• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան, Արցախ
29.06.2018 | 13:30

Արցախը պետք է վերադառնա լիարժեք բանակցային գործընթաց. Վիկտոր Կոնոպլյով

«Հայ Ձայն»-ի զրուցակիցն է բանաստեղծ, հրապարակախոս, «Նաշա Սրեդա» ինտերնետային հրատարակության գլխավոր խմբագիր, Լեռնային Ղարաբաղի Գրողների միության անդամ Վիկտոր Կոնոպլյովը:

Զրուցեց Գոհար Իսախանյանը

 

- Օրերս Բաքվում կայացավ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հանդիպումը, որի շրջանակներում Պետդումայի խոսնակը հայտարարեց, որ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրում մշտապես զբաղեցրել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում: Կարելի՞ է արդյոք այս հայտարարությունը գնահատել որպես ՌԴ իշխանությունների պաշտոնական տեսակետ:

- Հարկ է նշել, որ նախքան այդ պրն. Վոլոդինը ասել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, իսկ ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին՝ գնում են լարվածության խորացման ուղով: Կարծում եմ, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին խոսքերը ընդամենը դիվանագիտական «բլիթ» են՝ ուղղված հանդիպումը հյուրընկալող երկրին: Իմիջիայլոց, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական բրիֆինգի ընթացքում հաստատել է, որ ՌԴ դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, իսկ ԶԼՄ-ները պետք է կողմնորոշվեն ոչ թե առանձին քաղաքական և հասարակական գործիչների ելույթներով, այլ պաշտոնական Մոսկվայի տեսակետով:

- Հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև շփման գծում վերջին շաբաթների ընթացքում զգացվում է հակառակորդի զինված ուժերի ակտիվացում: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթներում ավելի հաճախ է ռազմատենչ հայտարարություններ անում՝ սպառնալով  վերսկսել պատերազմը: Ձեր կարծիքով կարո՞ղ է Ադրբեջանը մոտակա ժամանակներում վերսկսել ռազմական ագրեսիան շփման գծում:

- 2017թ. սկզբում քաղաքական հետազոտությունների «Նորավանք» կենտրոնի կողմից ինձ ուղղված հարցերին ի պատասխան ես կանխատեսում էի արել, որ Ադրբեջանը դժվար թե համարձակվի բացահայտ ռազմական ագրեսիայի դիմել: Այս տարվա սկզբում և մինչև օրս իրավիճակը սահմանին սրվել է, սպառնալիքը՝ աճել: Դրան նպաստել են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ալիևը պետք է շեղի իր հանրության ուշադրությունը երկրի տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրներից: Մասնավորապես, նա վախենում է, որ քաղաքական փոփոխությունների հայկական օրինակը կարող է վարակիչ լինել ադրբեջանական հասարակության համար, ինչի մասին վկայում է նրա մեսսիջը ադրբեջանական զինված ուժերի 100-ամյակին նվիրված շքերթի ժամանակ՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, որում նա մեղադրում է «Մուսավաթ» և «Ազգային ճակատ» կուսակցություններին այն բանում, որ նրանց քաղաքականության պատճառով Ադրբեջանը կարող էր կորցնել անկախությունը:   

Չեմ կարծում, թե մոտ ժամանակներում Ալիևը կդիմի լիարժեք հակամարտություն սկսելու քայլին: Նրան դրա համար անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը, որի դիրքորոշման վրա նեկայումս մեծապես ազդում է հարաբերությունների ջերմացումը Ռուսաստանի հետ: Իսկ Ռուսաստանը, ինչպես գիտենք, նշանակալից դեր է խաղացել 2016 ապրիլյան իրադարձությունների ժամանակ արյունահեղության դադերցման գործում:

- Ադրբեջանական զինված ուժերի 100-ամյակին նվիրված շքերթի ժամանակ իր ելույթում Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը հզորացնում է իր զինված ուժերը, քանի որ միջազգային իրավունքը չի գործում: Նա նշեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել. ավարտվել է միայն դրա առաջին փուլը, և որ Ադրբեջանը շարունակելու է ձեռք բերել զենքի և ռազմական տեխնիկայի առաջավոր տեսակները, քանի որ ներկայումս ամենից կարևորը ուժի գործոնն է: Նա նաև վստահություն հայտնեց, որ կգա այն օրը, երբ «ադրբեջանական դրոշը կբարձրացվի հայերի զավթած տարածքների վրա»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ադրբեջանի նախագահի հերթական ագրեսիվ ելույթները արդեն սովորական են դարձել և սենսացիոն բնույթ չեն կրում: Դրանցով նա հերթական անգամ հաստատում է իր անպատրաստությունը Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կառուցողական կարգավորմանը՝ իմաստազրկելով նաև Մինսկի խմբի ջանքերը այդ ուղղությամբ: Ակդ առիթով զարմանալի է միջազգային հանրության լռությունը, որը նպաստում է Բաքվի ագրեսիվ վարքագծի ակտիվացմանը:

- Կարելի՞ է արդյոք առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում լուրջ առաջխաղացում սպասել՝ ելնելով Հայաստանում ներքաղաքական իրադրության փոփոխություններից:

- Երևանի երկար սպասված հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա լիարժեք բանակցային գործընթաց, մի կողմից վերականգնում է արդարությունը՝ պարզ շեշտելով, որ Արցախի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի մասնակցելու իրեն վերաբերող որոշումների ընդունման, մյուս կողմից՝ Ադրբեջանը ամեն կերպ փորձելու է խոչընդոտել դրան՝ կանգնեցնելով բանակցային գործընթացը փակուղու առաջ: Ներկայիս Բաքվի հայատյաց դիրքորոշման պարագայում դժվար է ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուրջ առաջընթաց:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /