• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Ամերիկա
06.07.2018 | 11:00

Ո՞վ, ումի՞ց ի՞նչ է ակնկալում

  Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԱՄՆ անկախության տոնի առթիվ Միացյալ Նահանգների նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ադրբեջանի նախագահը:

   Ի թիվս այլ թեմաների, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում, Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Դա բնական է, ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ ունի հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերի միջեւ միջնորդություն իրականացնելու մանդատ:

    Արտառոցն Ադրբեջանի նախագահի այն ձևակերպումն է, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն Վաշինգտոնից ակնկալում է հակամարտության կարգավորման այնպիսի ջանքեր, որոնք կբերեն խնդրի լուծմանը «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ տարածքային ամբողջականության շրջանակներում»:

     Այսինքն, Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տվել ոչ միայն յուրովի մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերը եւ նենգափոխել ԼՂ կարգավորման միջնորդական հայեցակարգը, այլեւ հուշում է արել, թե հատկապես ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատի ամերիկյան դիվանագիտությունը:

   Վաշինգտոնից Իլհամ Ալիեւի ուղերձին արձագանք չի հետեւել: Բացառված չէ, որ Սպիտակ տանը նույնիսկ չեն էլ կարեւորել Բաքվից ստացված այդ գրությունը: Բացառված չէ, որ հենց այդ հանգամանքի նկատառմամբ է, որ Ալիեւը նման ոչ պատշաճ միտք է շրջանառության դրել՝ այդ կերպ սեփական հանրությանը ներկայանալով որպես պետության այնքան ինքնավստահ ղեկավար, որ կարողանում է  «պայմաններ թելադրել նույնիսկ ԱՄՆ նախագահին»:

  Դրանից, իհարկե, հարցի էությունը բոլորովին չի փոխվում. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջնորդական հայեցակարգը, որը ներառնում է ինքնորոշման իրավունքը եւ դրա իրացման մեխանիզմը, պաշտոնական Բաքվի կողմից չի ընդունվում: Ադրբեջանն այդպիսով հակադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը եւ բացահայտ ոչ կառուցողական կեցվածք դրսեւորում: Դա արտահայտվում է ինչպես գրեթե ամենօրյա ռազմաշունչ հռետորաբանությամբ եւ շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներով, այնպես էլ դիվանագիտական հայտարարություններով եւ քարոզչությամբ:

    Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում: Եւ, թերեւս, տեղին կլիներ, որ հայկական դիվանագիտությունը միջնորդների ուշադրությունը հրավիրեր Իլհամ Ալիեւի կողմից հակամարտության կարգավորման հայեցակարգը նենգափոխելու քայլերի եւ դրանց հնարավոր հետեւանքների վրա՝ խնդիր դնելով վերականգնել բանակցությունների լիարժեք ձեւաչափը: Միջազգային հեղինակավոր ուժերն ունենան Ադրբեջանի մաքսիմալիզմը եւ ռազմական հռետորաբանությունը զսպելու բազմաթիվ լծակներ, որոնք գործի դնելու ժամանակը վաղուց է եկել: Հակառակ դեպքում ոչ միայն մեր, այլեւ հարակից տարածաշրջանը կարող է վերածվել արյունալի պատերազմի թատերաբեմի՝ վտանգելով միջազգային կայունությունը:

  Պետք է դնել Ադրբեջանի ակնկալիքների սահմանափակման, նրան իրատեսության դաշտ բերելու եւ դիվանագիտական միջոցներով խաղաղություն պարտադրելու խնդիր եւ ձեռնամուխ լինել այդ ուղղությամբ գործնական քայլերի:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /