• USD 483.14
  • GBP 613.64
  • EUR 549.38
  • RUB 7.23
  • GEL 187.41
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
20.07.2018 | 12:56

Փանիկից վատ հոտ է գալիս

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուս զինվորականների կազմակերպած զորավարժությունները եւ դրանց հետեւած տարբեր կողմերի հակասական արձագանքները ձնագնդի նման պտտվելով՝ սպառնում են լուրջ ճգնաժամ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում։ 

   Դատելով նոր իշխանավորների նախնական ու ակնհայտորեն հապշտապ գնահատականներից, նրանք անգամ չեն էլ որոշել, թե ինչ դիրքորոշում են որդեգրելու տեղի ունեցածի հանդեպ։ 


  
ԱԱԾ-ի տնօրենը տեղի ունեցածը համարում է անփութության հետեւանք եւ որեւէ քաղաքական աստառ չի տեսնում։
  
Իսկ ահա վարչապետն այնպիսի տարօրինակ հայտարարություն է անում, որն անլուծելի ռեբուս է հիշեցնում՝ «Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Մեղավորներին պետք է գտնել եւ պատասխանատվության ենթարկել»։     Ստացվում է, որ ռուսական ռազմակայանի զինծառայողները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, իրենք են սադրում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու գործընթացը, միգուցե ավելի հարմար վայրո՞ւմ ծառայելու համար։


  
Այստեղ ինչ-որ բան այն չէ, մանավանդ որ ընդամենը մեկ օր անց՝ հուլիսի 18-ին, Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչներն ու Գյումրիի ռազմակայանի հրամանատարը արդեն պաշտոնապես ներողություն են խնդրել միջադեպի համար պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն տեղի ունեցածի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
  
Ինչ-որ բան այն չէ, որովհետեւ հենց նույն օրը՝ հուլիսի 18-ին, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Մ.Բոչարինովը հայտարարել է Իլհամ Ալիեւի մոտալուտ մոսկովյան այցի մասին, երբ նրան այնտեղ սպասում էին արդեն իսկ նշանակված ժամկետներում՝ օգոստոսի 30-ին, ապա՝ սեպտեմբերի 1-ին։


  
Ի դեպ, Ի.Ալիեւը մինչ այդ Իտալիա էր մեկնել հակառուսական ուղղվածություն ունեցող Հարավային գազային միջանցքի շուրջ բանակցելու համար, բայց դա նրան ներվում է։
  
Իսկ ահա մեր ձախողակներին թույլ չեն տալիս անգամ որոշել, թե ով է ներկայացնելու մեր երկիրը այս կամ այն միջոցառման ժամանակ։ Որովհետեւ օրերս Ռուսաստանից դժգոհել են Սանկտ Պետերբուրգում նշանակված՝ ԱՊՀ վարչապետերի հավաքին Հայաստանի առաջին փոխվարչապետ Ա.Միրզոյանի մասնակցությունից եւ առաջ են քաշել Ն.Փաշինյանի ներկայությունն ապահովելու հարցը։


  
Թվում է, մեր երկրի նոր ղեկավարությունը Մոսկվայի համար ինչ-որ անցանկալի քայլեր է արել իր վերջին՝ բրյուսելյան այցի օրերին։ ԱՊՀ վարչապետերի հավաքին հետեւելու է օգոստոսի սկզբին Վրաստանում նշանակված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը, որը միշտ էլ վատ է ընդունվում Մոսկվայի կողմից։ 
       
Բայց խնդիրը միայն դա չէ, քանի որ նման դժգոհության դեպքեր եղել են նաեւ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանն արդեն պաշտոնապես սպառնալիքներ է ուղղել Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ ներառելու վերաբերյալ հայտարարություններ անող արեւմտյան պաշտոնյաներին, եւ այդ պահին Հայաստանի ղեկավարության վարքագիծը նրան հիշեցրել է կեսարյան անմահ «Եվ դո՛ւ Բրուտոս»-ը։ 

   Եվ ահա նման պայմաններում վարչապետի բրյուսելյան այցի օրերին ռուսական մամուլը մեծ ու ակնհայտորեն անհամաչափ աղմուկ էր բարձրացրել Հայաստանի արտաքին քաղաքականության արեւմտյան տրենդի շուրջ։ 

   Եվ դա այն պարագայում, երբ Ն.Փաշինյանի բրյուսելյան այցը ձախողված է համարվում Հայաստանի արեւմտյան ինտեգրման հեռանկարի տեսանկյունից, որովհետեւ այնտեղ մեզ ընդամենը 10 միլիոն եվրոյի օգնություն խոստացան, որին ի պատասխան՝ վարչապետն էլ մատնանշեց, որ նման չափի գումար կարող է ապահովել մեր ամենազոր ԱԱԾ-ի դիմակավորների որեւէ մեծահարուստի մոտ սովորական ռեյդ կազմակերպելու շնորհիվ։

   Ստացվում է, որ Արեւմուտքը մեր փողերն է կտրում, իսկ Ռուսաստանը մի բան էլ սպառնում է վերջինիս հետ հարաբերությունների թվացյալ սերտացման կապակցությամբ։ Ճիշտ ու ճիշտ հայտնի կինոնկարում երջանկահիշատակ Արմեն Խոստիկյանի հնչեցրած արտահայտությունը. «Մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս»։
  

  Իսկ ինչ ենք անելու վաղը, երբ Ռուսաստանը, անհանգստացած լինելով Հայաստանի նոր կառավարության այս ցուցադրական արեւմտամետությունից, մեզ «դեմ է տալու»՝ թվում էր թե արդեն պատմության գիրկն անցած Լավրովի պլանը, այսինքն՝ պահանջելու է 5 շրջանների հանձնումը՝ առանց համապատասխան երաշխիքի։ Կասկած չունենք, որ հենց դրա համար են Ն.Փաշինյանին հրավիրել Սանկտ Պետերբուրգ։


  
Արեւմուտքն աշխատում է երկու ձեռքով՝ իր կողմը քաշելով ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին։ Իսկ քանի որ վերջինս երբեք էլ Ռուսաստանի կողմը չի եղել, Մոսկվայում ակնհայտորեն որոշել են դիմել ավանդական ճոճանակների թափահարմանը։ Ո՞վ վայր կընկնի նրանցից՝ դա արդեն կարեւոր չէ, քանի որ Հայաստանը իր թավշյա հեղափոխությամբ առաջ է ընկել Ադրբեջանից ցուցադրական եւ ոչ թե իրական հակառուսականության կառնավալում։ 


  
Նոր կառավարության տեսքով դրսեւորված նման ակնհայտ շոուն Մոսկվայում գնահատում են որպես իրեն ուղղված մարտահրավեր, որովհետեւ այնտեղ կարծես հատուկ հավաքել ենք սորոսականներին ու նրանց նմաններին՝ ռազմավարական դաշնակցին ի ցույց դնելու համար։ 
  
Մինչեռ ի՞նչ հարց է մինչ օրս լուծել Ն.Փաշինյանը՝ նման «ցնցող» նշանակումների միջոցով՝ սատանային է միայն հայտնի։ Ռուսական արջին բարկացնելու կամ ծաղրելու անհաջող փորձ է սա, որի հետեւանքները արդեն սկսել ենք ճաշակել։

Ուստի չի կարելի հույսը դնել Ադրբեջանին սանձելու եւ արյունոտ պատերազմից հետ պահելու Արեւմուտքի հնարավորության վրա։

 Բաքվի բռնապետը երբեք չի տատանվի մեր անձեռնհասությամբ ընձեռվող նման հնարավորության օգտագործումից։ 
  
Այժմ խրոխտ կեցվածքի ժամանակը չէ՝ խոսքը մեր հազարավոր երիտասարդների կյանքի պահպանման մասին է։ Ադրբեջանին հարկավոր է զրկել իր համար ստեղծվող բարենպաստ ռազմաքաղաքական իրավիճակը օգտագործելու հնարավորությունից՝ բարեհաջող դուրս գալով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ներկա լարվածությամբ պայմանավորվող այն վտանգավոր աքցանի միջից, որում հայտնվել ենք թավշյա հեղափոխության հետեւանքով։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց Աշխարհ» օրաթերթ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /