• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.06.2018 | 15:31

Ալիևին բացատրությունների՞ են կանչել

 Հունիսի 12-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի է ունեցել  TANAP գազատարի բացման հանդիսավոր արարողությունը: Ադրբեջանական մամուլում տեսակետ է շրջանառվել, որ միջոցառման օրը խորհրդանշական է. հունիսի 12-ին Ռուսաստանը տոնում է անկախությունը, իսկ TANAP-ը տալիս է գազի եվրոպական շուկայում Ռուսաստանի հետ մրցակցության մեկնարկը: Ռուսաստանի նախագահ Պուտինը, սակայն, այդ կապակցությամբ չափազանց զուսպ էր արտահայտվել՝ նշելով, որ Ռուսաստանի համար Եվրոպայի էներգետիկ մատակարարման դիվերսիֆիկացիան նույնիսկ ցանկալի է, քանի որ դրանով ստեղծվում են շուկայական հարաբերությունների հնարավորություններ:

Էսքիշեհիրում միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Ուկրաինայի եւ Սերբիայի նախագահները, կայացել է Ալիեւ-Պորոշենկո հանդիպում, որի ընթացքում Ուկրաինային արվել է TANAP-ին միանալու առաջարկություն: Այդուհանդերձ, հանդիսությունների կազմակերպիչները չեն կարողացել շրջանցել Ռուսաստանի դերը: Արվել է պաշտոնական հայտարարություն, որ գազամուղը կարող է ծառայել նաեւ ռուսական էներգակիրները Եվրոպա հասցնելու նպատակին: Թե ինչպես է տեխնիկապես լուծվելու խնդիրը՝ մանրամասնությունները հայտնի չեն:

Ավելի վաղ էներգետիկ հարցերով զբաղվող փորձագետները կարծիք էին հայտնել, որ ադրբեջանական գազային նախագիծը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրանց միանա Թուրքմենստանը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, հարկ կլինի կառուցել Կասպից ծովի արեւելյան եւ արեւմտյան ափերը միացնող գազատար, ինչին չի համաձայնում Ռուսաստանը՝ վկայակոչելով, որ նման նախագիծը կարող է հանգեցնել Կասպից ավազանում էկոլոգիական աղետի: Ըստ երեւույթին, TANAP-ի գործարկման առիթով ադրբեջանական կողմի ոգեւորությունն առայժմ միայն զուտ քարոզչական է եւ տնտեսական կոնկրետ հեռանկարով չի ամրապնդվում: Կարելի է ենթադրել, որ նախագծի արդյունավետ իրականացման համար կան նաեւ քաղաքական որոշակի խոչընդոտներ: Այդ է վկայում հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 12-ին Թուրքիայից Բաքու վերադառնալու փոխարեն ուղեւորվել է Մոսկվա: Մինչ այդ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ալիեւը Մոսկվայում ներկա կգտնվի ֆույտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսությանը: Բայց դա տեղի է ունենալու հունիսի 14-ին: Ի՞նչն է ստիպել, որ Ալիեւը Թուրքիայից անմիջապես ուղեւորվի Մոսկվա: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ նա աշխատանքային այց է կատարում Ռուսաստանի Դաշնություն, սակայն նրա օրակարգը չի հրապարակվել: Ըստ երեւույթին, Ալիեւը Մոսկվա է կանչվել, որպեսզի բացատրություններ տա թուրքական Էսքիշեհիրում ունեցած հանդիպումների եւ քննարկումների վերաբերյալ:

Ադրբեջանական աղբյուրներն այդ առթիվ ոչինչ չեն ասում: Փոխարենը տեսակետներ են շրջանառվում, որ գազային նախագծերի իրականացմամբ Ադրբեջանը դառնում է Եվրոպայի հուսալի գործընկերը, նպաստում Եվրամիության էներգետիկ անվտանգությանը: Այս վերջին ձեւակերպման տակ բոլորը մի բան են հասկանում՝ Ռուսաստանից Եվրամիության էներգետիկ կախվածության հաղթահարում: Դա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, ուստի շատ տրամաբանական է թվում, որ Ալիեւի մոսկովյան այցի ընթացքում նրան չափազանց լուրջ խոսակցություն է սպասվում: Մյուս կողմից, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ սկսվել են ռուս-ադրբեջանական նոր խորհրդատվություններ՝ սպառազինությունների հերթական խմբաքանակ ձեռք բերելու շուրջ: Այդ հարցով  նախկին բոլոր պայմանավորվածությունները լիովին կատարվել են: Մասնավորապես տեղեկություն կա, որ Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել ռուսական Տերմինատոր կոչվող զրահամեքենաներ, որոնք փորձարկվել են Սիրիայում: Ռուսաստանի նոր կառավարության կազմում չի ընդգրկվել Դմիտրի Ռոգոզինը, որն ադրբեջանական կողմի հիմնական լոբբիստն էր սպառազինությունների հարցում: Այժմ, թերեւս, կարիք է զգացվել, որ Իլհամ Ալիեւն անձամբ բանակցություններ վարի:

Ինչպիսի՞ որոշում կընդունի Մոսկվան՝ կախված կլինի նրանից, թե Ալիեւն ի՞նչ հավաստիացումներ կտա Ռուսաստանին: Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացել է որոշակի ճեղվածք: Եւ, հավանաբար, բացը լրացնելու համար է, որ Ալիեւը շտապ կանչվել է Մոսկվա:

 

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /