն կար՝ բաց նամակներ, խորհուրդներ, հոդվածներ և այլն:  Ամեն դեպքում դեռ վաղ է խոսել  համագործակցության ձևաչափի մասին, քանի որ ինչպես տեսնում ենք՝ իրադարձությունները շատ արագ են զարգանում»:  

ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /