• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
09.07.2018 | 21:00

Թուրքիա –Հայաստան. ջրային շրջափակում

Պոետն ասում էր.

-Զարմանալի հայ,

Որ հող է ասում մատղաշ քարին,

Սար է անվանում սարի նկարին,

Արաքս է ասում գետի մի ափին:

 

1921թ.-ից մինչև օրս Արաքս գետի միայն մի ափն է մերը: Պետական սահմաններով հոսող Արաքսն այսօր մեզ բաժանում է երեկվա կորցրածից ու վաղվա երազից: Հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով արդեն 25 տարի փակ է նաև Մարգարայի հայտնի կամուրջը, որն Արմավիրի մարզը միացնում էր Իգդիրին։ Ներկայիս բետոնե կամուրջը նախկինում եղել է փայտից: Արաքսի վրայի միակ փակ կամուրջն է՝ պատված փշալարերով: Կամրջի ուղիղ կեսը ներկված է կարմիր, մյուս կեսը՝ սպիտակ գույնով: Հայ-թուրքական պետական սահմանը կամրջի վրա բաժանվում են այդ գույներով: Սպիտակ հատվածի վերջում՝ հայոց պատմական հողի վրա, դեռ շարունակում է կախված մնալ կիսալուսնի դրոշը:

Ցամաքային շրջափակումից բացի Թուրքիան Հայաստանի նկատմամբ տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնում է նաև ջրային շրջափակման քաղաքականություն: Արաքս վերին հոսանքներում կառուցած ջրամբարների միջոցով փորձ է արվում Արաքսը ջրազրկել: Իսկ Արաքսի ջրազրկումը նշանակում է ջրազրկել Հայաստանը կերակրող Արարատյան դաշտը: Փաստորեն Արաքսի քաղցրահամ ջրերը կուտակելով և դրանց հոսքը դեպի Հայաստան զգալիորեն կրճատելով՝ Թուրքիան մեզ սպառնում է բնապահպանական ու գյուղատնտեսական աղետով: Արաքսի վրա կառուցված և դեռ կառուցվող ջրամբարներով թուրքերն Արարատյան դաշտի անապատացման սպառնալիք են ստեղծում, ինչպես նաև՝ հողերի աղակալման իրական վտանգ:

Դժբախտաբար, Արաքսի ու նրա վտակների վրա արդեն շահագործվում է 3 ջրամբար:

 

Կագիզմանի ջրամբար, որ (150 մլն խմ)

Բայբուրթի ջրամբար (52 մլն խմ)

Շիրինքյուի ջրամբար (1.9 մլն խմ)

 

Եվս 3 ջրամբար մոտ ապագայում նախատեսվում է հանձնել շահագործման: Իգդիրի նահանգում կառուցվելու է ջրամբար (285 մլն խմ), որի կուտակած ջրով ոռոգվելու է Իգդիրի հովիտը: Շուտով կավարտվի Կարսի ջրամբարը (232 մլն խմ): Կառուցման ընթացքի մեջ է Կարակուրդի խոշոր ջրամբարը (1 մլրդ խմ): Ջրային ռեսուրսների կառավարման Թուրքիայի այսօրինակ քաղաքականությունն ակնհայտորեն բացասական հետևանքներ է ունենալու Հայաստանի ջրային հաշվեկշռի վրա։ Ըստ նախնական հաշվարկների՝ Թուրքիայում տարածքում նախատեսվում է Արաքսի ջրերից ամբարել մոտ 1 մլրդ 300 մլն խմ ջուր: Եթե հաշվի առնենք, որ Արաքսի ջրային պաշարը տարեկան կազմում է շուրջ 2 մլրդ 500 մլն խմ ջուր, ապա ստացվում է, որ Թուրքիան իր ջրամբարների ողջ համալիրի միջոցով պատրաստվում է յուրացնել Արաքսի ջրերի կեսից ավելին: Սա ոչ այլ ինչ է, քան մահափորձ հայոց մայր գետի դեմ:

Նկատենք, որ Թուրքիան «ջրային շրջափակման» քաղաքականություն է իրականացնում մյուս հարևանների նկատմամբ ևս, ինչպես օրինակ՝ Սիրիայի և Իրաքի: Ջրամբարների մի անբողջ համալիր է շահագործում Եփրատի ջրերի հաշվին ու այդպիսով ծանր վիճակի մեջ է դրել Սիրիային: Ջրամբարներ է կառուցել Տիգրիս գետի վրա և ջրազրկման վտանգի մատնել Իրաքին: Իր ջրամբարները Թուրքիան դարձրել է նաև քաղաքական ճնշման գործիքներ հարևանների հետ հարաբերություններում: Այդ կերպ փաստորեն հսկողություն է սահմանում շջրային ռեսուրսների վրա, վերահսկում գետահոսքերը, պետք եղած դեպքում նվազեցնում ու երաշտ առաջացնում տարածաշրջանի մյուս երկրներում:

 

Նման իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան առ այսօր չի ստորագրել ՄԱԿ-ի 1997թ. ոչ նավարկելի  գետերի ջրերի օգտագործման կոնվենցիան: Թուրքերն իրենց երկրի տարածքով հոսող ջրերի նկատմամբ դրսևորում են բացարձակ ինքնիշխանություն և դրանք տնօրինում ըստ տնտեսական, ռազմական կամ քաղաքական նպատակահարմարության:

 

Հայաստանի գյուղատնտեսությանը, Արարտյան դաշտի հողօգտագործմանը և Արաքսի էկոլոգիական հոսքին հասցվելիք ծանր վնասներով հղի Թուրքիայի ջրային քաղաքականությունը, անկասկած, աղետաբեր է լինելու մեզ համար, եթե մեր կողմից հակամիջոցներ չձեռնարկվեն: Թուրքիայի վնասաբեր քաղաքականությանը հակազդելը, դրա առաջացրած սպառնալիքները չեզոքացնելը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ Թուրքիայի հարվածը ուղղված է հենց մեր ռազմավարական ռեսուրսին՝ ջրային պաշարներին:

Արաքսը հայերի համար նույնն է, ինչ Վոլգան ռուսների, Գանգեսը հնդիկների, Նեղոսը եգիպտացիների կամ Հռենոսը գերմանացիների համար: Կարծում ենք՝ Արաքսի պատմական, տնտեսական, ռազմավարական արժեքի գիտակցումը չպետք է լինի միայն երգերի ու գրականության մեջ: Այլ նաև՝ պետական քաղաքականության մեջ:

Մի կողմից Թուրքիան հասկանալի համառությամբ փորձում է ջրազրկել հայոց մայր գետը, մյուս կողմից Հայաստանը անհասկանալի համառությամբ շարունակում է Ախուրյանի ջրամբարի ջրերը հավասար կիսել Թուրքիայի հետ:

Մեկնաբանությունը թողնում ենք ձեզ, իսկ մտահոգությունը մնում է, ավաղ, մեզ բոլորիս:

ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /