• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 25, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան, Արցախ
06.07.2018 | 15:00

Բաքվում որդեգրել են «փուլային օկուպացիայի» սցենարը. Դավիթ Ջամալյան

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հարցազրույցը ՊՆ նախարարի նախկին խորհրդական ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

-Պարոն Ջամալյան, այս օրերին մտահոգության առակա է դարձել Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործողությունները: Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման վտանգ տեսնում ե՞ք:

-Նախիջևանի սահմանին տեղի ունեցածը մեկնաբանելու, կատարվածին գնահատական տալու համար հարկավոր է լինել առաջնագծում, տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին, «զգալ իրավիճակը», տեղեկանալ մեր կողմից ձեռնարկված հակընդդեմ քայլերին, և նոր միայն գնահատել իրադրությունը։ Բայց քանի որ նորանշանակ պաշտպանության նախարարի հետ երբեք համախոհներ չենք եղել, ապա ես դադարեցրել եմ համագործակցությունը պաշտպանական կառույցի հետ։

    Վերջին տարիներին պետական սահմանին տիրող իրավիճակի մասին իմ մեկնաբանություններն ու գնահատականները հիմնվել են առաջնագծի իրողությունների իմացության վրա։ Ըստ այդմ, կրկնում եմ՝ առանց տեղում իրավիճակին ծանոթանալու, ադրբեջանական առաջխաղացման վտանգի իրական չափը հասկանալու, և մեր հակընդդեմ քայլերի մասին տեղեկանալու գնահատականներ հնչեցնելը՝ համարում եմ անպատասխանատու։ Այն, որ նախիջևանյան ուղղությամբ, և հատկապես Արարատ- Վայք տեղամասում՝ Սյունիք և Արցախ տանող ռազմավարական ճանապարին հարող հատվածում հակառակորդի ցանկացած առաջխաղացում վտանգավոր է՝ աներկբա է։ Ակնհայտ է նաև՝ որ առաջիկայում Նախիջևանի սահմանի ԱրարատՎայք հատվածում լարվածության նոր օջախ ենք ունենալու։

-Ինչպե՞ս եք գնահատում օրերս հայկական կողմի իրականացրած՝ թշնամուն զսպող հակընդդեմ գործողությունը:

- Տվյալ դեպքում լավատեսության հիմք կարող է տալ զուտ այն միտքը, որ մեր Զինված ուժերի գլխավոր շտաբում անշուշտ առկա կլինի ստեղծված իրավիճակին հակազդելու պատկերացումը։ Այստեղ հատկապես ընդգծեմ պաշտպանության նախարարի հետ թիմակից չլինելով հանդերձ՝ թե ես, և թե իմ ընկերները միաժամանակ սկզբունքորեն դեմ ենք նաև մերկապարանոց և ինքնանպատակ քննադատությանը, և ավելին՝ պատրաստ ենք տեսնել և հավուր պատշաճի գնահատել գործը, արդյունքը։ Այս առումով նախիջևանյան ուղղությամբ վերջին օրերին մեր ստորաբաժանումների վճռական հակընդդեմ գործողություններն անշուշտ տեղին էին։ Հակառակորդի մոտ երբեք չպետք է ստեղծվի այնպիսի տպավորությունը, թե նախաձեռնությունն իր կողմում է։

 -Ակնհայտ է ադրբեջանա-թուրքական տանդեմի հեռահար նպատակը՝ պանթուրքիստական ծրագերի իրականացման համար Նախիջևանը դարձնել ռազմա-քաղաքական գործոն: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

 

-Բազմիցս առիթ եմ ունեցել անդրադառնալու Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում Նախիջևանի գործոնի խնդրին։ Հանրահայտ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ ծավալապաշտական նկրտումները չեն սահմանափակվում Արցախի տարածքն օկուպացնելու մտադրությամբ։ Նախիջևանը հուսալի տարածական կապով Ադրբեջանի հետ միացնելը, Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելը, եղել է, կա, և կմնա Անկարայի և Բաքվի կենսական նշանակություն ունեցող հեռահար նպատակներից մեկը։ Բնականաբար,  ասվածը ենթադրում է ո՛չ միայն Արցախի, այլև Սյունիքի օկուպացիա։ Սյունիքի վերաբերյալ Ալիևի բազմիցս արված հայտարարությունները՝ այդ հեռահար ագրեսիվ ծրագրերը սեփական հանրության ընկալումներում ակտուալ պահելու նպատակ ունեն։

 Արդեն այսօր Նախիջևանը վերածվել է Հայաստանի դեմ ագրեսիայի, իսկ լայն առումով տարածաշրջանում թուրքական ազդեցության ամրապնդման, ավելին՝ պանթուրքական հեռահար ծրագրերի իրականացման պլացդարմի։ Նախիջևանում կայուն պարբերականությամբ անցկացվող թուրքադրբեջանական զորավարժություններն ասվածի վառ վկայությունն է։ Սա, անշուշտ, սպառնալիք է Հայաստանի համար։ Նման պայմաններում որպես մեր երկրի անվտանգության անփոխարինելի երաշխիք հանդես է գալիս Արցախի ներկա տարածքը։ Միայն Արաքսի հովտին տիրապետելով՝ զուգահեռաբար, հետևողականորեն ամրապնդելով ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ մարտունակությունը, մենք ի զորու կլինենք կանխել այդ սպառնալիքը։

 

 -Դառնանք  Արցախ-Ադրբեջան պետական սահմանի հակառակորդի ուժերի նկատելի կուտակումներին: Ի՞նչ սցենար է խաղարկում Ադրբեջանը և ինչպե՞ս պետք է հայկական կողմերը կարողանան չեզոքացնել հնարավոր վտանգները:

 

-Այո,  արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախ-Ադրբեջան պետական սահմանին հակառակորդը ուժեր է կուտակել։ Այստեղ ընդգծեմ, որ իր վերջին հարցազրույցում Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը սթափ գնահատեց Արցախի սահմաններին տիրող իրավիճակը, որից կարելի է հետևություն անել առ այն, որ Պաշտպանության բանակը տիրապետում է ստեղծված իրավիճակին։

Տվյալ դեպքում հատկանշական է այն, որ այս իրավիճակը երկար է տևելու։ Հակառակորդն իր ուժերը, ըստ ամենայնի սահմանից հետ չի քաշի, ավելին, կշարունակի հետևողականորեն ավելացնել դրանք։ Ադրբեջանական մտահղացումը հասկանալի է՝ առաջնագծին հնարավորինս մոտ՝ իրենց մոտակա խորքում, ձևավորել հարվածային խմբավորում։ Որքան էլ, որ առաջին հայացքից տարօրինակ թվա՝ այդպես է արվում հարվածի առավելագույն հանկարծակիություն ապահովելու, հարված հասցնելու դեպքում ժամանակ շահելու համար։ Այսինքն՝ հարված հասցնող ուժերը բերվում են սահմանի մոտ և դա ակնհայտ է: Իսկ այս դեպքում հարցերի հարցն  այն է, թե ե՞րբ այդ ուժերը կհասցնեն հարվածը։ Հակառակորդի այս մտահղացումը «հարվածել-վերցնել հնարավորը-հրադադար խնդրել» սցենարի մասն է։ Բաքվում գիտակցում են, որ իրենց զինված ուժերի մարտունակությունը թույլ չի տալիս մեկ փուլով օկուպացնել Արցախի տարածքը, ըստ այդմ՝ որդեգրել են «փուլային օկուպացիայի» սցենարը։ Ըստ այդմ նրանք այժմ զբաղված են մարտունակ հերթապահ ուժեր ձևավորելով՝ որոնց վերապահված է լինելու հասցնել առաջին, հիմնական հարվածը։

Հակառակորդի այս մտահղացումը ունի նաև խոցելի կողմեր։ Նախ՝ այն հայտնի է մեր զինվորականությանը՝ այստեղից բխող բոլոր հետևություններով։ Այն, որ մեր զինվորականները գիտեն, որ հակառակորդը կարող է ամեն պահի հարված հասցնել՝ ներքուստ պատրաստ են հնարավոր մարտերին։ Այդ ներքին պատրաստակամությունը նվազագույնի է հասցնելու լայնածավալ հարձակման դեպքում մեր անձնակազմերի հանկարծակիի գալու հավանականությունը, և ընդհակառակը՝ կարճ ժամանակ է պահանջվելու նրանց պաշտպանության կազմակերպման համար։

Մյուս կողմից՝ մարտավարական խորությունում կուտակված ուժերը թիրախ են հանդիսանում մերոնց համար։ Հետևաբար, կարծում եմ, բանակի հրամանատարի նախազգուշացումն առ այն, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու դեպքում հակառակորդի համար հետևանքները ծանր են լինելու՝ ոչ միայն  տեղին է և համարժեք՝ ստեղծված իրավիճակին, այլև միանգամայն իրականանալի։

Այստեղ կարևոր եմ համարում շեշտել հետևյալը, սկզբունքորեն դեմ լինելով մեր հանրությանը հանիրավի հանգստացնելու մոտեցմանը, նշեմ, որ 2016-ի ապրիլյան սցենարի՝ սահմանափակ ուժերի ու միջոցների ներգրավվմամբ մարտական գործողությունների հավանականությունն առաջիկա տարիներին մեծ է լինելու։ Ընդ որում սկզբունքորեն պետք է պատրաստ լինել նման մարտական գործողությունների ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև ՀՀ-Ադրբեջան սահմանին։

 -Ներկայումս հայկական զինված ուժերը պատրա՞ստ են դիմակայել թշնամու սադիրչ գործողություններին:

 

-Մենք պե՛տք է պատրաստ լինենք ադրբեջանական ագրեսիային դիմակայելուն և թշնամուն կրիտիկական վնաս հասցնելուն։ Նման իրավիճակում հատկապես կարևոր է դառնում Զինված ուժերի հանգուցային դիրքերում պարկեշտ և հանդուգն նախաձեռնողականությամբ աչքի ընկնող հրամանատարական կադրերի նշանակումը։ Հնարավոր ագրեսիայի դեպքում վճռական ու հնարամիտ որոշում կայացնելու ունակ հրամանատարների առկայությունը կարևոր պաշտոններում՝ ահա մեր հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկը։ Իսկ նման հրամանատարներ մենք ունենք։

Մեկ այլ նկատառում ևս։ Որպեսզի մեր հանրության զգոնությունը չթուլանա՝ առաջնագծի իրողությունները պետք է հասու լինեն մարդկանց։ Մեր հայրենակիցները պետք է գիտակցեն թշնամուց եկող վտանգը, բայց պետք է նաև համոզված լինեն, որ կա  այդ վտանգը չեզոքացնող ուժ։ 

Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել խորը արմատներ նետած արատավոր երևույթների դեմ պայքարին, որի արդյունքում, վստահ եմ, մեր պետականությունը կամրապնդվի։  Սակայն ուլտրալիբերալ նորարարությունները՝ լինելով վտանգավոր, մեզանում միայն արդարացի դժգոհությունների տեղիք են տալու՝ խաթարելով նոր կառավարության հանդեպ վստահությունը։

Հարցազրույցը վարեց՝ Արմինե Սիմոնյանը


    Լրահոս
    Հայկական ցուցահանդես Նյու Յորքում
    «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /