• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
01.08.2018 | 18:01

Եթե անգամ Հայաստանը գնա փոխզիջումների, Ալիևը չի բավարարվի, և հաջորդ օրը կդնի Մեղրիի ու Սյունիքի հարցը. Կարեն Վերանյան

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի մեդիադաշտում սկսել է ակտիվորեն շրջանառվել Արցախում «հողերի հանձնման» վերաբերյալ հայտնի թեզը, որն առաջ են քաշում հիմնականում Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները: Նախօրեին էլ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը հայտարարել է, թե Արցախի ազատագրված տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։

Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ  լրատվականը զրուցեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի հետ:

«Շատ կարևոր է նկատել, որ նման հայտարարությունները և դրսևորումները, նորություն չեն մեր իրականության մեջ: Հայաստանի անկախացումից ի վեր այդ թեզը առաջարկվել է և հատկապես՝ ՀԱԿ-ի կողմից: Հիշեցնեմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ծրագիրը, համաձայն որի՝ այլընտրանք չկա խաղաղությանը, և պետք է ամեն ինչ անել՝ հասնելու Ադրբեջանի հետ խաղաղության՝ Արցախի հարցում: Խաղաղասիրական մոտեցում, թեև ողջունելի է, սակայն հարց է առաջանում, այդ խաղաղությունն ի՞նչ գնով պետք է ձեռք բերվի, երբ դիմացինդ Ալիևի վարչակարգն է: Այն ագրեսիվ հակահայ դրքորոշումը, որ Ադրբեջանի իշխանությունը սրսկում է ադրբեջանական հասարակությանը, որևէ աղերս չունի խաղաղասիրության հետ: Այս պարագայում, եթե նույնիսկ Հայաստանը գնա փոխզիջումների ու տարածքներ հանձնելու ճանապարհով, Ալիևը չի բավարարվելու ձեռք բերվածով, նա գնալու է մինչև վերջ, և մի օր կդրվի Մեղրիի հարցը, հաջորդ օրը կդրվի Սյունիքի հարցը: Ալիևը նույնիսկ միջազգային հարթակներում է բացահայտ խոսում Երևանի մասին՝ ասելով, որ այն ադրբեջանական տարածք է»,- նշեց մեր զրուցակիցը:

Կարեն Վերանյանն ընդգծեց, որ նմանատիպ հայտարարությունները չպետք է թերագնահատել կամ անտեսել, քանի որ դրանք հղի են ռիսկային հետևանքներով: «Դա լուրջ գործընթաց է, և դրան պետք է լրջորեն վերաբերվել:  Ու քանի դեռ նման քաղաքական դրսևորումներ կան մեր իրականության մեջ, ու կան հասարակության որոշ շերտեր, որ  փորձում են նման մոտեցումները տարբեր ծրագրերի ֆինանսավորմամբ և քաղաքական ենթատեքստերով հրամցնել հասարակությանը, պետք է աչալուրջ լինել»,- ասաց նա:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, մեր հասարակությունը պատրաստ չէ այնպիսի զարգացումների, որոնք ենթադրում են փոխզիջումներ: «Օբյեկտիվ իրականություն կա, որի հետ պետք է հաշվի նստել: Այն գինը, որ վճարվել է Արցախյան պատերազմում, ապա նաև ապրիլյան քառօրյայում, շատ բարձր է, և միանշանակ հայ հասարակությունը պատրաստ չէ գնալ որոշակի փոխզիջման: Մյուս կողմից էլ պետք է քաղաքական այս գործընթացների պատճառով չմատնվել պանիկայի, լինել սթափ և չփորձել այս իրողությունները գնահատել իռացիոնալ հենքերից, լինել հավասարակշիռ, որովհետև այս հայտարարությունները, որ հնչում են, հիմնականում քաղաքական աստառ ունեն»,- նկատեց մեր զրուցակիցը:

Այս պահին Հայաստանը խնդիրներ ունի լուծելու արտաքին քաղաքական դաշտում: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ հարևան պետությունների հետ հարաբերություններում ճշգրտումներ են ընթանում հեղափոխությունից հետո: Քաղաքական այս խճանկարում շահարկել ԼՂ հակամարտության լուծումը՝ հողեր հանձնելու ճանապարհով, վտանգավոր չէ՞ արդյոք Հայաստանի համար՝ հարց ուղղեցինք քաղաքագետին: Ի պատասխան նա նշեց. «Համաձայն եմ այն առումով, որ Հայաստանի արտաքին վեկտորի հետ կապված  որշակի խնդիրներ կան, մասնավարպես, Ռուսաստանի հետ: Այդ խնդիրներն արդեն պաշտոնական բնույթ են ստացել ու արդեն որոշակի կոպտություն է նկատվում: Նման իրավիճակում, իսկապես, արցախյան ուղղությամբ պետք է հնարավորիս ճկունություն ու զգուշավորություն ցուցաբերել, ինչպես դիվանագիտական ճանապարհով, այնպես էլ քաղաքական զարգացումների համատեքստում: Կտրուկ տեղաշարժերն այս ֆոնին կարող է լուրջ ռիսկեր պարունակել: Պետք է գործընթացները տանել սահուն ճանապարհով, լինել ճկուն և փորձել չթերագնահատել ու չգերագնահատել մեր հնարավարությունները, եթե հարցը դիտարկում ենք արտաքին վեկտորի տեսնակյունից»:  



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /