• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
10.07.2018 | 13:17

Ճշմարտության բացահայտումը առաջին հերթին երկրապահներիս է պետք. Արա Կետիկյան

 Հարցազրույց Երկրապահ կամավորականnերի միության փոխնախագահ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆԻ հետ

-ԱԱԾ կողմից ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի թալանի բացահայտումները երկրապահներից շատերին ցավ պատճառեցին, տղաներն անկեղծորեն խոստովանում են՝ կատարվածն իրենց համար անձնական ողբերգություն էր: Բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ երկրապահներն անտեղյակ էի՞ն, որ իրենց ղեկավարը յուրացրել է զինվորի սնունդը, պարտակել բանակի համար ուղարկված տեխնիկական:

 -Ասեմ, որ իմ կարծիքը չի տարբերվում հազարավոր երկրապահների կարծիքից, ԱԱԾ բացահայտումը ինձ համար ևս շոկ էր՝ կարելի է ասել անգամ անձնական ողբերգություն:

  Բնականաբար,  տեղյակ չենք եղել այդ ամենինից, ինչպե՞ս կարող էինք  տեղյակ լինել ու լռելԵԿՄ-ում կան երկրին նվիրյալ, հայրենասեր տղաներ, ինչպե՞ս կարող էին նրանք իմանալ ու  անտեղյալ ձևանալ:

  -Մանվել Գրիգորյանն իր փաստաբանի միջոցով ասել էր, թե ամեն ինչ կանի, որպեսզի ապացուցի իր ճշմարտացի լինելը: Սպասում ե՞ք նրա մեկնաբանություններին, թե՞ Մ. Գրիգորյանն այլևս փակված էջ է Երկրապահի համար:

 -Չէ, փակված էջ չէ, ու շատերս ենք սպասում իր կողմից հնչող պարզաբանումներին, ինքն իրեն արդարացնելու գործընթացին: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, կան իրավապահ մարմիններ, կա դատարան, վերջին խոսքը իրենցն էլ լինելու: Մենք  այսօր ապրում ենք նոր Հայաստանում, վստահ եմ, որ նոր Հայաստանում «վերևներից» որևէ ուղղորդում չի լինի իրավապահ մարմիներին, չի լինի որևէ քաղաքական ազդեցություն և ամեն ինչ օբյեկտիվորեն կբացահայտվի:

 Ողջ ճշմարտությունն առաջին հերթին մեզ՝ երկրապահներիս է պետք իմանալ: Երբ տեսանք, որ զինվորի բաժինն է թալանվել, դա սարսափելի ազդեցություն ներգործեց մեզ վրա, դա նշանակում է՝ թալանվել է զինվոր-երկրապահի բաժինը, գողացվել է ժամկետային զինծառայողից, սպայից,  ապրիլյան  պատերազմի օրերին ճակատ մեկնած մեր երկրապահ զինվորից, բոլորից է թալանվել: Հետևաբարառաջին հերթին մենք՝ երկրապահներս ենք անհամաբերությամբ սպասում, որ դատական մարմինները վերջնականապես տան բոլոր հարցերի պատասխանները:  

 -Մանվել Գրիգոյանն իր առանձնատանն այնպիսի ապրանքներ էր թաքցրել (անգամ տարբեր տեսակի ավտոմեքենաներ), որ դժվար է պատկերացնել, թե դա արել է միայնակ՝ կուզեկուզ, գողեգող, մթության քողի տակ: Չե՞ք կարծում, որ կոռուպցիոն շղթայի հետ գործ ունենք:

 -Այդ ամենն այնքան խճճված է ու ոչ միանշանակ, ինչ-որ բան ասելն անգամ շատ  դժվար է, իսկ ինձ համար առավել ևս անհնարին, քանի որ այդ հարցերին կարող են միայն քննչական մարմինները պատասխանել:

 Չնայած ես այդ հարցերով երբևէ չեմ զբաղվել, բայց որքանով տեղյակ եմ, այդ պահածոները և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ են բաժանվել, և՛ ԵԿՄ ճամբարի համար ՊՆ-ն է հատկացնումներ արել՝ սնունդ ու այլ պարագաներ:

Այնպես որ, հիմա ինձ համար դժվար է անգամ պատկերացնել, թե դրանք որտեղի՞ց են բերվել, ինչպե՞ս և ինչո՞ւ են հայտնվել հենց մանվել Գրիգորյանի առանձնատանը, կամ  ինչո՞ւ էր այդ սնունդը ժամկետանց: Ինչու-ները շատ են, սպասում ենք պատասխանների, որը, ինչպես ասացի՝ կտան միայն քննչական մարմինները:

-Հայերս զինվոր,  բանակ սիրող ազգ ենք, ու ԱԱԾ-ի  բացահատումների ժամանակ շատերիս մոտ կար մտավախություն՝ հանկարծ չսասանվի՞ մեր  ժողովրդի հավատը բանակի  հրամանատարների, երկրապահ տղաների հանդեպ, հանկարծ չլինի՞ վստահության կորուստ:

-Եթե ասեմ, որ կատարվածը չի անդրադարձել ԵԿՄ-ի վրա՝ ճիշտ չեմ լինի:

Իհարկե՝ անդրադարձել եղել է: Դրա համար մեր խնդիրն է ամեն ինչ անել այնպես, որպեսզի չվարկաբեկվի Երկրապահը: Ի վերջո, այս կառույցը ստեղծվել է Հայաստանի երրորդ Հանրապետության հետ միասին, նույնիսկ ավելի վաղ: Պետք է հիշենք, որ ԵԿՄ-ն ստեղծվեց ըստ անհրաժեշտության: Դեռ բանակ չունեինք ու ստեղծվեցին երկրապահական առաջին ջոկատները, այնուհետև ստեղծվեց ԵԿՄ կենտրոնական շտաբը: Ու պատերազմի ողջ ծանրությունը,  դառնությունը երկրապահական ջոկատները վերցրին իրենց ուսերին: Հայկական կանոնավոր բանակը ստեղծվեց երկրապահի ջոկատների հենքի վրա, ուրեմն՝  մեր բանակը ևս երկրապահ է:  Մինչև 1994-ը Երկրապահն ու բանակը կողք-կողքի կռվել են թշնամու դեմ, ես չեմ ուզում բանակն ու երկրապահը միմյանցից տարանջատել, քանի որ մեր միասնականությամբ կարողացանք փայլուն հաղթանակ նվիրել մեր ժողովրդին: Եթե չլինեին երկրապահ ջոկատները, չլիներ մեր բանակը, չէր լինի նաև արցախյան հաղթանակը:

Հազարավոր երկրապահներ իրենց կյանքի ու առողջության գնով պաշտպանեցին մեր հայրենիքը, չկա մեկ կամավորական, որն իր առողջությունը կորցրած չլինի պատերազմում: Փոխվեց տղաների անձնական ճակատագիրը, ընտանիք, մասնագիտություն մոռացած նվիրվեցին հայրենիքին: Եվ այսօր մեկ հոգու կամ մի քանիսի պատճառով պետք չէ  տղաներին նույն արշինով չափել:

Զրուցեց՝ Արմինե Սիմոնյանը


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /