• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
11.07.2018 | 21:00

Էրդողանը ՆԱՏՕ է տանում Ալիևին

  Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բաքվից Անկարա էր մեկնել վարչապետ Նովրուզ Մամեդովի գլխավորած պատվիրակությունը: Իսկ արդեն հաջորդ օրը Թուրքիայի նախագահը պաշտոնն ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցը կատարեց:  Ըստ ավանդույթի՝ դա Ադրբեջանն է: Էրդողանը Բաքվում այցելել է Հեյդար Ալիեւի եւ նրա կնոջ՝ Զարիֆա Ալիեւայի շիրիմներին, ծաղկեպսակ է դրել «շեհիդների ծառուղում» և  թուրք «ազատարար զինվորի» հուշարձանին: Ըստ էության, դա արարողակարգային-խորհրդանշական այց էր, որի ընթացքում թուրքական երկու պետությունները վերահաստատել են «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով հարաբերություններ կառուցելու մտադրությունը: Բայց դա միայն առաջին հայացքից է այդքան պարզ և միանշանակ թվում:

    Էրդողանի առաջին արտասահմանյան այցը Բաքու կազմակերպելու համար Ադրբեջանում զգալի ջանքեր են գործադրվել: Հատկապես ուշագրավ է, որ նախօրեին Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարել է Բաքվում «Իստեկ» վարժարանների ցանցը փակելու մասին: Շուրջ երկու հազար աշակերտ մնացել է դրսում: Նրանց ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել կրթության նախարարության շենքի դիմաց, սակայն՝ ապարդյուն: Իշխանությունների որոշումը վերջնական է: Դա կատարվել է Թուրքիայի պահանջով: Վարժարանների այդ ցանցը համարվում է Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենի կրթական նախագիծը, որի միջոցով նա առաջ է տանում քաղաքական շահեր:

 Գտնվելով Բաքվում՝ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը՝ գյուլենականության դեմ պայքարում Թուրքիային եւ անձամբ իրեն սատարելու համար: Երկու երկրների միջեւ, այսպիսով, գոյություն ունեն ոչ թե իրավահավասար, այլ աստիճանահարգ հարաբերություններ, որտեղ Թուրքիան հանդես է գալիս թելադրողի դերում: Այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, եւ Էրդողանն այդ մասին Բաքվում հայտարարել է Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որ միջազգային ամենատարբեր հարթակներում Թուրքիան ներկայացնում եւ պաշտպանում է նաեւ Ադրբեջանի շահերը: Դա հատկապես տեսանելի է Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ առթիվ Էրդողանը հետաքրքիր ձեւակերպում է արել՝ ասելով, որ Թուրքիան կատարում է իր վրա դրված պարտականությունը:

   Ընդ որում, նա Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցերը դիտարկել է նույն հարթությունում: Նախիջեւանի պարագայում, թերեւս, ինչ-որ պարզություն կա: Թուրքիան Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով հանդես է գալիս որպես Ադրբեջանի ենթակայության տակ Նախիջեւանի առանձնահատուկ կարգավիճակի երաշխավոր: Բայց եթե Էրդողանը ներառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ապա ծագում է տրամաբանական հարց՝ 1921թ. հուլիսի  5-ի որոշումը, որով ԼՂ-ն բռնակցվել է Ադրբեջանին նո՞ւյնպես ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունք էր: Այսինքն, նույն թվականին  Մոսկվայում ստորագրված  պայմանագիրը գուցե ունի ինչ-որ գաղտնի հավելվա՞ծ, որտեղ կանխորոշված է ԼՂ կարգավիճակը: Եթե այդպես չէ, ապա ի՞նչ է այսօր փորձում վերականգնել Թուրքիան: Եւ այդ երկիրն ինչու՞ է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:

 Սրանք հարցեր են, որ պահանջում են մասնագիտական մանրամասը վերլուծություն, որից հետո, թերեւս, հարկ կլինի անել նաեւ քաղաքական հետեւություն՝ պահանջելով Մինսկի խմբից հեռացնել Թուրքիային՝ որպես բուն շահագրգիռ կողմի: Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը բաց տեքստով հայտարարել է, որ Թուրքիան սատարում է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ցանկացած, այդ թվում և՝ պատերազմական գործողության: Այդուհանդերձ, Էրդողանի այցի ամենաուշագրավ ենթատեքստը ՆԱՏՕ վեհաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցության հարցի վերջնական լուծումն էր: Մինչեւ վերջին պահը ադրբեջանական կողմն այդ մասին լռում էր: Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ վեհաժողովի բուն հարցը «ռուսական ագրեսիային դիմակայելն» է: Ալիեւը, հավանաբար, սպասում էր, որպեսզի հետագա բարդություններից խուսափելու երաշխիքներ ստանա Թուրքիայից: Եւ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ իր «եղբայր Իլհամ Ալիեւին տանում է ՆԱՏՕ»:

   Թուրքիան, այսպիսով, երաշխիքներ է տալիս, որ Ալիեւի Բրյուսել ուղեւորությունը Մոսկվայում շատ սուր համազդեցության չի արժանանա: Բայց ի՞նչ խնդիր ունի Ալիեւը, որի լուծումը նա փնտրում է ՆԱՏՕ վեհաժողովի կուլուարներում: Խոսքը, հավանաբար,  քաղաքական աջակցության մասին չէ: ՆԱՏՕ-ն ԼՂ կարգավորմանը ներգրավված չէ: Մնում է ենթադրել, որ Բրյուսելում, ոչ առանց Էրդողանի աջակցության, Ալիեւը փորձելու է ՆԱՏՕ անդամ առանձին երկրների առաջնորդների հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր:

   Օգոստոսի 30-ին անոնսավորված է Պուտին-Ալիեւ հանդիպում: Պետք է սպասել Մոսկվայի արձագանքներին:

 

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /