• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
14.06.2018 | 17:20

Խնդիր չեմ տեսնում, եթե Փաշինյանը 70 տոկոս և ավելի հեղինակություն ունենա. «Ժառանգության» փոխնախագահ

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է

-Ապրիլյան «թավշյա հեղափոխությունից» հետո «Ժառանգությունը» հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել արտահերթ խարհրդարանական ընտրություններին: Նախորդ ընտրություններում կրած անհաջողությունից հետո ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները:

-Նախորդ խորհրդարանական ընտրություններում այն դաշինքը, որին մաս էինք կազմում, դարձավ իշխանությունների և «ընդդիմության» թիրախը և, ըստ էության, տոտալ քարոզչության զոհ: Մեր համակիրների նկատմամբ բռնություններն ու Սամվել Բաբայանի կալանավորումը, ապա նաև դատապարտումը, ազդեցություն թողեցին մեզ վրա: Իշխանություններն իսկապես մեզանից շատ էին վախենում:

Բայց այժմ երկրում իրավիճակ է փոխվել, պետք է ապագայի մասին ավելի շատ խոսենք: Կարծում եմ, որ «Ժառանգությունն» ուղղակի իրավունք չունի չմասնակցել այս ընտրություններին, որովհետև միակն է եղել խորհրդարան անցած կուսակցություններից, որ երբևէ իշխանության մեջ չի եղել՝ անկախ նրանից, որ առաջարկվել է, ու երբևիցե քաղաքացու շահը չի ստորադասել ղեկավար կազմի անձնական շահերի բավարարմանը:  Համոզված եմ, որ քաղաքացիները կգնահատեն «Ժառանգության» վաստակը, կամ այն միավորի վաստակը, ում հետ կլինի «Ժառանգությունը»:

-Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, «իրենով արեց» նախկին ընդդիմադիր ընտրազանգվածը, ու այսօր նրա վարկանիշը բավական բարձր է: Ո՞րն է լինելու «Ժառանգության» ընտրազանգվածը, չունե՞ք մտավախություններ այս առնչությամբ:

-Մեր թիրախային զանգվածը միշտ եղել և մնում է Հայաստանի քաղաքացին, ով ունի իր պատկերացումները վաղվա մասին, չունի ադմինիստրատիվ վախ, չունի ընտրակաշառքից կախվածություն, ունի կողնորոշում դեպի գաղափարական ուժերը, որոնք սկզբունքներ ու ծրագրեր են առաջարկում: Մեր կուսակցությունը միշտ այդ շրջանակում է գործել, և քաղաքացիներն էլ այդ գործունեության համար են համակրել մեզ:

-Այսինքն, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» մրցակից չե՞ք համարում:

-Դասական առումով, եթե մասնակցում ես խորհրդարանական ընտրություններին, մնացած բոլոր ուժերը մրցակից են: Դրա համար էլ խոսել կոնկրետ մի խմբի կամ մի ուժի մասին,  ճիշտ չեմ համարում:

-Օրինակ նախորդ ընտրություններում քաղաքական բոլոր ուժերն արձանագրում էին, որ ՀՀԿ-ն ունի վարչական ու ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսները հաջողության հասնելու համար: Այժմ էլ՝ ապասվող ընտրություններից առաջ, ամեն ինչ կարծես կենտրոնանում է Փաշինյանի անձի վրա, ով «իրականացրեց» հեղափոխությունը:   

-Հեղափոխությունն իրականացրեց հայ ժողովուրդն՝ իր ակտիվ մասնակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, մոդերատորը եղավ: Մյուս կողմից, ընտրական գործընթացում ճիշտ չէ կենտրոնանալ որևէ մեկի վրա և փորձել հակապայքար տանել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոտեցումն է ցուցաբերելու: Եթե Նիկոլ Փաշինյանը ունենա 70 տոկոս և ավելի հեղինակություն, խնդիր չեմ տեսնում, թող ունենա: Մենք ասելու ենք մերը և մեր պայքարը տանելու:

-Եթե գործող կառավարությանը հաջողվի իրապես կազմակերպել այնպիսի ընտրություններ, որտեղ տեղ չեն ունենա ընտրակաշառքն ու ճնշումները, և արդար պայքար ընթանա, Խորհրդարան անցելու ձեր հնարավորություններն արդյոք կաճե՞ն:

-Գուշակություններ եկեք չանենք, քանի որ մինչ ընտրությունները բավականին ջրեր են հոսելու: Մենք շատ անկանխատեսելի ժամանակահատվածում ենք ապրում: Երկու ամիս առաջ ոչ մեկ չէր հավատա, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռանալու է և Հանրապետական կուսակցությունը փոքրամասնություն է դառնալու: Այդ իսկ պատճառով էլ խոսել այն մասին, թե ինչ կլինի մի քանի ամիս հետո, կարծում եմ, տեղին չէ:

-Պատրաստվո՞ւմ եք վերաթարմացնել «Ժառանգությունը», նոր դեմքեր կլինե՞ն կուսակցությունում:

-Քաղաքականության մեջ ոչ միայն նորերն են կարևոր, այլ նաև հները: Ընդհանրապես զարգացած ժողովրդական երկրներում նայում են, թե տվյալ քաղաքական գործիչը կամ ուժը ինչ անցյալ ունի և ինչ հետագիծ է ունեցել: Մեր հին թիմակիցներն արդեն 15 տարի է՝ մեզ հետ են, միասին ճանապարհ ենք անցել, բայց սա չի նշանակում, որ կուսակցությունում կամ գուցե դաշինքում, որով ներկայանալու ենք, թարմացում չի լինելու:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /