• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.07.2018 | 15:20

Չգիտեմ՝ նախարարն ի՞նչ է ասել, բայց ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու. Ալեքսանդր Իսկանդարյան

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 Ռուսական 102-րդ ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինի, համագործակցությունը կընդլայնվի և կկատարելագործվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե ՀՀ տարածքում ՌԴ ռազմաբազայի մասին պայմանագրի որոշ դրույթներ կարող են վերանայվել:

  «Չգիտեմ՝ նախարարն ի՞նչ է ասել, բայց ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու: ՌԴ հետ հարաբերությունները կմնան այնպես՝ ինչպես կան: Պաշտպանության նախարարն իր խոսքում, ըստ էության, հենց դա էլ նկատի ուներ: Հայ-ռուսական հարաբերությունները, անվտանգության առումով, շատ ավելի այլ հարթության մեջ են գտնվում», - ասաց քաղաքագետը:

   Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ որևէ արտառոց բան չի եղել.

«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, Հայաստանում կա մարդկանց որոշակի զանգված, որն այդքան էլ  գոհ չէ ՌԴ-ի հետ հարաբերություններից, դրա մասին միշտ խոսվում է, մասնավորաբար, այդ մարդիկ հաճախ խոսում են, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որ  ռազմաբազան ոչ թե անվտանգություն է ապահովում, այլ վտանգներ է ստեղծում, և այլն: Ու այս տրամադրությունը հանգեցնում է նրան, որ ցանկացած իրադարձություն, նույնիսկ փոքր մասշտաբի՝ առաջացնում է մեդիափուչիկ:

 Մինչդեռ իրականում հայ-ռուսական հարաբերությունները՝ անվտանգության ոլորտում, այլ հարթության մեջ են, քան մեդիափուչիկը, դրանք պայմանավորված են տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներով, և այդ իսկ պատճառով նույնիսկ Հայաստանում իշխանության փոփոխությունը չի կարող անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, ուր մնաց, որ նման իրադարձությունն անդրադառնա:

  Իսկանդարյանը նկատեց, թե այսպիսի միջադեպեր էլի են եղել, և դեռ կարող են լինել, մանավանդ, որ իշխանության անցումը հնից նորին՝ ավարտված չէ. «Նոր իշխանությունը, ինչպես լինում է այս տիպի հեղափոխություններից հետո,  հենվում է հասարակական կարծիքի վրա, ինչը նրանց հիմնական հենակետն է: Ու քանի դեռ իշխանության փոխանցումը՝ նախորդից նորին, ավարտված չէ, իսկ առջևում ընտրություններ են, այդ պատճառով նոր իշխանությունն արձագանքում է այն ամենին, ինչը տեղի է ունենում հանրության մեջ»:

Սրա հետ մեկտեղ քաղաքագետը զգուշացնում է. «Ցանկացած նմանատիպ դիսկուրս, սկանդալ վտանգում է հայ-ռուսական հարաբերությունները, ես այս հարցում համամիտ եմ վարչապետի հետ: Այլ հարց է, որ նախկինում հայ-ռուսական հարաբերություններում դերակատարություն ունեցած մարդիկ սովոր են եղել այսպիսի իրավիճակների»:

Քաղաքագետը նաև նկատեց, թե հայ-ռուսական հարաբերությունները ենթարկվել են ավելի մեծ հարվածների, այդպիսին էր Գյումրում տեղի ունեցած սարսափելի դեպքը՝ մի ամբողջ  ընտանիքի սպանությունը, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմը, և այլն:

Անդրադառնալով՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելուն՝ ասաց.«Ովքե՞ր են կանգնած դրա հետևում. սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում, լրատվամիջոցներն արձագանքում են, վերլուծաբանները մեկնաբանում, ու հետո ի սկզբնե փոքր իրադարձությունը վերածվում է մի մեծ աղմուկի»

  Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը Փանիկում կատարվածը որակեց սադրանք, ովքե՞ր էին կանգնած այդ սադրանքի հետևում, քաղաքագետի պատասխանն այսպիսին էր. «Սոցցանցերը և լրագողները: Սա «պանիկա» է: Յուրաքանչուր իրադարձություն «պանիկայով» ընդունելը բնորոշ է հայ հասարակական մտքին, լրագրությանն ու սոցցանցերի վերլուծական մտքին: Եթե այսպիսի ընկալում չլիներ, ապա այդ իրադարձությունները գուցեև անգամ աննկատ անցնեին»:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /