• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
05.07.2018 | 13:30

Ու՞մ է կասկածում Ալիևը Մինգեչաուրի ՊՇԷԿ-ում կատարված վթարի հարցում

   Հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն՝ կապված էներգետիկ ճգնաժամի եւ դրա հետեւանքով ստեղծված ծանր իրավիճակի հետ:

  Հետաքրքրական է, որ հարցի քննարկմանը ներկա է գտնվել նաեւ պետական անվտանգության ծառայության տնօրեն Գուլիեւը, ինչը թույլ է տալիս հեռուն գնացող ենթադրություններ անել:

   Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել արտառոց միջադեպ. հարցի վերաբերյալ հիմնական զեկուցողին՝ «Ազերէներժի» պետական ընկերության տնօրեն Փիրվերդիեւին Ալիեւը հնարավորություն չի տվել ավարտել խոսքը: Ադրբեջանի նախագահն այդ ընթացքում կորցրել է հավասարակշռությունը եւ արել երկու շատ կարեւոր հայտարարություն: Նախ նա ասել է, թե իր համար անընդունելի է կատարվածի այն բացատրությունը, թե տեխնագեն աղետի պատճառ է հանդիսացել անոմալ շոգ եղանակը:

«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ կլիման ավելի շոգ է, բայց այնտեղ նման վթարներ տեղի չեն ունենում, իսկ եթե ինչ-որ բան էլ պատահում է, ապա դա չի հանգեցնում ամբողջ երկրի էներգահամակարգի կաթվածահար լինելուն»,- ասել է Իլհամ Ալիեւը:

   Դրանով նա անհարմար վիճակի մեջ է դրել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք անցած օրերին Ադրբեջանի ողջ տարածքի կրկնակի հոսանքազրկումը բացատրում էին նրանով, որ շոգի հետ կապված՝ բնակչության կողմից էլեկտրականության սպառման ծավալներն աճել են շուրջ 40 տոկոսով, ինչի հետեւանքով առաջացել է գծային գերբեռնվածություն, որն էլ իր հերթին դարձել է սարքավորումների խափանման պատճառ:

«Մինգեչաուրի ՊՇԷԿ-ում վթարն ինչպե՞ս է դարձել մյուս էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառ»,- հարցադրում է արել Իլհամ Ալիեւը եւ արել երկրորդ էական հայտարարությունը. «Անցած տարիներին մենք էներգետիկայի ոլորտում խոշոր ներդրումներ ենք կատարել, իսկ ու՞ր է արդյունքը»:

  Ադրբեջանի նախագահն, այսպիսով, կասկածի տակ է առել պետական ներդրումների նպատակայնությունը: Ավելի պարզ ասած՝ նա պատկան մարմինների ղեկավարներին կասկածել է միջոցների ոչ արդյունավետ ծախսման կամ յուրացման մեջ: Բայց շատ ավելի կարեւոր է այն, որ խորհրդակցության ընթացքում Ալիեւը մի քանի անգամ ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «համակարգային կաթված»:

   Ըստ երեւույթին, Ադրբեջանում իրավիճակն ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հանրապետության ամբողջական հոսանքազրկումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ալիեւի ելույթից հասկացվում է, որ, մասնավորապես, խախտվել է նավթի եւ գազի արդյունահանման, տարանցման եւ նավթի վերամշակման տեխնիկական ցիկլը, որի վերականգնման համար զգալի ժամանակ եւ լրացուցիչ միջոցներ են պետք: Նա չի մասնավորեցրել, բայց անդրադարձել է նաեւ ռազմական ոլորտում ստեղծված դժվարություններին: Հարկ է նկատել, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել այն օրը, երբ տրված էր լայնածավալ զորավարժությունների մեկնարկը եւ բացառված չէ, որ զորքերի կառավարման հարցում առաջացել են տեխնիկական լուրջ խնդիրներ: Ընդհանուր տպավորությունն այն է, որ կատարվածի շուրջ Իլհամ Ալիեւը լրջագույն կասկածներ ունի:

   Հիշյալ խորհրդակցության ընթացքում նա սպառնացել է, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն եւ խստագույնս կպատժվեն: Հարուցված է քրեական գործ: Միաժամանակ ստեղծվել է զուտ մասնագիտական հանձնաժողով՝ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի գլխավորությամբ, որը պետք է ուսումնասիրի տեխնագեն աղետի պատճառները: Դա նշանակում է, որ Ալիեւը չի վստահում հարցով ստեղծված պետական հանձնաժողովին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Էյուբովը, չի վստահում ոլորտի տեխնիկական մասնագետներին, ուստի ներգրավել է անկախ փորձագետների, որոնց պարտավորեցրել է եզրակացությունները զեկուցել անձամբ իրեն: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը կասկածում է ոլորտի պատասխանատուներին եւ երեւույթը գնահատում որպես սաբոտաժ, որը հետապնդել է բնակչության շրջանում  դժգոհություններ սադրելու եւ այդ ձեւով հակաիշխանական տրամադրություններ գեներացնելու նպատակ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել՝ հնարավոր է երբեք էլ չհրապարակայնացվի: Բայց պետք է սպասել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում լինելու են աղմկոտ պաշտոնանկություններ:

  Բացառված չէ, որ որոշ պաշտոնյաներ նույնիսկ ենթարկվեն դատական պատասխանատվության: Բայց դրանից քիչ բան կփոխվի. Մինգեչաուրի ՊՇԷԿ-ի վթարը եւ դրանով պայմանավորված՝ Ադրբեջանի կրկնակի հոսանքազրկումը բացահայտեց այդ երկրի ենթակառուցվածքների խոցելիությունը: Իսկ դա արդեն բոլորովին այլ հարթություն է տեղափոխում Ադրբեջանի տարածաշրջանային նշանակության խնդիրը:

 

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /