• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
20.07.2018 | 16:15

Ազգային եկեղեցին կարիք ունի պաշտպանության. Հակոբ Ավետիքյան

   Ոչ միայն մեկնաբանման, այլեւ օրենքի ներկայացման առումով անճիշտ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի անգամ կրկնած հայտարարությունները վերջին շաբաթներին Մայր աթոռում եւ այլուր Վեհափառ հայրապետի դեմ կատարված հակաօրինական եւ հակականոնական ցույցերի ու գործողությունների առթիվ: Ճիշտ է, որ Հայաստանում «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», ինչպես արձանագրված է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետում, սակայն հենց հաջորդՙ 18-րդ հոդվածում, առանձնացնելով Հայ եկեղեցին «Կրոնական կազմակերպություններից», Սահմանադրությունը շատ հստակ կերպով «ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուՙ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությանը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: (Ընդգծումները իմն ենՀ.Ա.): Հետեւաբար, օրենքի կամայական եւ խիստ մասնակի մեկնաբանություն է վարչապետի պնդումը, թե պետությանը չի վերաբերում սահմանազանց ցուցարարությունը վեհարանի դիմաց եւ դիվանատան ներսում:

Ձեռքերը լվանալու այդ կեցվածքը ունի իր անունը կրոնական գրականության մեջ, որը ես չեմ ուզում այստեղ նշել, սակայն ցանկանում եմ ընդգծել մեկ այլՙ շատ ավելի կարեւոր եւ համամարդկային իրավունք, որին ե՛ւ մեր Սահմանադրությունը, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրերը անդրադառնում են անընդհատՙ մարդու իրավունքներ, որոնք բնականաբար վերաբերում են նաեւ Վեհափառ Հայրապետին: Այդ իրավունքներից առաջինը, ըստ մեր Սահմանադրության, «Մարդու արժանապատվությունն անխախտելի է» սկզբունքն է (հոդ. 23): Իսկ հիշենք, թե անցնող օրերին արժանապատվության քանի՜ ոտնահարումներ կատարվեցին Վեհափառի դեմ, հրապարակային զրպարտությունների, վարկաբեկիչ արտահայտությունների, հայհոյանքների, անվանարկությունների ինչպիսի՜ հեղեղ թափվեց նրա դեմ, փորձելով նսեմացնել ոչ միայն անձին, այս պարագայումՙ Հայ եկեղեցու պետին, այլ նույնինքն Հայ եկեղեցուն, միշտ հօգուտ այս օրերին ոգեւորության վերելք ապրող աղանդավորական կազմակերպությունների:

Այս առնչությամբ, մարդու իրավունքների հարցով, կարելի չէ չմատնանշել նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանիՙ գոնե առերեւույթ չեզոք կեցվածքը, ազդու միջամտության բացակայությունը նրա կողմից: Մինչդեռ նա է հանդիսանում Սահմանադրության գլխավոր պահապանը: Էլ չեմ խոսում մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթների չկատարման մասին. ինչ անենք, որ Վեհափառը բողոք չէր ներկայացրել նրա գրասենյակին. նրա՛ պարտականությունն էր բարոյական պաշտպանության տակ առնել Վեհափառին, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու:

Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական պաշտպանությանը, ապա այդ օրերին երեւի ոչ ոք չհիշեց, որ Վեհափառը ունի, ինչպես պետական բարձրաստիճան մի քանի անձնավորություններ, անձեռնմխելիության իրավունք եւ պետք է պաշտպանված լինի ԱԱԾ-ի կողմից: Պարտականություն, որը վերջինս կատարեց միայն վերջինՙ ծայրահեղ լարված պահին:

Օրենքի հաջորդ ոտնահարումն ուղղված էր սեփականության իրավունքին: Մայր աթոռի ու նրա ունեցած կալվածքների սեփականատերը անշուշտ Վեհափառը չէ, բայց նա՛ է ավանդապահը, հետեւաբարՙ իրավաբանական տերը դրանց: Մինչդեռ ցուցարարները իրավաբանական տիրոջ կամքին հակառակ համարձակվեցին մուտք գործել Մայր աթոռՙ վեհարան ու դիվանատուն, որոնք պաշտպանված պետք է լինեին օրենքովՙ որպես մասնավոր տարածք: Թող որ Մայր տաճարի շրջաբակը, որը համարվում է հանրային տարածք, նույնպես ունի առանձին կարգավիճակՙ աղոթասացության, ծիսական արարողությունների եւ եկեղեցական տոնախմբությունների վայր:

Մի քանի ամիս առաջ գրել էի, որ ժամանակն է Պետություն-Մայր աթոռ երկկողմ հարաբերությունները հստակեցնող պայմանագիր կամ պրոտոկոլ ստորագրել, որը կլինի հիմքը փոխադարձ պարտականությունների եւ հարաբերությունների կարգավորման, որից կշահեն ե՛ւ պետությունը, ե՛ւ Հայոց եկեղեցին, եւ ոչ մի պետական պաշտոնյա ու ոչ մի եկեղեցական, անկախ իրենց դիրքից ու հանգամանքից, այնուհետեւ չեն կարող խուսափել պատասխանատվությունից: Այժմ կրկնում են նույնը:

Ի հավելումն այս բոլորի պետք է համաձայնվել վարչապետի հետ, որ, իրոք, խնդիրներ կան նաեւ եկեղեցականների միջեւ, ներսում: Բայց այդ խնդիրները նոր չեն, ունեն տասնամյակների հնություն, բայց ոչ միայն ներսում, այլեւ մեր շրջապատում եւ հատկապես ներկա դարի զարգացումների պայմաններում: Հայ եկեղեցին նույնպես կարիք ունի խորքային բարեփոխումների: Բայց այս մասինՙ ավելի ուշ, ավելի հանդարտ պայմաններում:

 

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ/ԱԶԳ շաբաթաթերթ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /