• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
12.07.2018 | 20:28

Փաստերի հետ չեն վիճում

  Սահմանակից հարևանների վտանգավորության աստիճանը կամ բարեկամության չափը որոշելու մի հետաքրքիր բանաձև կա միջազգային պրակտիկայում: Երկու հարցադրում պարունակող այդ բանաձևով հնարավոր է հերթով ֆիլտրել հարևաններին ու նրանց խմբավորել վտանգավոր կամ անվտանգ դասի մեջ:

 

 

-Հարևան երկիր, որը քո պետությունը բնաջնջելու քաղաքական կամք ունի:

-Հարևան երկիր, որն այդ կամքը իրագործելու համար բավարար ռեսուրսներ ունի:

 

Հայաստանին սահմանկից է չորս պետություն: Հյուսիսից՝ Վրաստանը, հարավից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, արևելքից՝ Ադրբեջանը, արևմուտքից՝ Թուրքիան: Եվ ուրեմն դիտարկենք մեր աշխարհագրական հարևաններին մեր ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից:

 Վրաստանը չունի Հայաստանը ոչնչացնելու քաղաքական կամք և ոչ էլ ունի բավարար ռեսուրս: Այսինքն ամենաանվտանգ հարևանն է:

  Իրանը թեև գործնականում ունի նման ռեսուրսներ, բայց չունի Հայաստանը բնաջնջելու քաղաքական կամք: Այսինքն՝ երկրորդ աստիճանի անվտանգ հարևան է:

 Ադրբեջանը թեև ունի հայկական պետությունը ոչնչացնելու քաղաքական կամք, բայց չունի դրա համար անհրաժեշտ հզորություն ու ռեսուրս: Այսինքն՝ վտանգավոր հարևան է տեսականորեն, բայց առայժմ ոչ գործանակորեն:

  Եվ ահա, միայն Թուրքիան է, որ Հայաստանը ոչնչացնելու թե՛ քաղաքական կամք ունի, և թե՛ բավարար հզորություն: Այս իմաստով, Թուրքիան եղել ու մնում է ամենից մեծ վտանգ ներկայացնող հարևանը: Եվ դեռ տեսանելի ապագայում կշարունակի լինել այդպիսին: Միայն ռազմաքաղաքական նպատակահարմարության հարցն է, որ Թուրքիային առայժմ բաժանում է սեփական կամքը սեփական ռեսուրսներով իրագործելուց:

 

 Առանց շատ հեռու գնալու՝ դեպի պատմաքաղաքական փաստերի ժամանակագրություն, վերհիշենք ամենավերջինը՝ արցախյան ազատամարտի ժամանակ հայ-թուրքական սահմանի փակումը ցամաքային և օդային: Պարզ է, որ պատերազմի մեջ գտնվող հարևանի նկատմամբ շրջափակման քաղաքականություն կիրառելն անկասկած թշնամական գործողություն է: Եվ ուրեմն, ակնհայտ է, որ մեր արտաքին քաղաքական օրակարգում Թուրքիան ունի առանձնապես վտանգավոր կարգավիճակ, քան Ադրբեջանը: Իսկ երկուսը միասին Հայաստանի ապագայի գլխին կուտակվող սև ամպեր են:

 

   Հիմա գանք մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հանգամանքին: Սահման չունենք հետը, բայց ունենք ամենասերտ հարաբերությունները հանրային ու պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Մոլորակի ցամաքային մակերեսի ավելի քան 12 տոկոսը զբաղեցնող այս հսկայական երկրի հետ հայ ժողովուրդն իր հույսն ու հավատը կապել է 18-րդ դարից: Ոմանք Ռուսաստանին մեծարում են հայության փրկիչը լինելու, ոմանք մեղադրում են հայության մատնիչը լինելու համար: Մի մասը մեր պետության զարգացման խոչընդոտ է համարում ռուսական գործոնը, մի մասն էլ այդ գործոնի մեջ է տեսնում մեր պայծառ ապագան:

   Սույն հոդվածի նպատակը հայ-ռուսական հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը բացահայտելը չէ, այլ՝ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական ռազմական գործարքները հասկանալ փորձելը: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այսինքն մեր անվտանգության համակարգն ուղիղ կապված է Ռուսաստանի հետ: Նախկինում հայերը միշտ հանդես են եկել ռուսների օգտին, լինենք դրանք ռուս-պարսկական պատերազմները (2), թե ռուս-թուրքական պատերազմները (4) և թե երկու համաշխարհային պատերազմները:

   Մինչդեռ համեմատության համար հիշենք Հայաստանի առաջին հանրապտետության մղած երկու պատերազմը Թուրքիայի դեմ (1918թ. և 1920թ): Առաջինի ժամանակ ռուսները պահպանեցին անտարբեր չեզոքություն, երկրորդի ժամանակ զենք մատակարարեցին քեմալական թուրքերին ու տրամադրեցին ռազմական խորհրդականներ: Իսկ ահա հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ փլուզվող Սովետմիությունը 22 անգամ ավելի շատ զինամթերք տրամադրեց ադրբեջանցիներին, քան՝ հայերիս: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝  1991-ին Ադրբեջանը ԽՍՀՄ-ից ստացել է 11.000 վագոն զենք, Հայաստանը՝ 500 վագոն: Կան փաստեր, որ բազմաթիվ ռուս զինվորականներ կռվել են ադրբեջանցիների կողմից: Հանրահայտ «Կոլցո» օպերացիայի հետևանքով ամբողջովին տեղահանվեց հյուսիսային Արցախի և Շահումյանի հայությունը: Նույնիսկ կա Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարարի վկայությունը, որ իրենք Շահումյանը և Մարտակերտը գրավել են ռուսների օգնությամբ: Այս հետահայաց ակնարկը թող բնավ չընկալվի իբրև հակառուսական դիրքավորում: Սրանք պիտի դիտել ուղղակի որպես փաստերի անաչառ համադրություն:

 

 

Եվ հիմա խորապես մտահոգիչ է այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեզ անմիջական վտանգ ներկայացնող երկու հարևանին էլ վաճառում, է զինտեխնիկա: Բավարարվենք վերջին ամենաթարմ օրինակով՝ բոլորովին վերջերս Ռուսաստանը և Թուրքիան կնքեցին ավելի քան 2.5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր, համաձայն որի՝ թուրքական բանակը կհամալրվի ռուսական արտադրության «S-400» զենիթահրթիռային համակարգերով: Դրան նախորդել էր ու դեռ հաջորդելու է միլիարդավոր դոլարների զենքի առևտուր Բաքվի ու Մոսկվայի միջև: Եվ այստեղ Հայաստանի դրությունը նախանձելի չէ և նույնիսկ տրամաբանական չէ, թե ինչպես և ինչու ռազմավարական դաշնակիցդ ակտիվորեն զինում է քո երկրին ռազմական սպառնալիք ներկայացնող պետություններին: Մոսկվան Հայաստանի համար թշնամական երկրներին զենք վաճառելը պատճառաբանում է առևտրատնտեսական շահերով: Մինչդեռ քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ ռազմավարական դաշնակիցները պատրաստ են եղել միմյանց համար տնտեսական կորուստներ կրել հանուն ստրատեգիական հեռահար նպատակների: Հակաստանի դեպքում ամեն ինչ այլ է. մեր ամենաբարեկամ երկիրը զանգվածային ոչնչացման զենք է վաճառում մեր ամենավտանգավոր թշնամուն:

   Ասում են՝ ով կմոռանա անցյալը, կզրկվի ապագայից: Այդպես է մարդու դեպքում, այդպես է պետության դեպքում: Ռուսաստանին քննադատելուց ավելի շուտ և ավելի շատ գուցե մեղադրենք ինքներս մեզ, որ 27 տարվա ընթացքում այդպես էլ մե զհամար չապահովեցինք ռազմավարական այլընտրանք, ինչի արդյունքում էլ այսօր Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պատրանք: Վկա՝  ռուսական զենքի խմբաքանակները դեպի թուրքական ու ադրբեջանական բանակներ:

 

 ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ



    Լրահոս
    Քաղաքականություն
    Փաշինյանը բանակցություններ կհրավիրի քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /