• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.06.2018 | 15:05

Թողնենք պատմություն, որով կհպարտանան մեր սերունդները

Այսօր խոսելու եմ մի թեմայի շուրջ, որը միանշանակ չի ընդունվի, սակայն, վստահ եմ, շատերին խորհելու առիթ կտա։ Խոսելու եմ ազգային թասիբի, հավաքական արժանապատվության ու մի շարք այլ կարևոր բաների մասին, որոնք կարծեք թե մեզանում մոռացության են մատնվել ։

Ահավասիկ, անկախություն ձեռք բերելուց հետո անցել է արդեն 27 տարի։ Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ունեցել է չորս առաջին դեմք՝ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, երկրորդ և երրորդ  նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, ներկայիս երկրի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Անկեղծ ասեմ,  այս 27 տարիների ընթացքում քվեախցիկ եմ մտել ընդամենը երկու անգամ։ Առաջին դեպքում, երբ ընտրեցինք Երրորդ Հանրապետության առաջին նախագահին (երբեք չեմ մոռանա համաժողովրդային այն ոգևորությունն ու համախմբումը, ինչն արդեն, ցավոք, չկար 1996-ին): Թերևս սա անկախության տարիների միակ չկեղծված ընտրություններն էր։ Նույնիսկ 1999-ին, չնայած ժողովրդի մեծ մասը անվերապահորեն վստահում էր «Միասնություն» դաշինքին՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ, սակայն արդեն չկար 1991-ի բյուրեղյա մաքրությունը, չկար այն համն ու հոտը։ Ի դեպ, սա իմ երկրորդ և վերջին մասնակցությունն էր մեր երկրում կայացած ընտրություններին։ Պարզապես, հոկտեմբերի 27-ից հետո այլևս իմաստ չէի տեսնում։ Ավելին, 1994-2014թթ. տարիներին զբաղեցնելով զանազան պետական պաշտոններ, երբեք չեմ խնդրել, առավել ևս՝ չեմ պարտադրել ենթականերիս քվեարկել սեփական խղճի դեմ։ Պարզապես աշխատել եմ ուժերիս ներածի և կարողություններիս չափով իմ պարտականությունների կատարմամբ օգտակար լինել պետությանս, առանց խառնվելու քաղաքական գործընթացներին։ Սա կարող են հաստատել բոլոր նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են։

Ներողություն եմ խնդրում այս նախաբանի համար։ Կարծում եմ՝ այն կօգնի հասկանալ ամենակարևորը՝ իմ կողմից որևէ կողմնակալության բացարձակ բացակայությունը։ Իսկ ասածս հետևյալն է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ցանկացած այլ երկրի ղեկավար ոչ միայն հայրենի պետության և իր ժողովրդի նկատմամբ լրջագույն պատասխանատվություն կրողն է՝ օժտված դրա համար անհրաժեշտ բոլոր լիազորություններով։ Նա միաժամանակ այդ պետության դեմքն է, խորհրդանիշը և որպես այդպիսին  ընկալվում է նաև երկրի սահմաններից դուրս՝ անկախ այն հանգամանքից, թե որքանո՞վ լեգիտիմ է եղել նրա ընտրությունը։ Սա փաստ է, որն անհնար է անտեսել։ Ինչպես նաև փաստ է այն, որ բոլոր համապետական ընտրություններից հետո բոլոր տեսակի միջազգային դիտորդական առաքելությունները, նշելով առկա շատ կամ ավելի պակաս խախտումները, այնուամենայնիվ դրանք համարել են լեգիտիմ։

Նորից նշում եմ կասկած չկա, որ 1996-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների վերջնական արդյունքները, մեղմ ասած, չեն արտահայտել Հայաստանի քաղաքացիների կամքը։ Բայց ինձ համար շատ ցավալի է, որ յուրաքանչյուր նոր իշխանություն բաց կամ քողարկված ձևով՝ մասս-մեդիայի և սոցիալական ցանցերի օգտագործման միջոցով նսեմացրել է նախկինին։ Դա եղել է և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի օրոք, դա արվում է նաև հիմա։ Եվ արվում հաճախ շատ գռեհիկ ձևով։ Բանը հասել է նրան, որ որոշ «խելացիներ» համացանցով առաջարկում են մեր երեք նախագահներին արտաքսել հարևան պետություն, որպեսզի նրանք այնտեղ դատվեն։ Էլ չեմ խոսում անպարկեշտ ծաղրանկարներ տեղադրելու մասին։ Եվ նման ապուշ գրառումներն արժանանում են հարյուրավոր ընթերցողների բուռն արձագանքին։

Եթե այս ամենն արվեր ինչ-որ փակ տարածության մեջ, դեռ կարելի էր որոշակիորեն հանդուրժել։ Բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ համացանցը ՀԱՄԱցանց է, հանրային գործիք է և այս ամենը դիտում, կարդում են ու նաև շատ ակտիվորեն մեկնաբանում և ամեն կերպ տարածում մեր ոչ բարեկամները։ Այդ պարագայում ու՞մ և ի՞նչ ենք ցանկանում լսեցնել։

 Եկեք չմոռանանք, որ բոլոր վերը նշված պաշտոնյաները ժամանակին իսկապես մեծ ծառայություններ են մատուցել Հայաստանին և Արցախին։ Տեր-Պետրոսյանը ինձ համար ոչ միայն ՀՀ առաջին նախագահ է,  այլ առաջնորդներից մեկը այն թիմի, որը 1988 -ին նպաստեց համաժողովրդական աննախադեպ զարթոնքին։ Քոչարյանն ու Սարգսյանը արցախյան պատերազմի հերոսներ են և անմիջական մասնակիցները  մեր  փառահեղ հաղթանակի։ Այլ բան է, որ գրեթե անսահմանափակ իշխանությունը չար կատակ խաղաց նրանց բոլորի նկատմամբ ու «կրակի» և «ջրի» միջով անցած մարդիկ չդիմացան «պղնձյա փողերի» փորձությանը։ 

Սակայն որքա՞ն կարելի է շարունակել առաջնորդվել զուտ էմոցիաներով։ Սիրելիներս, փոխվել են իրողությունները։ Ժողովրդի մեծ մասը վստահում է նոր գործադիրին, ուրեմն եթե պետք է լինեն պատիժներ, թող ամեն ինչ արվի միայն իրավական դաշտում ու առանց վենդետաների, ինչպես հռչակեց վարչապետը։ Իսկ նման նախադեպեր կան՝  Հարավային Կորեայում, Սինգապուրում և այլ երկրներում, որտեղ նույնիսկ ամենաբարձր դիրք զբաղեցրած պետական պաշտոնյաները իրավական պատասխանատվության են կանչվում և երկարամյա անազատության արժանանում, եթե ժամանակին իրականացրել են քրեորեն պատժելի արարքներ։

   Անհրաժեշտ է հասկանալ, որ այսօր մենք ապրում ենք որակապես այլ իշխանության պայմաններում և պետք է գործով նեցուկ լինենք կամ առնվազն՝ չխանգարենք նրան։ Նաև թույլ տալով բարձր ճակատով և արժանապատիվ ներկայանալ ինչպես բարեկամ, այնպես էլ հակառակորդ ուժերի մոտ։

Ամեն ինչ անցողիկ է այս կյանքում, ինչպես հոգևոր արժեքները՝ հավատը, սերը, հավատարմությունը, այնպես էլ, առավել ևս շատ ավելի երկրային և նյութական հարթության մեջ գտնվող զանազան գաղափարախոսություններն ու դրանցով առաջադրվող կուսակցությունները։ Ի վերջո, մարդկային կյանքն է անցողիկ։ Սակայն մնայուն է երկրի պատմությունը։ Ուրեմն, եկեք հարգենք մեր պետությունը, մեր անցյալը, վերջապես՝ ինքներս մեզ։ Եկեք թողնենք այնպիսի պատմություն, որով կհպարտանան մեր սերունդները։

 Ինչ վերաբերում է ինձ, չէի ցանկանա, որ տարիներ հետո, անկախ իրենց ձեռք բերած հաջողություններից, նման վերաբերմունքի արժանանա նաև այսօրվա իշխանությունը։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /