• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
25.06.2018 | 15:01

Կմասնակցի՞ Էրդողանն Ալիևի զորահանդեսին

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Թուրքիայի նախագահական ընտրություններում, ըստ ԿԸՀ հաղորդագրության, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է առաջին փուլում: Նա ստացել է ընտրողների ձայների ավելի քան 52 տոկոսը: Դժվար է ասել՝ ինչպիսի՞ն կլինեին քվեարկության արդյունքները, եթե Թուրքիայում չգործեր դեռևս երկու տարի առաջ մտցված արտակարգ դրության ռեժիմը: Փաստ է, որ Էրդողանի հիմնական մրցակցի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե մեկ երրորդը: Թուրքիայի ԿԸՀ հայտնած տեղեկությունների համաձայն՝ Էրդողանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 43, 5 տոկոսը և կորցրել բացարձակ մեծամասնությունը: Այսպիսով կարելի է ասել, որ նախագահի պաշտոնում Էրդողանի վերընտրությունը բացարձակ հաղթանակ չէ, և նա ստիպված է լինելու կառավարություն կազմավորելու հարցում համաձայնության գալ իրեն աջակցած ուժերի հետ:

Սեփական հաղթանակի մասին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ժողովրդավարության դաս տվեց ամբողջ աշխարհին, ժողովուրդն իրեն օժտել է նախագահական լիազորություններով, որպեսզի ինքը շարունակի ծառայել երկրին: Բայց, դատելով արձագանքներից, Թուրքիայի նախագահական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրությունը բոլորովին այլ տեսակետ ունի: Էրդողանին առայժմ շնորհավորել է միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ապա՝ հղել շնորհավորական ուղերձ: Վերջինս աչքի է ընկնում նրանով, որ Ալիևն Էրդողանին Ադրբեջան այցելելու պաշտոնական հրավեր է արել: Այս տեսակետից խիստ ուշագրավ է, որ հունիսի 26-ին Ադրբեջանը պատրաստվում է տոնել զինված ուժերի 100-ամյակը: Ադրբեջանական մամուլը գրում է, որ այդ առթիվ Բաքվում անցկացվելիք զորահանդեսին մասնակցության հրավերներ են ուղարկվել մի շարք երկրների առաջնորդներին: Կմասնակցի՞ Էրդողանը Բաքվի զորահանդեսին: Ինչպես հայտնի է, 100 տարի առաջ անկախություն հռչակած Ադրբեջանը սեփական զինված ուժեր չի ունեցել:

ԱԴՀ կառավարության ռազմական հենարան է հանդիսացել Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսը, որի հրամանատարն էր Նուրի փաշան: Հենց այդ բանակն է 1918 թ. սեպտեմբերի 15-ին գրավել Բաքուն, որից հետո Ադրբեջանի կառավարությունը Գյանջայից տեղափոխվել է այնտեղ: Պատմական այդ իրողության մասին է վկայում փաստը, որ 2015թվականին Բաքվում կանգնեցվել է ,,թուրք ազատարար զինվորի,, հուշարձանը: Ադրբեջանում այսօր էլ բուռն քննարկվում է Բաքվում Նուրի փաշայի արձանն ունենալու հարցը: Այսպիսով, Թուրքիայի նախագահի ներկայությունը Բաքվի զորահանդեսին, որը նվիրված է ադրբեջանական բանակի 100-ամյակին, դառնում է գրեթե անհրաժեշտություն: Հակառակ պարագայում կխախտվի ,,մեկ ազգ՝ երկու պետություն,, սկզբունքը: Մանավանդ որ Թուրքիան նաև ներկա փուլում է մեծ մասնակցություն ունեցել Ադրբեջանի զինված ուժերի ստեղծմանը և կատարելագործմանը:

Բազմաթիվ թուրք սպաներ ներկայումս էլ որպես ռազմական հրահանգիչներ ծառայում են ադրբեջանական զինված ուժերում: Հազարավոր թուրք ,,կամավորականներ,, Ադրբեջանի կողմից մասնակցել են ղարաբաղյան առաջին պատերազմին: Մամուլում տեղեկություններ են եղել, որ 2016թ. ապրիլյան պատերազմին թուրքական հատուկ նշանակության ուժերի սպաներ են մասնակցել: Թուրքիան և Ադրբեջանը կապված են ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրով: Թուրքիայի ռազմական ներկայությունը հատկապես ուժեղ է Նախիջևանում:

Խիստ ուշագրավ է, որ նախագահական ընտրարշավի օրերին թուրքական մամուլում հրապարակումներ եղան, որոնցում արծարծվում էր Ռուսաստանի և Բելառուսի օրինակով թուրք-ադրբեջանական այսպես կոչված՝ միութենական պետություն ստեղծելու գաղափարը: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Բաքվի զորահանդեսը դառնալու է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորհրդանիշ: Խնդիրն այն է, թե ի՞նչ մակարդակով է հանդիսություններին մասնակցելու Թուրքիան:

Եթե Էրդողանն Ալիևի հրավերին արձագանքի արագ և մասնակցի ադրբեջանական բանակի 100-ամյակի տոնախմբությանը, ապա դա խորհրդանշական ազդակ կհանդիսանա և կնշանակի, որ Թուրքիան մտադիր է ավելի եռանդուն քաղաքականություն վարել և մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Իսկ եթե թուրքական պատվիրակությունը գլխավորի միայն պաշտպանության նախարարը, ուրեմն հարկ կլինի արձանագրել, որ Անկարան դեռևս զգուշանում է Ադրբեջանի հետ համատեղ քայլերից:



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /