• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ
09.07.2018 | 18:25

Ադրբեջանն իսլամական պետություն կդառնա՞

 Հայտնի պատմաբան եւ կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսովը, որ ներկայումս քաղաքական վտարանդի է եւ ապրում է Նիդեռլանդներում, «Իսլամն Ադրբեջանում» աշխատության մեջ պնդում է, որ իշխող ռեժիմի քաղաքական այլընտրանքը միայն իսլամական ծայրահեղականությունը կարող է լինել:

    Առաջին հայացքից ոչ օրինաչափ այս տեսակետի հիմքում, սակայն, մեծ ճշմարտություն կա: Դա այն է, որ Ադրբեջանում իշխող ուժը վերացրել է քաղաքական մրցակիցներին, բռնաճնշել մարդու իրավունքները, բայց դրան զուգահեռ անցած երկուսուկես տասնամյակներում հասարակության մեջ աճել է իսլամի հեղինակությունը: Ճիշտ է, Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ փորձ է արել կարգավորել կրոն-պետություն հարաբերությունները, բայց՝ ապարդյուն:

  

 Ադրբեջանական հասարակությունը երկրի հոգեւոր առաջնորդ Փաշազադեին չի վստահում, նրան չի ճանաչում որպես կրոնական գործիչ, ուստի հավատացյալների կյանքը վերահսկելու քայլերը մատնվել են անհաջողության, քանի որ պետությունը չի տիրապետում զանազան կրոնական խմբավորումների պատկանող մարդկանց մի ընդհանուր հոսանքի ենթարկեցնելու որեւէ միջոցի: Ուսումնասիրող Յունուսովը նշում է, որ նույնիսկ խորհրդային տարիներին ադրբեջանական հասարակությունը մնացել է խիստ կրոնապաշտ, եւ իշխանությունները միշտ զգուշությամբ են մոտեցել մարդկանց կրոնական զգացմունքներին: Այս տեսակետից, կարծում է նա, Ալիեւի իշխանությունը գերազանցել է խորհրդային տարիների բռնությունները, բայց, միեւնույն է, իրավիճակը չի փոխվում:

     Այս համատեքստում կարեւորվում է վերջերս Գյաջայի քաղաքապետի դեմ մահափորձի նոր մեկնաբանությունը: Ըստ այդմ, Յունուս Սաֆարովը, որ ատրճանակից երեք կրակրոց է արձակել Գյանջային քաղաքապետի եւ նրա թիկնապահի ուղղությամբ, կրոնական մոլեռանդ է կամ խայրահեղ իսլամական, որի նպատակն է Ադրբեջանում հաստատել կրոնապետություն: Ադրբեջանի պատկան մարմիններն, իհարկե, սլաքն ուղղում են Իրանի դեմ՝ պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտելով, որ Սաֆարովն ութ ամիս ապրել է Իրանի Ղում քաղաքում եւ անցել մարտական պատրաստության դասընթացներ: Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ վերջին օրերին իրանցի բլոգերները կատաղի քարոզչություն են տանում ի պաշտպանություն Սաֆարովի եւ ի դեմ Գյանջայի քաղաքապետ Վելիեւի: Վերջինս անցյալ տարի Գյանջայում ոստիկանության ուժերով արգելափակել է հավատացյալների երթը դեպի Շահ Աբաս մզկիթ: Դա Աշուրայի օրն է տեղի ունեցել:

     Տասնյակ հազարավոր հավատացյալներ Գյանջայում կարող էին խոշոր անկարգություններ սադրել, բայց մարդիկ, երեւում է, քաղաքապետին չեն ներում իրենց կրոնական զգացմունքների վրա բռնանալու համար: Նրա դեմ մահափորձը Գյանջայում համաժողովրդական տոնախմբության առիթ է տվել: Մարդիկ Յունուս Սաֆարովին համարում են ժողովրդական վրիժառու եւ փառաբանում են նրա արարքը: Ամբողջ իշխանահաճ մամուլը տագնապ է բարձրացրել:

     Մոտենում է շիաների շրջանում ամենահիշվող տոնախմբություններից մեկը՝ Աշուրան, երբ ժողովուրդը հիշում է իմամ Հուսեյնի նահատակությունը: Կրոնական սովորության համաձայն տղամարդիկ այդ օրն իրենց դատապարտում են ծանր տառապանքների, ինքնակոծման եւ ինքնագանահարման՝ մինչեւ որ տեղի է ունենում արյունահոսություն: Վերջին տարիներին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը մարդկանց հորդորում է այդ օրը ներկայանալ տեղամասային պոլիկլինիկա եւ դոնորական արյուն հանձնել՝ որպես կրոնական զգացմունքների բավարարման ձեւ, բայց շատ քչերն են նրան ականջալուր լինում: Ինչպես ադրբեջանական մամուլն է տագնապով արձանագրում՝ «վտանգը գալիս է հարավից»: Խոսքն իրանական վտանգի մասին է:

  Ադրբեջանում կրոնապետության մասին ավելի ու ավելի շատ է խոսվում: Իսլամական կուսակցության առաջնորդ հաջի Մովսում Սամադովը պատիժ է կրում բանտում, նոր գործով կալանավորվել եւ կրկնակի դատվել է նրա հետեւորդ Թալե Բաղիրզադեն: Ի դեպ, Գյանջայի քաղաքապետի ուղղությամբ կրակող Յունուս Սաֆարովն ասել է, թե վրեժ է լուծում, քանի որ նա որբ է թողել Թալե Բաղիրզադեի երեխաներին:

     Ինչպես երեւում է, իշխանությունները սպասում են կրոնական նոր ակցիաների: Մեծ է լարվածությունը Բաքվին մերձակա Նարդարան ավանում, որը համարվում էր կրոնապետության գաղափարի կենտրոնը: Բայց, ինչպես տեսնում ենք, առաջնության դափնին անցնում է Գյաջային: Այն եղել է Ադրբեջանի առաջին հանրապետության մայրաքաղաքը եւ կարող է դառնալ կրոնապետության կենտրոն: Յունուս Սաֆարովի երեք կրակոցով տրվել է հետհաշվարկի մեկնարկը: Եւ կարելի է ասել, որ Ադրբեջանում կրոնապետության հռչակումն ընդամենը ժամանակի հարց է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /