• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
27.07.2018 | 16:17

Ղարաբաղյան հակամարտության մեջ անցյալի անտեսումը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին. Արմեն Այվազյան

  Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը Մոսկվա կատարած այցի  ժամանակ՝ խոսելով ԼՂ հակամարտության մասին, այսպիսի հայտարարություն էր արել, թե. «Իրականում ես, կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը... Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»:

 Պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը՝ կարևորելով ԼՂ հակամարտության մեջ պատմության նշանակությունը  ներկայացնում է իր  դիտարկումները:

  Ըստ պատմաբանի, ղարաբաղյան հակամարտության պատճառներն ու ծագումնաբանությունը, այն է՝ հակամարտության պատմությունը չկարևորելու թեզն ամենևին նոր չէ։

 «Այն շրջանառվում է տակավին 1990-ական թթ. սկզբից ինչպես այս հակամարտության արևմտյան ու մոսկովյան վայ-վերլուծաբանություններում, այնպես էլ միջազգային հայտնի միջնորդների որդեգրած (ու ՀՀ քաղաքական վերնախավին պարտադրված) դիրքորոշումներում։ Հակամարտության պատմությունն ամբողջությամբ անտեսելու գաղափարախոսությունն սկզբից ի վեր դրված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների հիմքում։ Սա այն գլխավոր կառուցվածքային թերություններից է, որը թույլ չի տվել միջազգային միջնորդական առաքելությանը հաջողություն գրանցել։

      Անցյալի անտեսումը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, բնականաբար, չեն ցանկանում վերհիշել 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը, 1920 թ. մարտի 22-26 Շուշիի հայոց կոտորածը, ԼՂԻՄ-ի ապօրինի ստեղծումն ու նրա սահմանների անարդար գծումը, խորհրդային շրջանում իրականացված Նախիջևանի հայաթափումը, Ղարաբաղի հայոց դեմ բռնաճնշումներն ու խտրական վերաբերմունքը, 1988 թ. փետրվարին Սումգայիթում ու 1990 թ. հունվարին Բաքվում կազմակերպված ջարդերը... Բանակցությունների շրջանակների մեջ այս իրադարձությունների ներառումը դնելու է թյուրքական այդ զույգ ֆաշիստական պետություններն անելանելի ծանր վիճակում։

 Հետևաբար, թե՛ քարոզչական առումով, թե՛ դիվանագիտական տեսանկյունից հակամարտության պատմության վերհանումը միշտ աշխատում է մեր օգտին։

Եթե նույնիսկ տիկին Հակոբյանն արտահայտում էր իր անձնական մայրական կարծիքն առ այն, որ «կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս (Ղարաբաղյան) հակամարտությունը», ՀՀ վարչապետի աշխատակազմում կամ ՀՀ ԱԳՆ-ում ու նրա մոսկովյան դեսպանատանը գտնվող փորձագետները պարտավոր էին սրբագրել նրա այս խոսքերը։ Ինչու՞ դա չի արվել։ Կա երկու հնարավոր պատասխան. կա՛մ այդ կառույցներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին խորությամբ տիրապետող մասնագետներ չկան (սա զարմանալի չպետք է հնչի, քանի որ անգամ ՀՀ երեք նախագահներն իրենք բավականին մակերեսային կերպով էին դիտում այդ հիմնահարցը), կա՛մ էլ այդ բառերը դիտավորյալ կերպով են թողնվել ելույթի տեքստում։

 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում պատմության դերակատարությանը բազմիցս եմ անդրադարձել։ Ահա այդ մասին մի հատված դեռևս 20 տարի առաջ հրապարակված՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը» իմ մենագրությունից (Երևան, «Հայաստան» հրատ., 1998, էջ 29-30).

 «Հատուկ պարզաբանության կարոտ է այն հարցը, թե Ի՞ՆՉ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Անգամ հայ դիվանագետներից կարելի է լսել, թե այս հակամարտության կարգավորման մեջ պատմությունն իբր որևէ դեր չունի։ Մեր ռազմավարական մտածողության թերի զարգացումն է պատճառը, որ արևմտյան ռազմավարաբանների և դիվանագետների այս սխալ կարծիքը հեշտությամբ թափանցել է և ընդունվել նաև հայաստանյան դիվանագիտական շրջանակների մեջ։

  Այս կարծիքը ճիշտ է միայն այն մասով, որ մեծ տերություններն իսկապես անտեսում են հակամարտության պատմությունը, սակայն Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիան, Ղարաբաղը և Ադրբեջանը կատարում են իրենց ռազմավարական բոլոր հաշվարկները հակամարտության պատմական անցյալի հիմքի վրա. Թուրքիան և Ադրբեջանը մտավախություն ունենալով, որ, եթե Հայաստանն ամուր պետություն դառնա, կարող է մի օր հարց բարձրացնել ցեղասպանության պատասխանատվության և տարածքային զիջումների մասին, իսկ ՀՀ-ն ու Ղարաբաղը՝ իրավացիորեն վախենալով, որ հայաջնջման քաղաքականությունը դեռևս մնում է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում և հարմար առիթի դեպքում կարող է դարձյալ ողջ թափով գործադրվել»։

 Ավարտելով վերլուծությունը՝ Այվազյանը եզրահանգում է. «Ուրեմն՝ որքանով պատմությունը հակամարտության անմիջական մասնակիցների ռազմավարական մտածողության ու, հետևաբար, որոշումներ ընդունելու և գործելակերպի անբաժան և ազդեցիկ մասն է, այնքանով էլ պատմության դերը հակամարտության զարգացման մեջ չափազանց մեծ է»։



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /