• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 25, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան, Արցախ
06.07.2018 | 15:30

Բանակցային փակուղուց դուրս գալու ելքը ԼՂ հիմնախնդրի պատմա-իրավական փաթեթն է

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցը պատմաբան և դիվանագետ Արա Պապյանն է 

-97 տարի առաջ՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: Մեր օրերում միջազգային իրավունքի տեսնակյունից իրավական ուժ ունի՞ այդ որոշումը:

-Միջազգային իրավունքը հստակ է՝ որևէ պայմանագիր օրինական է, խոսքն իհարկե միջպետական պայմանագրեր մասին է, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչների միջև, այսինքն՝ ստորագրողները պետք է լիազորված լինեն արդեն իսկ ճանաչված պետության ղեկավար մարմնի կողմից:

   Մենք ի՞նչ ունենք հուլիսի 5-ի չարաբաստիկ որոշման վերաբերյալ: Միանշանակ է, որ այն կուսակցական որոշում է: Արդյոք կարո՞ղ է մի երկրի կուսակցությունը որոշում կայացնել երկու տարբեր ու իրարից անկախ երկրների սահմանների վերաբերյալ: Իհարկե՝ ոչ:  Անգամ ձևական առումով և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 1921 թվականին դեռևս անկախ էին: Հիշենք, որ ԽՍՀՄ-ը ձևավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, այսինքն՝ մեկ-մեկուկես տարի հետո, ուրեմն, մենք այստեղ ունենք հստակորեն կուսակցական որոշում:

  Փաստաթղթի անօրինականության մասին վկայող մյուս հանգամանքն այն է, որ այդ ժամանակ Սովետական Ռուսաստանը ճանաչված չէր և ոչ էլ մյուսներն էին ճանաչված  որպես օրինական պետություն և օրինական իշխանություն: Սովետական Ռուսաստանը՝ որպես պետությունը սկսել է ճանաչվել այլ պետությունների կողմից միայն 1924 թվականի փետրվարի 1-ից, և այդ գործընթացը շարունակվել է բավականին երկար: Օրինակ ԱՄՆ-ը ճանաչել է միայն 1933 թվականին:  

Կա մեկ այլ հանգամանք ևս. անկախ Հայաստանի և Սովետական Ռուսաստանի միջև գոյություն ունի 1920 թվականի օգոստոսի 10-ի այսպես կոչված համաձայնագիրը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետության մաս: Իհարկե, դա խորամանկություն էր իրենց կողմից, այդպես էին անում, որպեսզի դիմադրություն չլինի Հայաստանի խորհրդայնացման գործընթացում, բայց միևնույն է՝ դա արվել է:

Հիմա հարց է առաջանում՝ եթե Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի որոշումը անօրինական է և չի կարող ստեղծել օրինական հետևանքներ, ապա ի՞նչ փաստաթղթով է ստեղծված կամ հաստատված Հայաստան-Ադրբեջան սահմանը: Հիշեցնեմ, որ 1917 թվականին, երբ Բոլշևիկյան հեղաշրջում եղավ Ռուսաստանում, Հարավային Կովկասը նախ իրեն չնաճաչեց Սովետական Ռուսաստանի մաս, ապա 1918 թվականի մայիսից Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն սկսեցին իրենց անկախ հռչակել: Բայց իրենց անկախությունը չէր ճանաչվել համաշխարհային պետությունների կողմից մինչև 20 թվականի հունվարը: Այդ ժամանակ միայն Փարիզի վեհաժողովի կարևորագույն երկրները՝ եռյակը կամ խորհուրդը, ճանաչեց Հայաստան, Վրաստան, Ադրբեջան երկրների անկախությունները և նշեց, որ սահմանները պետք է հետո որոշվեն:

1920 թվականի փետրվարի 24-ին, Ազգերի լիգայի խորհրդի հատուկ հանձնաժողովը, որի մաս էին կազմում Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, գործելով Ազգերի լիգայի անունից, այսինքն՝ այն ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երկրների անունից՝ հրապարակեցին զեկույց-առաջարկ, որը որոշում էր Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան սահմանները:

Փետրվարի 24-ի որոշմամբ՝ ոչ միայն  Լեռնային Ղարաբաղը, այլ ամբողջ Դաշտային Ղարաբաղը, այսինքն՝ այն տարածքը, որտեղ հայերը մեծամասնություն էին, Հայաստանի տարածք էին ճանաչվում:

Ամփոփելով նշեմ, որ հուլիսի 5-ի որոշումը անօրինակն է և չի կարող հիմա հանդիսանալ որևէ միջպետական սահմանի ստեղծման հիմք, որովհետև այն չճանաչված պետության ու չճանաչված կառավարության ոչ լիազոր ներկայացուցիչների կողմից կայացված որոշում է: Եվ հակառակը՝ ուժի մեջ է Ազգերի լիգայի 1920 թվականի փետրվարի 24-ի որոշումը, որովհետև դա միակ իրավական փաստաթութն է հարցի վերաբերյալ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խնդիրը, որ պատմա-իրավական այս փաթեթը բանակցային գործընթացի մաս չի կազմում:

- Կարծում եմ՝ սխալը գալիս է ամենասկզբից, այսինքն, անկախության առաջին իսկ օրերից: Հիշենք, որ շարժումը սկսվել է 1988-ից, ու դա ներպետական վեճ էր, ոչ թե միջպետական: Իհարկե, լինելով Խորհրդային միության ներսում՝ այդ խնդիր պետք է լուծվեր սովետական Սահմանադրությամբ, բայց սովետական Սահմանադրության մեջ հակասություն կար հանրապետությունների սահմանների չփոփոխելիության կամ առանց այդ հանրապետության սահմանը փոխելու անընդունելիության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև: Այսինքն՝ ԽՍՀՄ սահմանադրության մեջ կոնֆլիկտ կար՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հարցերի շուրջ:

Երբ 1991 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանն իրենց անկախ հռչակեցին, և դեկտեմբերից անկախությունը սկսեց ճանաչվել, ցավոք սրտի, հարցը մղվեց այդ հակասությունների օղակի մեջ: Կարծում եմ՝ դա եղավ հիմնականում ղեկավարության չիմացության պատճառով, չգիտեին, որ նման միջազգային փաստաթղթեր գոյություն ունեն: Ու բանակցային գործընթացը սկսեց գնալ այդ հունով, ավելին՝ մեր ղեկավարությունը նաև ստորագրեց նախկին սովետական սահմանները ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ: Հետո Ղարաբաղն անկախացավ Հայաստանից: Չպետք է մոռանանք, երբ ասում ենք, Ղարաբաղն ինքնորոշվեց և անկախացավ, նկատի ունենք, որ այն անկախացավ Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, որովեհտև 1980 թվականի դեկտեմբերի 1-ին արդեն կար Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համատեղ հայտարարությունը՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միացման մասին:

   Ամփոփելով ասեմ, օրվա իշխանությունը 1991 թվականին, նախ, չիմանալով այդ միջազգային փաստաթղթերի գոյության մասին, երկրորդը՝ վստահ լինելով, որ պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվելու է, իրենից օտարեց Ղարաբաղը: Այսինքն ստեղծեց իբր անկախ Ղարաբաղ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Իհարկե, մենք հաղթեցինք, բայց, ցավոք սրտի, Բիշքեքում, փոխանակ մենք հաղթական խաղաղության պայմանագիր ստորագրեինք և հասկանանք, թե ինչո՞ւ զինադադար կնքեցինք՝ իրավունքներ մեզ վերապահելով միայն ԼՂԻՄ-ի տարածքի վրա, այլ ոչ թե ավելի լայն, այսինքն՝ այն տարածքի, որը Ազգերի Լիգան մեզ էր տվել, արեցինք  հակառակը, և բանակցություններն այդպես՝ սխալ հունով գնացին:

Հիմա հայտնվել ենք որոշակի գործընթացի մեջ, որն արդեն ունի իր տրամաբանությունը, և դա շատ դժվար է փոխել: Բայց կարծում եմ՝ երբ ակնհայտ է դառնում, որ այդ հակասության կամ թեկուզ առերես հակասության շրջանակում, այսիքն, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դաշտում հարցը լուծել չի լինում, ուրեմն պետք է վերադառնալ Ազգերի լիգայի որոշմանը:



    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /