• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
05.07.2018 | 14:34

Հայոց առաջին Սահմանադրությունը 1530 տարեկան է, այն հռչակեց իրավունքի գերակայության գաղափարը

Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ  ՍԻՄՈՆՅԱՆ

 

 1995 թվականի հուլիսի 5-ին՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվեց համազգային հանրաքվե. ժողովրդի դատին ներկայացվեց երկրի մայր օրենքի նախագիծն ու արժանացավ մեր ժողովրդի հավանությանը:

   Հայաստանի սահմանադրության պատմությունը, սակայն, չի սկսվում 1995 թվականով:

Մեր  սահմանադրական մշակույթը  դարերի պատմություն ունի: 

Այսպես. Հայոց առաջին սահմանադիր ժողովի հրավիրումն ու Սահմանադրության ընդունումը տեղի են ունեցել 488 թվականի մայիսի 20-ին։ Եվ ուրեմն, պետք է արձանագրենք, որ  Հայոց առաջին Սահմանադրությունը 1530 տարեկան է։ Սա նշանակում է, որ հայերս ունենք 1530 տարվա սահմանադրական մշակույթ:

Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու պատիվը պատկանում է Հայոց Վաչագան արքային, որն իր հայրենաշեն գործունեության համար անվանվել է Բարեպաշտ արքա: Ի դեպ, հենց հայոց Բարեպաշտ Վաչագան թագավորի շնորհիվ Արցախ և Ուտիք նահանգներում ստեղծվեց հայկական պետականությունը:

   Լինելով իր պետությանն ու ժողովրդին նվիրված թագավոր՝ Վաչագան Բարեպաշտը հրաշալի հասկանում էր, որ պետականության ամուր հիմքեր, հասարակության ներսում օրենքներով ամրագրված խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ունենալ ժամանակի բարքերին համահունչ  իրավական փաստաթուղթ։ Այս Սահմանադրությունն իր դարաշրջանի ծնունդն էր ու, բնականաբար, իր վրա է կրում դարաշրջանի իրավագիտակցության կնիքը: Ի դեպ, շնորհիվ այս փաստաթղթի Արցախ-Ուտիք հայկական աշխարհներում կարգավորվեցին հասարակական հարաբերությունները։

Այս հիշարժան իրադարձությանը մենք տեղեկանում ենք 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքի միջոցով: Պատմիչը իրավական փաստաթուղը կոչում է այսպես՝ «Աղվանից արքա Վաչագանի Կանոնական Սահմանադրությունը` հաստատված Աղվենում տեղի ունեցած ժողովում»։ Փաստաթուղթը լիովին կարելի է համարել իրավագիտական մտքի և սահմանադրական մշակույթի խոշոր հուշարձան: 

     Ի դեպ, 1530 տարի առաջ  տեղի ունեցած իրավական կարևոր փաստաթղթի ընդունման  ողջ գործընթացն անցկացվել է նախանձելի  ժողովրդավարության պայմաններում:  Պատմիչ Մովսես Կաղանկատվացին  տեղեկացնում է, որ  մինչև փաստաթղթի ընդունումն այն նախ անցել է նախապատրաստական փուլ, որը ժամանակակից լեզվով կարող ենք անվանել՝ Սահմանդրության նախագծի մշակման փուլ: Եվ դրանից հետո միայն ներկայացվել է ժողովրդի դատին։

 Այդ հիշարժան իրադարձությունը՝ առաջին սահմանադիր ժողովի հրավիրումը, տեղի է ունեցել Մռավ լեռան վրա գտնվող թագավորական Աղվեն ամառանոցում: Ապահովված է եղել Հայոց Արևելից կողմանց յուրաքանչյուր վարչական միավորի հոգևոր և աշխարհիկ իշխանություն կրողների ներկայությունը։ 

Վաչագան Բարեպաշտի Սահմանադրությունը՝ կազմված լինելով 21 կանոնից և եզրափակիչ կանոն դրույթներից, կարգավորել է ներեկեղեցական, հոգևոր և աշխարհիկ դասի վերնախավի, հոգևոր դասի և հավատացյալների, ինչպես նաև իրավական` քաղաքացիական, ընտանեկան և քրեական իրավունքի ոլորտներում ծագած հարաբերությունները։ Ինչպես արձանագրում են պատմաբանները, Վաչագան արքայի Սահմանադրությունը հռչակեց իրավունքի գերակայության գաղափարը, ինչն էլ երկար ժամանակ համերաշխություն, հաշտություն և անդորր բերեց Արցախ աշխարհին:

   Երբ ընթերցում ես դարեր առաջ գրված Սահմանադրությունը, միայն հպարտության զգացում ես ունենում, որ ժառանգն ես մի ժողովրդի, որը դեռևս 1530 տարի առաջ ստեղծել է այնպիսի իրավական, ժողովրդավարական փաստաթուղթ, որին կնախանձեն անգամ ամենժողովրդավարական երկրները:   

Աշխարհի քիչ ժողովուրդներ ունեն դարերից եկող սահմանադրական մշակույթ, ինչն անշուշտ,  պարտավորեցնող է:  

 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /