• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 16, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
11.07.2018 | 15:00

Արհավիրք, որից դեռ կարելի է խուսափել

    Երբ ոստիկանության ջանքերով  Մայր Աթոռի տարածքը, կարծեք թե, վերջապես ազատագրվեց մեր «հոգևոր և հավատացյալ սերուցքից» և այդ փաստը բուռն ուրախություն առաջացրեց համացանցում, անմիջապես զգուշացրեցի ընկերներիս. սա ժամանակավոր նահանջ է:

   Մեր հասարակության մի հատվածը, օգտվելով երկրում տեղի ունեցած փոփոխություններից, ինչ-ինչ պատճառներով նպատակադրված կազմաքանդում է պետության հիմքերը: Ովքե՞ր են այդ մարդիկ և ո՞ւմ կողմից են ուղղորդվում. այս հարցերին պետք է պատասխանեն ժողովրդի վստահության մանդատը ստացած իշխանությունները և դա անեն շատ արագ, քանի որ դեպքերը զարգանում են չափազանց անբարենպաստ ուղղությամբ: Հիմնավորեմ ասածներս:

  Հոգևոր անհասկանալի կերպար և բարոյական նույնպես անհասկանալի հայացքներ ունեցող ոմն Կորյուն մի քանի տասնյակ կողմնակիցների հետ որոշեց իր ձեռքը վերցնել սիրո հեղափոխության ղեկը՝ հիմա էլ հոգևոր դաշտում: Ի սկզբանե պարզ էր, որ այդ նախաձեռնությունը չի հաջողվելու, պարզ էր, որ սա փորձաքար է, որին հետևելու է մի նոր ու հուժկու հարված Հայաստան պետությանը: Շատ կարճ բացատրեմ՝ ինչո՞ւ. Նման «հոգևոր իշխանափոխությունը» առաջին հերթին չի ընկալվի և չի ընդունվի Սփյուռքի կողմից, որն այսօր սպասում է ազգային միախմբման՝ դրանով պայմանավորելով իր հետագա քայլերը: Սա պարզ և հասկանալի պրագմատիզմ է: Սակայն Մայր Աթոռից դուրս գալուց առաջ սույն Կորյունը ևս մեկ հրապարակային արտահայտություն արեց, այս անգամ՝ Սպարապետի հասցեին և նույնիսկ վերլուծական ունակություններ էլ չէին պահանջվում հասկանալ, որ հաջորդ հարվածները հասցվելու են այդ ուղղությամբ:

Այդպես էլ եղավ: Անմիջապես համացանցում հայտնվեց և լրատվամիջողցների կողմից սկսեց տարածվել մի «խիստ իրազեկված» տիկնոջ ֆեյսբուքյան գրառում, որում նա, իր կարծիքով, հասարակության առաջ բացեց Վազգեն Սարգսյանի իրական կերպարը: Թողնենք այն փողոցային բառապաշառն ու անհեթեթ մեղադրանքները, որով նա, դարձյալ իր կարծիքով, երկրորդ անգամ «հողին հավասարեցրեց» լուսահոգի Սպարապետին: Ահավորը սույն տիկնոջ կողմից արված ռեզյումեն էր, որն ուղղակի չի կարելի չբերել ամբողջությամբ.

«ԻՍԿ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԴԵՌ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՔ, ԹԵ ԻՆՉՈՒ՞ ԿՐԱԿԵՑ ԱԶԳԱՆՎԵՐ ՆԱԻՐԻՆ ԵՎ անգիտաբար դառնալով այս ազգային չարիքի մետաստազների խոսափողը` Նաիրիին հանիրավի համարում եք Քոչարյանի կամակատար ու փակում վարագույրը Վազգենի իրական հրեշավոր կերպարի առաջ, որ նոր սերունդը երբ հարց տա, թե «Նաիրին ինչու՞ սպանեց «հերոս» Վազգենին», պատասխանը լինի, թե իբր «կամակատարն էր Քոչարյանի» և չբացահայտվի իրականությունն ու չասվի, որ իրականում Վազգենը ոչ բանակում էր ծառայել ,ոչ երբևէ սահման էր գնացել, ոչ որևէ մարտի էր մասնակցել, ոչ էլ մարտ էր առաջնորդել, որ հերոս համարվեր ու սպարապետ և ազգի համար ամենամեծ չարիքն էր նա և դավաճանը, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՆԱԻՐԻՆ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԵՑ ԱՅԴ ՉԱՐԻՔԻՑ...

ԻՍԿ ԴՈՒՔ ՍՐԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՔ ԿՈՒՌՔ... ԱՀԱ ԹԵ ՈՐՔԱՆ ԽԵՂՃ ՈՒ ԱՆԱՌՈՂՋ ԵՔ ԴՈՒՔ` ԽԱԲՎԱԾՆԵՐԴ...». մջբերման ավարտը:

Այստեղ հարցեր են առաջանում առաջին հերթին՝ ուղղված պետական անվտանգության մարմիններին: Ինչպիսի՞ն են լինում պետականության դեմ ուղղված ահաբեկչական կոչերը, եթե ոչ նման բարբաջանքները:

 Որտեղի՞ց է սույն տիկինը տիրապետում նման տեղեկվածության, որը բացահայտ ու հրապարակային  հայտարարություն է պետական դավաճանության և ծանրագույն հանցագործությունների մասին, որը պետք է անհապաղ ընդունվի քննության համապատասխան մարմինների կողմից:

արդյոք, պարզ չէ՞, որ մեր պետականության խորհրդանիշերի դեմ /Հայ առաքելական Եկեղեցի, պատերազմում հաղթանակած Սպարապետ/ ձեռնարկված այս կատաղի արշավին  ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ հետևում են մեր թշնամիները, քանի որ համացանցը լիովին տալիս է այդ հնարավորությունը:

արդյոք, ակնհայտ չէ՞, որ երբ գա ժամանակը, միջազգային իրավասու   ատյաններում այս ամենը՝ մեր իսկ աղբյուրների կողմից սիրահոժար տրամադրված տեղեկատվությունը, շատ կազմակերպված  ձևով կուղղվի Արցախի ազգային ազատագրման պայքարի արդյունքների վերջնական վիժեցմանը:

Հաջորդ հարցս. որքանո՞վ է Եկեղեցու և Վազգենի դեմ ձեռնարկված, անշուշ, որոշակի շահագրգիռ ուժերի կողմից ուղղորդվող պայքարը նպաստում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմաններում կանգնած զինվորների, ինչպես նաև՝ հրամանատարական կազմի մարտունակությանը: Արդյոք, չե՞ք կարծում, որ տվյալ դեպքում գործ ունենք ևս մեկ փորձնական քայլի հետ, որով ցանկանում են ստուգել մեր ժողովրդի զգոնությունը և թույնի հերթական չափաբաժինը ներարկել սիրո հեղափոխության երակների մեջ, ինչը դավադրություն է առաջին հերթին հեղափոխության դեմ:  Արդյո՞ք խնդիր չունենք բացահայտելու այս ուժերին:

Եվ վերջապես, արդեն զուտ բարոյական հարթության մեջ, իսկ ի՞նչ անենք այս պարագայում Կարեն Դեմիճյանի, Յուրի Բախշյանի, Հոկտեմբերի 27-ի սպանդին զոհ գնացած այլ քաղաքական գործիչների հետ: Նրանք էլ էի՞ն Գրաչովի ու Վազգենի ընկերակցությամբ «թշնամու հետ գործարքի մեջ մտել»:

Հարգելիներս, շատ լուրջ է իրավիճակը: Ժողովուրդը հավատաց նոր իշխանություններին, սատարեց նրանց և պատրաստ է շարունակել դա անել: Սակայն սատարելը նաև հիշեցնել է. հեղափոխությունը երբեմն լափում է իր զավակներին /հիշո՞ւմ եք Դանթոնին/:

Իշխանության համար եկել է պահը հստակ և աներկիմաստ կերպով հայտարարելու ժողովրդին, որ երբե՛ք և ոչ ոքի թույլ չի տրվի սասանել մեր պետության հիմքերը: Իսկ մենք բոլորս՝ որպես հայրենասեր և պետականամետ քաղաքացիներ, անկախ տարիքից, սեռից, քաղաքական հայացքներից,  պատրաստ ենք կանգնել ձեր թիկունքին, եթե առաջանա դրա անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում, նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե ի~նչ արհավիրքներ են սպասում ոչ միայն Հայաստանին, այլ ողջ հայությանը:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /