• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 16:32

Փաշինյանի կառավարությունը ներսից ճաքեր է տալի՞ս

 Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, առաջին, աչք զարնող երևույթը նորեկ կառավարիչների մոտ՝ անսկզբունքայնությունն էր:

     Բանն այն, որ ընդդիմադիրները հեղափոխական ճանապարհով հայտնվելով իշխանության ղեկին՝ վարչապետից մինչև նախարարներ ու այլ պաշտոնյաներ, զարմացնող արագությամբ, ընդամենը մեկ, երկու ամիսում, հրաժարվեցին  տարիների  իրենց  որդեգրած դիրքորոշումներից՝ դեմ գնացին իրենց նախկին գաղափարներին ու սկզբունքներին: Իսկ սեփական  սկզբունքներից հրաժարումը մեկնաբանեցին այսպես՝ ընդդիմություն եղած ժամանակ այլ կարծիք ենք ունեցել, դարձանք իշխանություն՝ ուրիշ կարծիքի ունենք: Ոչ պակաս տարօրինակ է հասարակության անտարբերությունը՝ քաղաքական անսկզբունքայնության ակնհայտ դրսևորման հանդեպ: Սա էլ անշուշտ իր բացատրությունն ունի՝ հեղափոխական էֆորիան դեռ շարունակվում է, որտեղ թավշյա հեղափոխության առաջնորդի ու նրա թիմի դեմ ցանկացած ողջամիտ քննադատություն դեռ անընդունելի է:

 

 Իշխանության եկածների մոտ սկզբունքների փոփոխությունն ակնհայտ երևաց ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլև ներքին խնդիրներում: Եթե արտաքին քաղաքականության պարագայում երևույթը հանրային դաշտում դրական գնահատվեց, այն առումով, որ Փաշինյանն ու իր թիմը չեն ցանկանում կտրուկ փոփոխությունների գնալ՝ ի շահ պետության և շարունակում են նախորդ իշխանության որդեգրած արտաքին քաղաքականությունը, սակայն պարզվում է, որ  ներքին՝ սոցիալական, տնտեսական սկզբունքային, առանցքային  հարցերում ևս ներկաները նախկինների քաղաքականության շարունակողներն են:  Ընդ որում, այնպիսի հարցերում, որոնցում ընդդիմադիր եղած ժամանակ, քարը քարի վրա չթողնելով, քննադատության են ենթարկել նախկին իշխանություններին:

    Թավշյա հեղափոխությամբ ոգևորված քաղաքական ուժերը շտապեցին կառավարության մաս կազմել ու, պաշտոններ ստանալ՝ մոռանալով ամենակարևորի՝  սկզբունքային  հարցերում նախնական  պայմանավորվածություններ ու համաձայնություն ձեռքբերելու մասին: Եվ այսօր, կառավարության ներսում ստեղծված  ճգնաժամային իրավիճակը նաև դրա հետևանք է:

    Կառավարության  ծրագիրի ընդունումից օրեր անց, երբ նորեկները պետք է վերջապես լծվեին սեփական ծրագրի իրականացմանը, Համաձայնության Կառավարության ներսում ականատես եղանք ընդգծված անհամաձայնությունների, որոնք ներսից ճաքեր տալու նշաններ են: Փաշինյանի թիմն անկարող եղավ դիմանալ առաջին իսկ փորձությանը, և   առաջին  ծրագրային նախաձեռնությանը հաջորդեց առաջին քաղաքական հրաժարականը:

 Երեկ օրվա երկրորդ  կեսին տարածվեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականի լուրը:  Պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը սկզբունքորեն դեմ գործիչը  հրաժարական տվեց հայտարարելով՝ «Ունեմ պատկերացումներ, որոնք չեն համապատասախանում այսօրվա կառավարության տեսլականին»:

 

 Ֆեյսբուքյան տիրույթում ևս չուշացավ հանրային արձագանքը ու Մանեի հրաժարականը գնահատվեց այսպես՝ սկզբունքային քայլ՝ անսկզբունքային կառավարությունում: Նկատենք, որ չնայած Թանդիլյանի հրաժարականը ներկայացվում է զուտ որպես  անձնական սկզբունքայնության ցուցադրում, սակայն այն իրականում վկայում է քաղաքական խորքային իրողությունների առկայության մասին:  Փաստորեն, բախման մեջ մտան սզբունքայնությունն ու անսկզբունքայնությունը, և արդյունքը եղավ  հրաժարականը:

    Նիկոլ  Փաշինյանն ավելի վաղ կանխատեսել էր, որ Կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ու որոշում կայացնելը: Ինչը, փաստորեն, կատարվեց: Կառավարության նիստում  նախ  բուռն քննարկումներ ծավալվեցին, ու պարզ դարձավ, որ այս հարցում կոնսենսուս չկա: Չնայած Մանե Թանդիլյանը խնդրի լուծման այլ տարբերակ էր առաջարկել՝ մեկ տարով հետաձգել հարցի քննարկումը և աշխատել օրենքի փոփոխման ուղղությամբ, ինչը  թերևս կարող էր լինել այս պահի հավասարակշռված մոտեցումը: Մինչդեռ Փաշինյանը գնաց պարտադիր բաղադրիչը հենց այսօր ուժի մեջ մտցնելու և օրենքն ընդունելու ճանապարհով: Վարչապետի նման մոտեցմանը հակադարձեց նաև  դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը և դա, ինչպես արդեն հայտնի է՝ վերաճեց վարչապետ-նախարար քաղաքական բանավեճի:

 

  Այս ամենում մտահոգիչ էր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի անհանդուրժողական պահվածքը, որով վերջինս հասկացրեց, թե իր ղեկավարած կառավարությունում այլ ուժեր  խաղեր տալու իրավունք չունեն:

      Փաշինյանի ոչ կոռեկտ պահվածքը, բնականաբար,  առաջ է բերել Համաձայնության կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի  դժգոհությունը. այսպես ե՞ն հարցերը լուծվում ժողովրդավարական երկրում:

   Չուշացավ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կտրուկ արձագանքը Փաշինյանին. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքն ինձ հիշեցնում է ստալինյան շրջանը»: ՀՅԴ-Փաշինյան հրաձգությունից հետո կանխատեսվում էր, որ ՀՅԴ նախարար Արծվիկ Մինասյանը ևս կհետևի  Թանդիլյանի ճանապարհին ու հրաժարական կտա

Սակայն այսօր արդեն ՀՅԴ մոտեցումներն ակնհատորեն մեղմվեցին, ինչը նկատվեց հենց  Ռուստամյանի՝ լրագրողներին տված պատասխանում. հարցին՝  հնարավո՞ր է, որ Արծվիկ Միասյանը ևս հրաժարականի դիմում ներկայացնի, նա ասել է. «Չեմ կարծում, թե Մինասյանը հրաժարական կտա: Մանե Թանդիլյանի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է, որովհետև ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել է»:

 

Իր հերթին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս մեկնաբանեց Մանե Թանդիլյանի քայլը՝ այն համարելով զուտ անձնական որոշումը, այդ կերպ փորձելով կատարվածից դուրս դնել Ելք-ն ու Լուսավոր Հայաստանը:

 Այսպիսով, փաստորեն, Համաձայնության Կառավարության մաս կազմող քաղաքական ուժերը, չնայած ներքին լարվածությանը, որոշեցին նրբանկատորեն անտեսել տեղի ունեցածն ու չգնալ կտրուկ քայլերի՝  դրանով իսկ  չնպաստելով  կառավարության պառակտմանը: Մի բան, որը, գոնե թե այս պահին, չի բխում ոչ մի կողմի շահերից:

   Այս տրամաբանությամբ, ամենայն հավանականությամբՄանե Թանդիլյանի հրաժարականը չի ընդունի վարչապետ Փաշինյանը՝ իր իսկ թիմի ներքին միասնականությունը չսասանելու նպատակով:

   Այնուհանդերձ, կառավարության ներսում կատարված վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Փաշինյանի ձևավորած Համաձայնության Կառավարությունում   ճգնաժամ է հասունանում:

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /