• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
04.07.2018 | 13:31

Ադրբեջանական առասպելը պսակազերծվեց

Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան

 

Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել է: Այդ կապակցությամբ վերլուծական հոդված է հրապարակել «Թուրան» գործակալությունը: Ըստ այդմ, անցած մեկուկես տասնամյակում էներգետիկ ենթակառուցվածքների արդիկանացման նպատակով ծախսվել է շուրջ չորս միլիարդ դոլար, բայց, ինչպես պարզվում է, էներգամատակարարման համակարգը մնացել է երեսուն-քառասուն տարվա վաղեմության տեխնիկական միջոցների հույսին: Իրավիճակն այնքան խախուտ է, որ, եթե հավատալու լինենք պաշտոնական տեղեկատվությանը, Մինչգեչաուրի ՊՇԷԿ-ի էներգաբլոկներից մեկի վթարը հանգեցրել է ամբողջ Ադրբեջանի հոսանքազրկմանը: Իշխանությունները շտապ կարգով դիմել են Վրաստանի եւ Ռուսաստանի օգնությանը եւ ներկայումս այդ երկրներն են ապահովում Ադրբեջանի էներգամատակարարումը: Տեխնագեն աղետը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Սոցիալական ցանցերում քննարկվում են պատահարի ամենատարբեր վարկածներ, այդ թվում խոսում են, որ վթարը կազմակերպել են հայերը: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին մերձակա շրջաններում դրան ավելացել է նաեւ մթան քողի տակ հայկական կողմի հարձակման մասին ասեկոսությունը, որը մեծ տագնապի տեղիք է տվել: Այնքան, որ ադրբեջանական մամուլում հրապարակվել են «սադրանքի չտրվելու եւ հանգստություն պահպանելու» մասին կոչեր:

Էներգամատակարարման խափանումը հատկապես ծանր է ազդել Ադրբեջանի նավթագազային համակարգի վրա: Socar պետական ընկերությունն այս առթիվ տարածել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի՝ հոսանքազրկման հետեւանքով բարդություններ են առաջացել ցամաքում նավթի արդյունահանման, ինչպես նաեւ բնական գազի տարանցման հետ կապված տեխնիկական հարցերում:

Ադրբեջանը դադարեցրել է Իրանին էներգամատակարարումը, որն իր հերթին  Նախիջեւանի ԻՀ-ում հոսանքազրկումների պատճառ է դարձել: Իրավիճակը լիովին բացահայտում է Ադրբեջանի՝ որպես ժամանակակից եւ զարգացած պետության, մասին պաշտոնական քարոզչության ողջ սնանկությունը: Իշխանությունների հեղինակությանը լուրջ հարված է հասցված: Իլհամ Ալիեւի կարգադրությամբ ստեղծվել է պատահարի պատճառների ուսումնասիրության հարցերով պետական հանձնաժողով:

Չսպասելով մասնագիտական եզրակացությունների՝ դատախազությունն արդեն իսկ քրեական գործ է հարուցել: Դա վկայում է, որ նախնական տեղեկատվությունը, թե պատահարի պատճառը եղանակային պայմաններն են, չի համապատասխանում իրականությանը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մինգեչաուրի ՊՇԷԿ-ում՝ հայտնի չէ: Եւ հազիվ թե ճշմարտությունը բացահայտվի ու, մանավանդ, հրապարակվի: Ադրբեջանում ստեղծել են առասպել, որ երկիրը չի կարող որեւէ դժվարություն ունենալ եւ ըստ այդմ էլ կարգավորում են տեղեկատվությունը: Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում: Հուլիսի 3-ին պսակազերծվել է նաեւ Ադրբեջանի՝ իբրեւ «ներքաղաքական եւ հանրային համերաշխության օրինակելի երկրի» առասպելը:

Ժամը 20:30-ի սահմաններում իր աշխատավայրի մոտ զինված հարձակման է ենթարկվել Գյանջայի քաղաքապետը: Նրան մոտեցած անձն ատրճանակից արձակել է երեք կրակոց: Այդ առթիվ համատեղ հայտարարություն են տարածել դատախազությունը, ներքին գործերի եւ պետական անվտանգության նախարարությունները: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւը եւ նրա թիկնապահ Գասում Աշբազովը ստացել են հրազենային վիրավորում եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Ոստիկանությանը հաջողվել է զինաթափել եւ ձերբակալել ահաբեկչին:

Պաշտոնական քարոզչությունը կատարվածը ներկայացնում է որպես զուտ քրեական հանցագործություն, ինչից, սակայն, կարելի է ենթադրել, որ գործ ունենք քաղաքական վրեժխնդրության հետ: Ո՞վ է պատվիրել Գյանջայի քաղաքապետի սպանությունը: Ի՞նչ ներքին խմորումներ են տեղի ունենում Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում: Գյանջան ավանդաբար համարվում է Ադրբեջանի իշխող՝ նախիջեւանյան, կլանի քաղաքական ընդդիմությունը: Բայց քանի որ Ադրբեջանում գործադիր իշխանությունն ամբողջապես նախագահի ձեռքում է, քաղաքապետը նույնպես նշանակվում է Իլհամ Ալիեւի կողմից:

Կարելի է ենթադրել, որ Վելիեւի գործունեությունը Գյանջայի տեղական խմբավորումներից մեկի մոտ առաջացրել է խիստ դժգոհություն, որի պատճառով էլ տեղի է ունեցել նրա դեմ մահափորձը: Ինչպիսին էլ որ լինեն հետաքննության արդյունքները, մի բան ակնհայտ է. Ադրբեջանում ներքաղաքական մեծ լարվածություն կա, որը ցանկացած պահի կարող է ունենալ ամենաանակնկալ դրսեւորումներ:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /