• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
16.07.2018 | 17:05

Այսօր աշխարհը գործ ունի բոլորովին ուրիշ Ադրբեջանի հետ

  Հուլիսի սկզբից Ադրբեջանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով ամբողջ հանրապետությունը հոսանքազրկվել էր, դարձել է լայնածավալ զորավարժությունների խաթարման պատճառը: Բաքվի համար դա ուղղակի աղետ էր բոլոր, բայց առաջին հերթին՝ քաղաքական առումով: Աշխարհի համար տեսանելի դարձավ, թե որքան խոցելի են այդ երկրի ենթակառուցվածքները:

 

 Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման մասին խոսող իշխանություններն ստիպված էին խոստովանել, որ տարիներ շարունակ կատարված ներդրումներն իրենց նպատակին չեն ծառայել: Եւ չնայած բարձրագոչ հայտարարություններին, կատարվածի համար առայսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

 

 Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում կոռուպցիան եւ գանձագողությունը համակարգային են, մեկ պաշտոնյայի տեղաշարժը կարող է բերել ամբողջ բուրգի փլուզմանը:

 

    Էներգետիկ աղետից մի քանի օր անց մահափորձ կատարվեց Գյանջայի քաղաքապետի դեմ: Ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յունիս Սաֆարովը, որին Գյանջայում անվանում են «ժողովրդական վրիժառու» եւ հերոսացնում: Պատկան մարմինները Սաֆարովին համարում են իսլամական ահաբեկիչ, որի քայլերն ուղղորդվել են արտերկրից: Խոսքն ակնհայտորեն Իրանի մասին է, քանի որ մատնանշվում է, որ Սաֆարովը մի քանի ամիս գտնվել է իրանական Ղում քաղաքում, անցել մարտական պատրաստության դասընթացներ, ապա անցել Սիրիա, որտեղ մասնակցել է Իսլամական պետության խմբավորումների դեմ զինված պայքարին:

 

  Ադրբեջանական հատուկ ծառայությունները Գյանջայում գործողություններ են իրականացրել: Ձերբակալվել է քսաներկու անձ: Նրանք մեղադրվում են ընդհատակյա խումբ ստեղծելու եւ պետական պաշտոնյաներին սպանելու միջոցով զանգվածային անկարգություններ հրահրելու, այդ ձեւով սահմանադրական կարգը տապալելու եւ կրոնապետություն հաստատելու նպատակների մեջ: Գյանջայում երկու բարձրաստիճան ոստիկան է սպանվել: Պետական քարոզչությունը նրանց դասել է «շեհիդների»՝ հանուն հայրենիքի անկախության նահատակվածների, շարքում:

    Երեւույթի հանրային ընկալումը, մինչդեռ, բոլորովին այլ է: Այդ է պատճառը, որ դատախազությունը քրեական գործեր է հարուցել մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների դեմ: Նրանք մեղադրվում են «արմատական գաղափարներ քարոզելու» մեջ:

 

    Խոսքն այն մասին է, որ հիշյալ լրատվամիջոցները փորձել են ներկայացնել իրականությունը, այն, որ Գյանջայի բնակչությունը, տասնամյակներ շարունակ լինելով իշխանություններից հալածված, արդարացնում են քաղաքապետի դեմ մահափորձը եւ ոստիկանների սպանությունը, համարում, որ գործով ձերբակալվածներն արդարության համար պայքարի առաջամարտիկներ են:

 

    Ըստ երեւույթին, այդ տրամադրություններն Ադրբեջանում համատարած են, եւ իշխանությունները հակազդեցության այլ միջոց չեն գտնում, քան՝ ոստիկանական եւ հատուկ ծառայության մարմինների կոպիտ միջամտությունը: Անցած հանգստյան օրերին լայնածավալ գործողություններ են իրականացվել Սումգայիթ քաղաքում:

 

  Չնայած պետական քարոզչության ստեղծած կերպարին, իրականում Սումգայիթը մնում է սոցիալական աղետի գոտի: Քաղաքում բարձր է հանցավորության մակարդակը, քանի որ սոցիալական հարցերը տասնամյակներով չեն լուծվում: Այդ հողի վրա լայնորեն տարածվում են իսլամական արդարության գաղափարները:     Սումգայիթում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ:

 

   Ըստ տեղեկությունների, նրանք հիմնականում գործազուրկ երիտասարդներ են, որոնք կյանքի իմաստը տեսնում են հարուստներից խլելու եւ աղքատներին բաժանելու նպատակն իրականացնելու մեջ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումներից կարելի է գալ եզրակացության, որ այդ երկրում բնակչության գերակշիռ մեծամասնությունն իր կրոնական պահանջմունքները բավարարում է պաշտոնական հաստատություններից դուրս: Ոչ մի հավատ չկա Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի եւ նրա ենթակայության կրոնական սպասավորների նկատմամբ:

 

   Ստեղծվում են կրոնական ինքնուրույն համայնքներ, որտեղ քարոզվում են սոցիալական արդարության համար պայքարի գաղափարներ: Իշխանություններն այդ գաղափարները համարում է ահաբեկչական, հակապետական: Ալիեւյան ռեժիմը, փաստորեն, ստանում է արժանի պատասխան: Իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական այլախոհության բացարձակ ճնշման պայմաններում իշխանությունը հասարակության ամենաստորին խավերից ստանում է իսլամական հեղափոխության ահազանգ: Այսօր աշխարհը գործ ունի բոլորովին այլ Ադրբեջանի հետ:

 

   Ակնհայտ է, որ Ալիեւի իշխանության տապալման ժամանակի հետհաշվարկն սկսված է: Շահագրգիռ ուժերին մնում է այնպես անել, որ դա տեղի չունենա իսլամական հեղափոխության ձեւով, քանի որ այդ դեպքում կվտանգվի ամբողջ տարածաշրջանի ապագան:

 

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /