• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
20.06.2018 | 12:12

Բայց նա կրկին բույն էր շինում և շինում էր և երգում․․․ այսօր Ղազարոս Աղայանի հիշատակի օրն է

« Փառքդ շա՜տ լինի, արարիչ Աստված, օձի սիրտն էլ ես սեր գցել, որ իրա ձագերին սիրի, գուրգուրի, բայց ինձանում, դու էլ գիտես, որ քո տված սերը կա ու կա. ինչո՞ւ չես ինձ էլ մի օձի ձագ տալիս, որ ես էլ նրան սիրեմ, նրան գուրգուրեմ, նրանով մխիթարվիմ։»

 

 

1911 թվականի այս օրը կյանքից հեռացել է Ղազարոս Աղայանը։

 

Նրա  ստեղծագործությունների հավերժության հանդեպ անզոր գտնվեց անգամ ամենակարող ժամանակը: Չի եղել մի օր, որ չհիշեմ իր «Հիշողությունը», այդ երգը կարծես հայի հոգու հետ հավերժաբար քայլող մի ստվեր լինի, որն անընդհատ հիշեցնում է պանդուխտի ցավը, թեպետ բանաստեղծը գրում է ծիծեռնակի մասին, սակայն պարզ է՝ ովքեր էին վերադարձի ժամանակ իրենց  «բույնը ավերակ գտել»։

 

Ղազարոս Աղայանը այն եզակիներից էր, ով ոչ միայն սիրվեց մեծերի, այլև մանուկների կողմից, որոնց գրավելն ավելի դժվար է, քանզի ոչ բոլորն են կարողանում պարզությամբ ներկայացնել խորը ասելիքըդա այնքան բարդ է։

 

 

Իր գրչակից ընկեր Հովհաննես Թումանյանը ուներ մի շատ տարածված խոսք «Բանաստեղծությունը պետք է լինի արցունքի պես պարզ և արցունքի պես խոր», հենց այսպիսին էր Աղայանի քնարերգությունը։

 

Աղայանը հաճախ էր ընդգծում հերոսի միամտությունը՝ տալով նուրբ հումորային երանգներ: Բնական է, որ դա ընթերցողի կապը ավելի անմիջական էր դարձնում հերոսի հետ։

 

Այսպես է խոսում Աղայանի «Աներկյուղը» ստեղծագործության վախ չտեսած հերոսը.

 

«-Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ՝ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ, թե՝ ի՛նչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։»

 

Մեկ այլ, «Մանուկ խանը» ավանդությունում կա այսպիսի հատված, որը իր մեջ ներառում է և՛ նուրբ հումոր, և՛ խորը միտք

 

«— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։Եվ այս ասում է ձայնը փոխած»։

 

Ղազարոս Աղայանը ոչ միայն ժողովրդի, այլև գրողների շրջանում թողել էր մեծ անուն, նրա ստեղծագործությունները անգամ ամենախիստ գրաքննադատները կարդում էին խորին հիացմունքով: Ահա այսպես է խոսում գրողի մասին իր մտերիմ ընկեր Հովհաննես Թումանյանը

 

«Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։ Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական»:

 

Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի, ինչպես նաև նրանց ժամանակակիցների հուշերից տեղեկանում ենք Աղայանի ու Թումանյանի՝ 2 մեծանուն հայերի մտերմության մասին: 

 

 

Նվարդ Թումայանն իր հուշերում նշում է. «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է՝ Արեգ»:

 

Մեկ այլ հուշի համաձայն՝ 1900-ական թթ. սկզբներին, երբ սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները, Թումանյանը և Աղայանը գնում են Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:

 

Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

 

 

 

Իսկապես նա եզակի էր իր ստեղծագործություններով, նրա գրածները շատ արագ տարածվում էին և սիրվում ժողովրդի կողմից, դառնում երգեր, հեքիաթներ, առասպելներ․․․

 

«Արև-արև եկ, եկ,

 

Զիզի քարին վեր եկ,

 

Սև-սև ամպեր հեռացեք,

 

Արևին ճամփա բացեք

 

Այսպիսին էր գրականությանը մեծ արև տված, սակայն դեռ արև կանչող հանճարը։

 

 

 



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /