• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
31.07.2018 | 22:37

Չնայած բոլոր հռչակագրերի, 88-ից ի վեր Հայաստանը և Արցախը մեկ ամբողջություն են, միասնական ու անբաժանելի

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ինչ-որ տեղ կարդացի հայ քաղաքագետի գրառումը, եթե Արցախն անկախ պետություն է, ուրեմն Երեւանից, Արտաշատից ինչու՞ գնան այնտեղ զոհվելու:

   Մենք քաղաքական հասունությամբ քիչ ենք աչքի ընկնում, իսկ նման տեսակետները վկայում են, որ մեզանում կան անհատներ եւ խմբեր, որ դժվարանում են հասկանալ մի պարզ ճշմարտություն. չնայած բոլոր հռչակագրերի, 88-ի փետրվարից ի վեր Հայաստանը եւ Արցախը մեկ ամբողջություն են, միասնական, անբաժանելի: Եվ  միշտ է այդպես եղել: Հակառակ դեպքում ,,միացում,, կարգախոսը կմնար, ընդամենը, մի դատարկ խոսք եւ մենք ոչնչի չէինք հասնի:

   Խնդիրը, սակայն, ժամանակ առ ժամանակ դրվում, քննարկվում է այն կտրվածքով, թե ինչու՞ Հայաստանը չի հռչակում Արցախի միավորման մասին: Հարցը տրամաբանական է թվում: Բայց միայն՝ առաջին հայացքից: Խնդիրն, այնինչ, խորքային է: Մասնավորապես, արժե մեկ այլ հարցադրում անել՝ բարձրացնելով Արցախի հարցը՝ հայ ժողովուրդն իր կենսական տարածքն ընդլայնելու խնդիր է դրե՞լ, թե՞ իր մի հատվածի իրավունքների պաշտպանության:

   Այսօր ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի քաղաքականությունը որակում են  էքսպանսիոնիստական, Արցախի խնդիրը ներկայացնում որպես տարածքային հավակնություն, հետագա իրադարձությունները՝ ,,զինված ագրեսիա, ադրբեջանական տարածքների օկուպացում, էթնիկ մաքրագործում,,:

    Հռչակել Արցախի՝ Հայաստանին միավորման մասին, կնշանակի հարցը տեղափոխել Ադրբեջանի հետ տարածքային վեճի կամ պատմական արդարության հաստատման հարթություն:

   Միջազգային հանրությունը կճանաչի՞ Հայաստանի նման որոշումը. ներկա իրավիճակում՝ հազիվ թե: Իսկ դա նշանակում է խնդիրը տանել փակուղի, հակադրվել ամբողջ աշխարհին:

   Մյուս կողմից, սակայն, որքա՞ն է տեւելու այս իրավիճակը: Կա՞ Արցախի փաստացի անկախությունը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու հնարավորություն: Պատասխանը, թվում է, դրական է: Եւ մենք պետք է ազգովի հաշտվենք իրողությունների հետ. Արցախի անկախության միջազգայնացումը հնարավոր է, բայց դա պահանջում է ահռելի ջանքեր: Եւ առաջին հերթին՝ համազգային կազմակերպվածություն: Մենք միասին ենք, բայց երկու պետություն: Միասին ենք որպես ժողովուրդ, որը ձգտում է աշխարհում վերահաստատել իր տեղը, գտնել սեփական առաքելությունը: Երկու պետությունների գոյությունը միջոց է, որպեսզի դրված խնդիրներն ստանան իրենց տրամաբանական լուծումը: Հայ զինվորն Արցախում պաշտպանում է ազգային ինքնության սահմանները, ապահովում հայության պատմական առաքելությունը:

   Մարտական հերթապահության կանգնելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Երեւանից, Արտաշատից կամ Գյումրիից, կամ Հայաստանի այլ քաղաքներից եւ գյուղերից զորակոչված զինվորը լուծում է Հարավային Կովկասում հայկական ինքնության ինքնահաստատման խնդիրը: Այդպես է տնօրինել պատմությունը, իրականությունից փախչել չես կարող: Իսկ թե որքա՞ն է տեւելու նման իրավիճակը՝ դարձյալ հիմնականում կախված է լինելու մեզանից:

  Հայաստանի եւ Արցախի միջեւ բաժանարար գիծ չկա, գոյություն չունի: Այս իրողությունը գնալով արմատավորվում է նաեւ միջազգային ասպարեզում: Համենայն դեպս, Արցախի խնդիրը դիտարկվում է այն կտրվածքով, որ անցյալին վերադարձը բացառվում է: Հարկավոր է զինվել համբերությամբ եւ ամենօրյա տքնաջան աշխատանքով քայլ առ քայլ մոտեցնել այն երազելի պահը, երբ կկարողանանք իրականությունը ձեւակերպել իրավաբանորեն: Կհռչակենք միասնական Հայաստան՝ ներկայիս արեւելյան սահմաններով հանդերձ:

   Մենք երկու պետություն ենք, բայց մերն է արարելու ժամանակը: Ամեն ինչ տնօրինվում է այնպես, ինչպես հասկացվում եւ օգտագործվում է պատմական ժամանակը:

 

 



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /